Ամենայն հայոց հայրապետ Գարեգին Բ-ի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր։ Այս տարի այն նշվում է փետրվարի 7-ին։ Ս. Սարգիս զորավարն իր որդուՙ Մարտիրոսի եւ 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի։ Ս. Սարգիսՙ Երիտասարդների եւ սիրո բարեխոս տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլեւ ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է։ Լինելով երիտասարդների եւ սիրահար զույգերի արագահաս բարեխոսը, նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում։ Այդ օրը երիտասարդներն աղոթում են սրբին, որ իրենց երազանքներն իրականանան։ Ժողովրդական ամենատարածված սովորություններից է Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը, մեկ այլ սովորույթի համաձայն, փոխինդով մատուցարանը դնում են տան տանիքին կամ պատշգամբում եւ սպասում Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին, որպեսզի իրականանան երազանքները։
Փետրվարի 7-ին Ս. Սարգիս զորավարի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի Ս. պատարագ, որից հետո կկատարվի երիտասարդների օրհնության կարգ։ Արարատյան հայրապետական թեմը եւ Պողոսյան այգիները սիրով հրավիրում են բոլորին մասնակցելու աննախադեպ տոնախմբության, որի ընթացքում կլինեն ազգային ավանդական խաղեր, համերգային ծրագիր, հյուրասիրություն։ Իսկ ճերմակ ձիով հեծյալն անակնկալ նվերներ կտա սիրահարներին։
Հաջորդ միջոցառումը ցուցահանդես-մրցույթն է, որն իրականացնում են արարատյան հայրապետական թեմըՙ նկարիչների միության հոգաբարձուների խորհրդի հետ համատեղ եւ այն նվիրվում է սիրո արագահաս բարեխոս Ս. Սարգսի տոնին։ Ցուցահանդեսին ներկայացված կլինեն մինչեւ 35 տարեկան երիտասարդ ստեղծագործողների գեղանկարչության, գրաֆիկայի, քանդակի, դեկորատիվ արվեստի նմուշներ։ Ցուցահանդեսը կբացվի փետրվարի 7-ին, ժամը 13.00-ին։
Բացի վերը նշվածներից, եկեղեցիների բակերի տարածքում կանցկացվեն բազմաթիվ տոնախմբություններ, մրցույթներ, հեռաուստա եւ ռադիովիկտորինաներ, ազգային խաղեր, երգչախմբերի, պարախմբերի ելույթներ։ Իհարկե, տոնախմբությանը կմասնակցեն փահլեվաններ, թատրոնի դերասարններ։
Փետրվարի 7-ին, ժամը 18.00-ին Սիրահարների այգում կսկսվի դիսկոտեկը։ Մուտքը բոլոր միջոցառումներին ազատ է բոլորի համար։
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ