Ռուսաստանյան զինվորականները հետեւակի մարտական մեքենա եւ 50 զինծառայող էին տեղակայել Քվեմո Նիկոզի գյուղի մոտ, որ գտնվում է վրացական ուժերի կողմից վերահսկվող տարածքում, Գորի քաղաքից 25 կմ հեռավորության վրա: Երեկ այսպիսի հաղորդագրություն էին տարածել վրացական լրատվամիջոցները, հղում կատարելով Վրաստանի ներքին գործերի նախարարությանը, հավելմամբ, որ այդ տեղաշարժի մասին հայտնի էր դարձել տեղական ժամանակով ժամը 12:20-ին:
Հաղորդվում էր նաեւ, որ իրականացվել է տեղում եղած ոստիկանական հենակետի շրջափակում, սկսվել է ֆորտիֆիկացիոն շինությունների կառուցում: Ընդ որում, այդ վայրից ռուս զինծառայողների երեւալուց հետո հեռացել էին վրացական ոստիկանները: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը Ռուսաստանին կոչ էր արել դադարեցնել անօրինական գործողությունները:
Օրավարտին տեղեկություններ տարածվեցին, թե ռուսները հեռացել են Քվեմո Նիկոզիի տարածքից: Վրաստանի այդ շրջանի ոստիկանության տվյալներով, առավոտյան ժամերին ռուսաստանյան զինուժը տեղափոխել էր նշված տարածք նաեւ զինտեխնիկա: Սակայն ավելի ուշ այդ տեղեկությունները չհաստատվեցին այն մանրամասնմամբ, թե տեխնիկա չէր մնացել գյուղի շրջակայքում, չեն երեւացել նաեւ շինարարական աշխատանքների հետքեր:
«Ազգը» դեռեւս փետրվարի 7-ին «Ռուսական կործանիչներ Աբխազիայում. Նաեւ Ցխինվալի բնակչության տարհանո՞ւմ» վերտառությամբ անդրադարձել էր ռուսաստանյան զինուժի տեղափոխությունների մասին վրացական տեղեկատվությանը, այն հիշեցմամբ, որ Հարավային Օսիայի վրա Վրաստանի հարձակման օգոստոսյան իրադարձություններից մի որոշ ժամանակ առաջ վրացական ու ռուսական մամուլում հայտնվել էին հրապարակումներ, թե Ցխինվալում բնակչության էվակուացիա է տեղի ունենում:
Ամեն դեպքում, փետրվարի 6-ին էլ տեղեկացնում էին, թե Ռուսաստանը մարտական պատրաստվածության է բերում սեւծովյան նավատորմը: Ըստ հաղորդագրությունների, դեռեւս փետրվարի 5-ի առավոտյան Սեւաստոպոլում տեղակայված ռուսական նավատորմը բերվել էր բարձր մարտունակության, միջերկրածովյան Մեսսինայից էլ սեւծովյան ավազան էր հետ կանչվել գվարդիական հածանավ «Մոսկվան», որը մինչեւ 550 կմ հեռավորության հրթիռներով է զինված:
Ռուսաստանյան ռազմաբազաների տեղակայումը Աբխազիայում եւ Հարավային Օսիայիում ի սկզբանե դիտարկվում էր որպես ռուս-վրացական պատերազմում ռուսական կողմի ակնկալած հիմնական դիվիդենտներից մեկը: Եվ եթե չեն ժխտվում այդ տեղեկությունները, ուրեմն ռուսական կողմն անցել է իր ծրագրերի իրականացմանը, հատկապես որ Քվեմո Նիկոզի գյուղի հարեւանությամբ հենակետ ունենալու մտադրությունը քարտեզային տարբերակով տարածվել էր դեռ շատ վաղուց այն հավելմամբ, որ այդպիսի մի քանի հենակետեր դեռ էլի պիտի ստեղծվեն:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ