Հայերի ու վրացիների տարօրինակությունները Բագրատաշեն-Սադախլո անցակետում
Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի մասին այնքան են խոսում, որ հաճախ կարելի է կարծել, թե խոսողներն ավելի շատ են, քան դրա անհրաժեշտությունն է: Հատկապես որ ամեն մի իշխանական նորամուծություն, որ իբր կոչված է լինում պայքարելու կոռուպցիայի դեմ, դառնում է հերթական կոռումպացված օղակը, որի դեմ էլ պայքարելու համար երեւի մի երրորդի ստեղծման մասին են սկսելու մտածել:
Ինչեւէ, կոռուպցիան մեկ բան է, բայց մեկ այլ բան է, երբ պետական ապարատի ճյուղերում զբաղվում են դրամաշորթությամբ: Այլ կերպ դժվար է կոչել այն, ինչ գործառնվում է Բագրատաշենի հայ-վրացական սահմանակետում:
Արդեն մի քանի շաբաթ, «Ազգի» տեղեկություններով, սահմանակետում գործում է չգիտես ինչ տրամաբանությամբ գրեթե պարտադիր ծառայություններ մատուցող մի կետ, որտեղ հայ-վրացական սահմանը ավտոմեքենայով հատելու պարագայում անհրաժեշտ փաստաթղթերը սահմանն անցնողի կամ վերադարձողի փոխարեն պատրաստ են լրացնել ուրիշները` այսպես կոչված ծառայություն մատուցողները` 2000 դրամի դիմաց:
Ստացվում է, որ եթե գնում եք հարեւան երկիր ու վերադառնում, առնվազն 4000 դրամ պիտի վճարեք սահմանն անցնելիս ավտոմեքենայի փաստաթղթերը լրացնելու համար: Տվյալ դեպքում «պիտի» ասվածը բնավ էլ պատահականություն չէ կամ հայերենում այլ կերպ արտահայտվելու փոխարեն հենց այնպեսՙ հենց այդ բառի ընտրություն:
Եվ այս պարտադիրը վերաբերում է պետեկամուտների կոմիտեի բաղկացուցիչ մաքսային ծառայությանը: Ավտոմեքենայի սահմանը հատելիս հենց մաքսայինին են ներկայացվում անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք ինքնուրույն լրացնելու դեպքում ավելի հավանական է, որ երկար մնաս սահմանին, մի քանի անգամ ստիպված լինես մտնել որոշ դռներ ու դուրս գալ ավելի հուսախաբ: Ամեն դեպքում, վարորդների մեծ մասը դժգոհում է, որ ըստ էության փաստաթղթերի լրացմամբ զբաղվող չգիտես որ տրամաբանությամբ սահմանակետում հայտնված «գրասենյակով» անցնելը պարտադրվում է:
Գաղափարը, թե հայ-վրացական սահմանը հատելիս ծախսերի անհրաժեշտություն չկա, սնանկ է, չի գործում, քանի որ ինչպես ժամանակին Երեւանում դեսպանատների տարածքներին կից հայտնվել ու գումար էին վաստակում այդօրինակ գրասենյակիկներ, այնպես էլ հիմա մի նմանօրինակ «կանտորա» հայտնվել է Բագրատաշենի անցակետում: Սակայն դեսպանատների տարածքներին կից բուսնած գրասենյակները փակվեցին ըստ էության հենց դեսպանատներում հնչող այն պահանջից հետո, որ յուրաքանչյուր անձ ինքը պետք է լրացնի իր փաստաթղթերը վիզայի համար դիմելիս:
Հետաքրքրական է, թե ով պիտի «կազմալուծի» Բագրատաշենի անցակետում հայտնված «կանտորան», որ սահմանը հատող յուրաքանչյուր մարդատար ավտոմեքենայի համար գրպանում է 4000 դրամ: Իսկ եթե ամենապարզ հաշվարկով ընդհանրացնենք, որ օրվա ընթացքում սահմանը հատում է 50-ից ավելի մեքենա, պարզ է, որ այս գրասենյակը ձեռնտու ու շատ «մաքուր» բիզնես է, որի մասին երեւի դեռ գլխի չեն ընկել հայ-վրացական մյուս անցակետերում` Գոգավան-Գուգուտիում եւ Բավրայում, որտեղ այդ «հրաշք գրասենյակը» դեռ ծառայություններ չի մատուցում:
Այսքանը դեռ խոսքի վերջը չէ: Բագրատաշենը հայ-վրացական, շեշտենք, հայ-վրացական սահմանակետ է, ուստի դժվար է երաշխավորել, որ մի կողմի տարօրինակությունները համարժեք դրսեւորումներ չեն ունենա մյուս կողմում: Եթե հայկական կողմում «դրամահավաք» է, ապա վրացական կողմն էլ Բագրատաշեն-Սադախլո անցակետում իր «առանձնահատկություններն» է դրսեւորում:
Վրացական կողմը նոր է հիշել Հայաստանում խոզերի աֆրիկյան ժանտախտի դեպքերի մասին եւ մի որոշ ժամանակ առաջ որոշել ու Բագրատաշեն-Սադախլո անցակետում կարանտին է մտցրել: Ի դեպ, ի տարբերություն կարանտին մտցնելու ընդհանուր նորմերի, վրացական կարանտինի դեպքում, պարզվում է, անգամ ժամկետ չի սահմանված:
Անժամկետ կարանտինի ընթացքում Վրաստան անցնող հայաստանցիների մոտից վերցվում ու աղբարկղ է նետվում ողջ սննդամթերքը, անգամ լավաշը: Եվ սա այն դեպքում, երբ գրեթե մեկ ամիս գործող «կարանտինը» ոչ ժամկետ ունի, ոչ հիմնավորում, իսկ ենթադրությունը, թե դա կարող է կապված լինել խոզերի ժանտախտի դեպքերի հետ Հայաստանում, միակ ողջամիտ բացատրությունն է, որ կարող է տրվել այսօրինակ քայլի դեպքում:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ