ԱՊՀ-ի երկրները ձեռնամուխ են եղել երեքՙ արեւելաեվրոպական, կովկասյան եւ կենտրոնասիական ուղղությամբ հակաօդային պաշտպանության ինտեգրացված տարածաշրջանային համակարգերի ստեղծմանը: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Զելինը:
Վերջինիս խոսքովՙ ժամանակը ցույց տվեց, որ հակաօդային պաշտպանության միացյալ համակարգ ստեղծելու որոշումը «ժամանակին էր ու մտածված»: Նրա գոյության 14 տարվա ընթացքում «փաստորեն հաջողվեց վերածնել Հայաստանի, Ղրղըզստանի եւ Տաջիկստանի ՀՕՊ-ը», իսկ Բելառուսում ոչ միայն պահպանեցին ՀՕՊ-ը, այլեւ դարձրին «ամենահզորներից մեկը Եվրոպայում»: ԱՊՀ-ի երկրների հակաօդային պաշտպանության միացյալ համակարգն ստեղծվել է 1995 թվականի փետրվարի 10-ին: Դրա մեջ մտան Համագործակցության ինը պետությունՙ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը, Թուրքմենստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը եւ Ուկրաինան, հաղորդում է «Արմենպրեսը»: