Ռաֆայել Վահանյանը վերելքով է հանդես գալիս շախմատի մոսկովյան մրցաշարումՙ տոնելով 4-րդ անընդմեջ հաղթանակը: 6-րդ տուրում հայ գրոսմայստերի գրոհներին չդիմացավ ռուսաստանցի գրոսմայստեր Իվան Պոպովը: Վահանյանը վաստակեց 5 միավոր եւ Սերգեյ Տիվյակովի, Արտյոմ Տիմոֆեեւի, Վիորել Յորդաշնեցկու ու Ալեքսանդր Ռյազանցեւի հետ բաժանում է 4-8-րդ տեղերը: Աղյուսակը 5,5 միավորով գլխավորում են Ալեքսանդր Օնիշչուկը, Յան Նեպոմնյաչնին ու Էռնեստո Ինարկիեւը: Նեպոմնյաչնին 6-րդ տուրում առաջին կես միավորը կորցրեցՙ ոչ-ոքի խաղալով Սերգեյ Տիվյակովի հետ: Իսկ Ինարկիեւն ու Օնիշչուկը հաղթեցին համապատասխանաբար Կուռնոսովին եւ Ցվետուշկինին:
6-րդ տուրն անհաջող էր Գաբրիել Սարգսյանի համար, որն անդրանիկ պարտությունը կրեց: Նրա մրցակիցը գրոսմայստեր Յուրի Յակովիչն էր: Գաբրիելը վաստակել է 3,5 միավոր եւ զգալիորեն նահանջեց աղյուսակում: Ուկրաինան ներկայացնող Յուրի Հայրապետյանը ոչ-ոքի ավարտելով հանդիպումը Դմիտրի Բոչարովի հետ, վաստակեց 4,5 միավոր: 4 միավոր ունի ռուսաստանցի Նիկիտա Մատինյանը, որը հաղթեց Նիկոլայ Պուչկովին: 3,5-ական միավոր են վաստակել Սերգեյ Գրիգորյանցը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Գոռ Հայրապետյանը, Դավիթ Պետրոսյանը, Արթուր Գաբրիելյանը եւ Էդուարդ Բարսամյանը:
«B» խմբի մրցաշարի աղյուսակը գլխավորող երեք հայ շախմատիստներից երկուսը շարունակեցին հաղթարշավը եւ առայժմ առանց միավորի կորստի են ընթանում: Խոսքը Դավիթ Գեւորգյանի եւ Սուրեն Պողոսյանի մասին է, որոնք 6-րդ անընդմեջ հաղթանակները տոնեցին: Դավիթը հաղթեց Ալեքսանդր Գրիշինին, իսկ Սուրենը պարտության մատնեց Դենիս Կուտուզովին: Գեւորգյանն ու Պողոսյանը 6-ական միավորով գլխավորեցին աղյուսակը: Հաջորդ տուրում նրանք մրցելու են միմյանց հետ, այնպես որ նրանցից մեկը կամ երկուսը միասին (ոչ-ոքիի դեպքում) առաջին միավորը կկորցնեն:
5 անընդմեջ հաղթանակներից հետո առաջին կես միավորը կորցրեց Ռոբերտ Աղասարյանըՙ հաշտություն կնքելով Վասիլի Սթեթսի հետ: Նրանք Իվան Բոբիկովի, Իլգիզ Տյուկաեւի, Ալեքսանդր Պավլովի, Մատվեյ Նիկոլոգորսկու եւ Մարիա Կուրսովայի հետ 5,5-ական միավորով հետապնդում են առաջատարներին: Հետապնդողների թվում են նաեւ 5-ական միավոր ունեցող հայ շախմատիստներ Վահագն Խաչատրյանը, Վարդան Մելքոնյանը եւ Սարգիս Մանուկյանը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ