«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#20, 2009-02-07 | #21, 2009-02-10 | #22, 2009-02-11


ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ՆԱԽԸՆԹԱՑ» ՓՈԹՈՐԻԿԸ ԶԱՐԳԱՆՈՒՄ Է ՆԱԵՎ ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Առաջիկա հուլիսին Լիբանանում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների «նախընթաց» փոթորիկը զարգանում է: Արդեն իսկ առաջին զոհը` Հրակ Օգյանը անդամալույծ է դարձել ստացած ավտոմատի կրակոցներից, Բուրջ Համուդի հայկական թաղամասում տեղի ունեցած վիճաբանության եւ զինված բախման պատճառով` գեներալ Նարեկ Աբրահամյանի եւ ՀՅ Դաշնակցության համակիրների միջեւ: Ծագումով լիբանանահայ Հրակ Օգյանը մի քանի տարի ապրել է ԱՄՆ-ում եւ վերադարձել է Բեյրութ, միանալով գեներալ Աբրահամյանի «Ազատ հայեր» կազմակերպությանը, որի անդամների մեծ մասը նախկին դաշնակցականներ են... Նրանք վերջերս Այնճարում, Բեյրութում եւ Բուրջ Համուդում կենտրոններ էին բացել` ֆինանսավորվելով Սաադ Հարիրիի «Ալ Մուսթաքբալ» քաղաքական բլոկից, ինչը խիստ զայրացրել էր տեղի Դաշնակցությանը:

Լիբանանահայ մյուս երկու ավանդական կուսակցությունները` Ռամկավար ազատական եւ ՍԴ հնչակյան կուսակցությունը, պառակտված եւ փաստորեն դժվարին իրավիճակում են հայտնվել լիբանանահայերի կյանքում քաղաքական հավասարակշռություն հաստատելու հարցում եւ այս ընթացքը շարունակվելու դեպքում առաջիկա ընտրություններում կարող են կորցնել վերջին երկու ընտրություններում իրենց ձեռք բերած պատգամավորական աթոռները:

Առայժմ բուռն պայքար է գնում քրիստոնյա ճամբարում` բանակի նախկին հրամանատար, սիրիամետ գեներալ Միշել Աունի եւ քրիստոնյա հակասիրիական ուժերի միջեւ: Գեներալը դաշնակցում է սիրիամետ եւ իրանամետ ուժերի, ինչպես նաեւ «Հզբոլլահ»-ի հետ, դրանով իսկ վերջիններին շնորհելով «քրիստոնեական ծածկ», ինչը խստորեն քննադատվում է «Լիբանանյան ուժեր»-ի ղեկավար Սամիր Ժաաժայից եւ Լիբանանի նախկին նախագահ Ամին Ժեմայելից: Ինչպես լիբանանյան հեռուստատեսության երգիծական մի ծրագրի հայազգի կատակերգակ Պիեռ Շամմասյանն էր հայտնում. «Աստված արաբական երկրներին նավթ է տվել, իսկ մեզ` 14-ը եւ 8-ը...» (քաղաքական երկու հակադիր խմբավորումներին ակնարկելով):

Իսրայելյան ռազմական մշտական սպառնալիքների եւ ներքին հակամարտությունների ֆոնին, ըստ «շրջանառվող» լուրերի, Լիբանանի խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվող կուսակցություններից ոմանք պատրաստվում են ինքնաթիռի տոմս եւ «գրպանի ծախս» տալ արտերկրներում գտնվող լիբանանցի ընտրողներին` ընտրությունների օրերին գալու հայրենիք եւ մասնակցելու քվեարկությանը: Այնպես որ, սպասվում է բավականին թեժ իրադարձություններով լի ամառ, եթե հանկարծ տարածաշրջանային ռազմաքաղաքական նոր իրավիճակ չստեղծվի` հետաձգելով ընտրությունները մինչեւ... անորոշ ապագա:

ՀԱՄՈ ՄՈՍԿՈՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4