«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#20, 2009-02-07 | #21, 2009-02-10 | #22, 2009-02-11


ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՍ ՏԱՐԻ ԿԱՆՑԿԱՑՆԻ 4 ԽՈՇՈՐ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Անցած տարվա վերջին կազմավորված սփյուռքի նախարարության անդրանիկ խոշոր ձեռնարկը հայրենադարձության համաժողովն էր, որը լայն արձագանք գտավ ե՛ւ մայր հայրենիքում, ե՛ւ սփյուռքում: «Ազգը» օրերս հանդիպեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ ու խնդրեց տեղեկացնել, թե 2009-ի ապրիլ ամսին անցկացվող «Հայկական ճարտարապետության 21-րդ դարը» միջազգային համաժողովից ինչ ակնկալիքներ ունի նախարարությունը: Տկն Հակոբյանը նշեց. «Մենք հականջալուր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պահանջի` հայ ներուժի հայտնաբերման եւ դրա ներգրավմանը հայրենիքի զարգացման եւ առաջընթացի համար, որոշում կայացրինք կազմակերպել ըստ մասնագիտությունների համաժողովներ: Այս տարի նախատեսել ենք չորս նմանատիպ համաժողով: Առաջինը նվիրում ենք հայ ճարտարապետներին, 2-րդը` հայ իրավաբաններին, 3-րդը` հայ բանկիր-ֆինանսիստներին եւ վերջինը` 1957-77 թթ. Հայաստանի բուհերը ավարտած շրջանավարտների հավաքը»:

Ապրիլի 21-22-ը ծրագրված է հայ ճարտարապետների հավաքը, որն ունի «Հայկական ճարտարապետության 21-րդ դարը» խորագիրը: Համահայկական միջազգային համաժողովում քննարկվող հարցերից նախարարն առանձնացրեց երեք կարեւորները` «նոր տեխնոլոգիաների ներդրումն ու կիրառումը հայ ճարտարապետության մեջ, երիտասարդ ճարտարապետների կրթման, դաստիարակության խնդիրները եւ հայ ճարտարապետական ժառանգության պահպանման, փոխանցման եւ զարգացման հիմնահարցերը»: Հայ ճարտարապետների համաժողովի ընթացքում պլենար նիստերից, ելույթներից ու քննարկումներից բացի կկազմակերպվեն ցուցահանդեսներ` հայ ճարտարապետների աշխատանքների, հայ ուսանողների նախագծերի ու աշխատանքների եւ Հայաստանում ու նրա սահմաններից դուրս հայ ճարտարապետական հուշարձաններին նվիրված Սամվել Կարապետյանի լուսանկարների ցուցահանդեսները: Այդ ամենից զատ նախարարը նշեց, որ կկազմակերպվի ցուցահանդեսների քննարկում` ի հայտ բերելով ու ճանաչելով լավագույն ուսանողին, լավագույն ճարտարապետին: «Համաժողովի գլխավոր ձեռքբերումը կլինի «Հայ ճարտարապետների համահայկական ընկերակցության» խորհրդի ստեղծումը, որի նպատակը կլինի աշխարհի տարբեր խոշոր գաղութներում հայ ճարտարապետների ընկերակցությունների, միավորումների ու համահայկական ցանցի ստեղծումը:

Սփյուռքը կապենք սփյուռքին, սփյուռքը կապենք հայրենիքին ու աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայ ճարտարապետներին համախմբենք այդ խորհրդում: Այսօրվանից հայտարարում եմ, որ որեւէ մեկը չնեղանա, թե ինչու ոչ ինքը, այլ մեկ ուրիշը կընտրվի այդ համահայկական խորհրդի նախագահ, խորհրդի կազմում ընդգրկվածները հերթով` ռոտացիոն կարգով, բոլորը հերթով նախագահելու են, որպեսզի ոչ թե խնդիրը լինի ո՞վ է լինելու նախագահը, այլ թե ինչպիսի հնարավորություններ, ինչպես ենք ներդնելու հայրենիքի զարգացման ու հզորացման համար», պարզաբանեց Հրանուշ Հակոբյանը: Բացի վերը նշվածներից, համաժողովի մասնակիցներին կառաջարկվեն տարբեր զբոսաշրջության ծրագրեր, որոնց թվում կլինի նաեւ հատուկ շրջապտույտ` Արեւմտյան Հայաստանի տարածքում գտնվող հայկական ճարտարապետական կառույցներ:

«Ազգի» այն հարցին, թե համաժողովի ընթացքում անդրադարձ կլինի՞ Երեւան քաղաքում սնկի պես աճող էլիտար շենքերին, որոնք կառուցվում են քաղաքաշինական միջազգային չափանիշներին անհամապատասխան, բազմաթիվ խախտումներով եւ հեռու են հայկական ճարտարապետական տարրերից:

Նախարարը նշեց. «Ես չեմ հավակնում ինքս գնահատականներ տալու: Բնականաբար այդ խնդիրներին կտրվեն համապատասխան լուծումներ, որովհետեւ մասնակիցները շրջելու են ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում, ու այն, ինչ կտեսնեն, դրանք էլ կդառնան ճարտարապետության ու քաղաքաշինության հարցերին վերաբերող քննարկումների առանցքը, կտրվեն գնահատականներ, կառաջարկվեն լուծումներ: Մեր նպատակն է հայ ճարտարապետական միտքը հասցնել միջազգային չափանիշներին»:

Հարցազրույցի առիթն օգտագործելով տկն Հակոբյանը մեկ անգամ եւս նշեց, որ համաժողովը բաց է բոլոր ցանկացողների համար, հրավիրեց բոլոր ցանկացողներին, որ նախապես տեղեկացնեն իրենց մասին, որպեսզի հնարավոր լինի հոգալ նրանց սննդի հարցերը, իսկ կեցության ու տոմսի արժեքները հոգալու են մասնակիցները:

Արդեն 100-ից ավելի աշխարհասփյուռ հայ ճարտարապետների ուղարկվել են հրավերներ, սակայն դեռ 40 տոկոսից է ստացվել դրական պատասխան: Քանի որ շատերի տվյալները բացակայում են Հայաստանի ճարտարապետության թանգարանում, ուստի օգնության կարգով, ովքեր ցանկություն կունենան մասնակցելու համահայկական առաջին ճարտարապետական համաժողովին, պետք է նախապես տեղեկացնեն հետեւյալ էլեկտրոնային հասցեով` architecsforum2009@mindiaspora.am:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4