Վերջին երկու շաբաթների ընթացքում ամերիկյան մոտ 20 ինտերնետային խոշոր կայքեր ու բլոգներ անդրադարձել են հայաստանցի լրագրող Աննա Կարապետյանի բաց նամակին, որն ուղղված է խոսքի ազատության ու իրավապաշտպան միջազգային կազմակերպություններին: Նամակի մեկնաբանությունն ու բուն նամակը հայտնվել են նաեւ այնպիսի հեղինակավոր թերթերի ինտերնետային կայքէջերին, ինչպիսիք են «Նյու Յորք թայմսը» (New York Times) եւ «ՅուԷսԷյ Թըդեյը» (USA Today):
Նամակին լայնածավալ մեկնաբանությամբ անդրադարձած Freemediaonline («Ազատ մամուլ») բլոգի խմբագիր Թեդ Լիպիենը նշում է, որ հայ լրագրողը շատերի նման հույս ունի, որ Բարաք Օբամայի վարչակազմի նպատակադրած փոփոխությունների մեջ կլինի նաեւ մարդու իրավունքների պաշտպանության ու ազատ խոսքի դարբնոց «Ազատություն/Ազատ Եվրոպա» (Ա/ԱԵ) ռադիոկայանում աշխատող ոչ ամերիկացիների աշխատանքային տարրական իրավունքների պաշտպանության հարցը: Թեեւ ռադիոկայանը պաշտոնապես գրանցված է իբրեւ մասնավոր ընկերություն, այդուհանդերձ ղեկավարվում է ԱՄՆ-ի նախագահի ու Սենատի կողմից նշանակվող Հեռարձակման կառավարիչների խորհրդի (BBG) կողմից, որի կազմի մեջ ի պաշտոնե մտնում է նաեւ ԱՄՆ գործող պետքարտուղարը: Այնպես որ, հունվարի 20-ից հետո Օբամայի գաղափարակից Հիլարի Քլինթոնը մաս է կազմում նաեւ Ամերիկայի միջազգային հեռարձակումների քաղաքականության ձեւավորմանը:
Աննա Կարապետյանի բաց նամակը հատկապես հետաքրքրել է ամերիկյան լրատվամիջոցներին այն պատճառով, որ «Ազատություն/Ազատ Եվրոպա» ԱՄՆ Կոնգրեսից ֆինանսավորվող ռադիոկայանը, որը ժողովրդավարության արժեքներ տարածելու առաքելություն է ստանձնել, կոպտորեն ոտնահարում է այդ իսկ արժեքներըՙ ազգային խտրականության ենթարկելով Պրահայի կենտրոնակայանի ոչ ամերիկացի աշխատակիցներին: Վերջիններս հիմնականում լրագրողներ ենՙ հրավիրված նախկին խորհրդային պետություններից, նախկին Հարավսլավիայից, Աֆղանստանից, Իրաքից եւ հեռարձակումների համար թիրախային համարվող այլ պետություններից: Այսինքն, «լրագրողները, որոնց ձայնով «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանը ժողովրդավարության արժեքներ ու ազատ խոսք է տարածում դեպի նրանց հայրենի ոչ ժողովրդավարական կամ անցումային փուլում գտնվող երկրներ, իրենք գտնվում են զրոյական պաշտպանության վիճակում»:
Ահա թե ինչ է պարզաբանում Աննա Կարապետյանն իր բաց նամակում. «Ստորագրելով ստանդարտացված աշխատանքային համաձայնագիր, որը ղեկավարվում է Միացյալ Նահանգների համապատասխան օրենքներով, Քոլումբիա Դիսթրիքթի օրենքներով ու կազմակերպության քաղաքականությամբ, ոչ ամերիկացի հրավիրյալ աշխատակիցներն առանց կասկածանքի, վստահորեն ու հպարտությամբ իրենց հանձնել են «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի պաշտպանությանը: Իրականում սակայն նրանք ստացել են նույնքան իրավական պաշտպանություն, որքան Գուանտանամոյում պահվողները»:
Համաձայնագիրն առաջարկող կողմըՙ ռադիոյի ղեկավարությունը, անշուշտ գիտի, որ Միացյալ Նահանգներում 1964 թվականին ընդունված Քաղաքացիական իրավունքների մասին ակտը լրամշակվել է 1991 թվականին ու Միացյալ Նահանգների սահմաններից դուրս ամերիկյան ընկերություններում ու կազմակերպություններում աշխատող օտարերկրացիներին պաշտպանությունից դուրս է թողնում: Ավելին, Քոլումբիա Դիսթրիքթի 1977 թվականին ընդունված մարդու իրավունքների պաշտպանության ակտն էլ չի տարածվում արտասահմանում ամերիկյան կազմակերպություններում աշխատող ոչ ամերիկացիների վրա:
Երեք մանկահասակ երեխաների մայր Աննա Կարապետյանը մոտ 12 տարվա աշխատանքից քմահաճորեն հեռացվելուց հետո է միայն պարզել, որ ինքն ու իր նման հարյուրավոր ոչ ամերիկացի գործընկերներ դուրս են Աշխատանքային հավասար հնարավորությունների ամերիկյան հանձնախմբի եւ հակախտրականության բազում օրենքների պաշտպանությունից: Պարադոքսն այն է, որ Չեխիայի դատարանն էլ կաշկանդված է 1963 թվականի մի օրենքով, որի համաձայն օտար երկրների կազմակերպությունները Չեխիայի տարածքում կարող են գործել իրենց երկրների օրենքներով, եթե դրանք չեն հակասում Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետության օրենքներին:
«Իրավաբանական այս խճողումներից ու համաձայնագրերի մեքենայություններից օգտվում են ռադիոկայանի մանր «ցարիկները»: Ստացվում է, որ ռադիոկայանի հեռարձակման համար թիրախ հանդիսացող պետություններում, ասենք` Ուզբեկստանում կամ Թուրքմենստանում, Ադրբեջանում կամ Ուկրաինայում, «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի աշխատակիցները նույնքան անպաշտպան են, որքան նույն այդ երկրներից ռադիոկայանի կենտրոնակայանում աշխատելու հրավիրված լրագրողները: Մի դեպքում նրանք հալածվում են տեղական բռնակալներից, տնային կալանքի կամ ծեծի ենթարկվում, ու լռեցվում է նրանց ձայնը, երկրորդ դեպքում վերջիններս հալածվում են ու հեռացվում աշխատանքից, ու այս կերպ է լռեցվում լրագրողի ձայնը: Երկու դեպքում էլ ոչ մի ատյան չկա, որ պաշտպանի լրագրողներին: Ռադիոկայանն իր այս վարվելակերպը բացատրում է «ցանկության պայմանագրի» փիլիսոփայությամբ, ինչն ավելի հստակ շատերը հենց ԱՄՆ-ում անվանում են կամայականության կամ քմահաճության սկզբունք: Այդ սկզբունքի համաձայն, աշխատողներն աշխատանքից կարող են ազատվել ամեն պահիՙ առանց որեւէ պատճառի: Տարբերությունն այն է, որ ամերիկացի աշխատողները հնարավորություն ունեն իրենց պաշտպանելու համապատասխան ատյաններում, իսկ ոչ ամերիկացիներըՙ ոչ: Այսքանից հետո ինչու զարմանալ, որ հատկապես վերջին 2-3 տարիներին մեկը մյուսի հետեւից տարբեր պետություններում դադարեցվում են «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի հեռարձակումներն ազգային ռադիոալիքներով: Ռադիոկայանի վարքագիծն իր լրագրողների նկատմամբ փաստորեն օրինակ է նման երկրների նախագահների համարՙ կամայականության սկզբունքի փիլիսոփայութամբ», եւ այսպես է պարզաբանում իրականությունն Աննա Կարապետյանը:
Հրապարակման հեղինակ Թեդ Լիպիենը հայտնում է, որ Չեխիայի Գերագույն ու Սահմանադրական դատարաններում, ինչպես նաեւ Ստրասբուրգի մարդու իրավունքների դատարանում «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի դեմ դատական գործեր են հարուցված ազգային խտրականության մեղադրանքով: «Ի հիասթափություն Հեռարձակման կառավարիչների խորհրդի (BBG) Չեխիայի նախկին նախագահ ու ակտիվ իրավապաշտպան Վացլավ Հավելը խոստացել է անձամբ հետեւել գործերի ընթացքին»:
Եզրակացությունը մեկն է. դատական այս գործերը ամոթի մեծ խարան են ժողովրդավարություն սովորեցնող հարգված ռադիոկայանի պատմության վրա: Ռադիոկայանին ներկայացված փաստարկված մեղադրանքի առկայությունն արդեն հզոր հարված է հարուստ ճանապարհ անցած «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի վարկին ու հեղինակությանըՙ անկախ դատական լսումների ելքից:
Հ. Ծ.