«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#20, 2009-02-07 | #21, 2009-02-10 | #22, 2009-02-11


ԱՌԱՋԻՆ ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆԸ ԼԱՏՎԻԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՀԵՏ

Այսօր Կիպրոսում կմրցեն Հայաստանի եւ Լատվիայի ազգային հավաքականները

Այսօր Կիպրոսի Լիմասոլ քաղաքի «Ցիրիոն» մարզադաշտում Երեւանի ժամանակով 17-ին կսկսվի Հայաստանի եւ Լատվիայի ազգային հավաքականների ընկերական մրցախաղը: Հայաստանի հավաքականի համար դա նոր մրցաշրջանում անդրանիկ ելույթն է եւ վերջին փորձամրցումըՙ մարտի 28-ին Էստոնիայի հավաքականի հետ կայանալիք ընտրական մրցախաղից առաջ:

Այդ հանդիպմանը նախապատրաստվելու նպատակով հավաքականի ֆուտբոլիստները փետրվարի 7-ից կարճատեւ հավաք անցկացրին Երեւանում, իսկ երկու օր անց մեկնեցին մրցավայր: Հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը հավաքի էր հրավիրել 18 ֆուտբոլիստի: Տարբեր պատճառներով այս անգամ հավաքական չեն հրավիրվել Ռոման Բերեզովսկին, Արման եւ Արտավազդ Քարամյանները, Լեւոն Փաչաջյանը, Ռոբերտ Զեբելյանն ու Համլետ Մխիթարյանը: Վերջին պահին վնասվածքի պատճառով Կիպրոս մեկնող ֆուտբոլիստների ցանկից դուրս մնաց «Բանանցի» կիսապաշտպան Սամվել Մելքոնյանը, որին փոխարինել է փյունիկցի Գեւորգ Ղազարյանը: Հավաքական են հրավիրվել երիտասարդ ֆուտբոլիստներ Արտակ Դաշյանը, Սարգիս Կարապետյանը, Արսեն Բալաբեկյանը (բոլորն էլՙ «Բանանց») եւ փյունիկցի Դավիթ Մանոյանը:

Իր 16-ամյա կենսագրության ընթացքում Հայաստանի ազգային հավաքականն առաջին անգամ է մրցելու Լատվիայի ընտրանու հետ: Իսկ ահա Մերձբալթյան մյուս երկու երկրների ընտրանիների հետ մեր ֆուտբոլիստները ժամանակին հանդիպել են: Լիտվայի ընտրանուն մեր հավաքականը Կաունասում հաղթել է 2-1 հաշվով: Էստոնացիների հետ հայ ֆուտբոլիստները մրցել են 2 անգամ: Առաջին խաղը կայացել է Աբովյանում եւ ավարտվել է մեր ընտրանու հաղթանակով (2-1), իսկ հյուրընկալվելիս մեր ֆուտբոլիստները մրցակցին զիջել են 0-2 հաշվով:

Ինչպես Հայաստանի հավաքականը, այնպես էլ Լատվիայի ընտրանին առաջիկա ընկերական խաղում հանդես կգա ոչ լրիվ մարտական կազմով: Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Ստարկովը որոշել է խաղին չհրավիրել հավաքականի փորձառու մի քանի ֆուտբոլիստի, որոնք ներկայում զբաղված են նոր թիմի որոնումներով: Հավաքականի կազմում բացակայում են դարպասապահ Ալեքսանդր Կոլինկոն, պաշտպան Իգոր Ստեպանովը եւ կիսապաշտպաններ Վլադիմիր Կոլեսնիչենկոն ու Ալեքսանդր Ցաունյան: Առաջին անգամ հավաքական է հրավիրվել Ռիգայի «Սկոնտոյի» դարպասապահ Գերման Մալինիշը: Կրկին ազգային թիմի մարզաշապիկը կկրեն «Վենտսպիլսի» կիսապաշտպան Յուրի Ժիգաեւը, «Սկոնտոյի» կիսապաշտպան Օլեգ Լայզանսը եւ «Դաուգավայի» հարձակվող Արտյոմ Ռուդնեւը:

Ընդհանրապես ՀՀ հավաքականը շատ քիչ ընկերական հանդիպումներ է անցկացնում: Լատվիացիների հետ խաղը մեր ընտրանու համար կլինի ընկերական 43-րդ հանդիպումը: Այդ խաղերից միայն 14-ն են ավարտվել մեր հավաքականի հաղթանակով, 9-ում գրանցվել է ոչ-ոքի, 19-ում մեր ֆուտբոլիստները պարտվել են: ՀՀ հավաքականը խփել է 34 գնդակ, բայց թողել կրկնակինՙ 68 գոլ: Հետաքրքրական է, որ 42 խաղերից միայն 6-ն են անցկացրել սեփական հարկի տակ: Դրանցից առաջինը կայացել է 1992-ի հոկտեմբերի 14-ին «Հրազդան» մարզադաշտում Մոլդովայի ընտրանու հետ եւ ավարտվել է ոչ-ոքի: Այդ խաղը մեր նորաստեղծ ազգային հավաքականի անդրանիկ հանդիպումն էր: Ընկերական 2-րդ խաղը Երեւանում տեղի է ունեցել 1994-ի հուլիսի 16-ին Մալթայի հավաքականի հետ: Արսեն Ավետիսյանի խփած միակ գոլը հաղթանակ է պարգեւել հայ ֆուտբոլիստներին: Սեփական հարկի տակ անցկացրած մյուս չորս խաղերում էլ մեր հավաքականն անպարտելի է մնացելՙ հաղթելով Լիբանանի (1-0), Էստոնիայի (2-1) եւ Թուրքմենստանի (1-0) ֆուտբոլիստներին, ոչ-ոքի (0-0) ավարտելով մրցավեճը Վրաստանի հավաքականի հետ: Այսօրվա հանդիպումը Հայաստանի հավաքականի համար կլինի 119-րդն ազգային հավաքականների մակարդակով: Հավաքականը տոնել է 24 հաղթանակ, 28 խաղ ավարտել է ոչ-ոքի, 66-ում պարտվել է: Խփած եւ բաց թողած գնդակների տարբերությունն է 83-202: Այնպես որ, հաջողության դեպքում ՀՀ հավաքականը կարող է փոքրիկ հոբելյան տոնելՙ իր օգտին գրանցելով 25-րդ հաղթանակը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4