ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Անցած ուրբաթ, երբ մենք խորհրդարանական ուժերին հարցնում էինք, թե արդյոք կազմո՞ւմ են իրենց համամասնական ցուցակները` Երեւանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու համար, որոնք, ըստ որոշ լուրերի, տեղի են ունենալու մայիսին, առանձնապես որոշակի պատասխաններ չստացանք: Մինչ այդ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Մարգարյանը մեզ հիշեցրել էր, թե ըստ նոր ընդունված օրենքիՙ այդ ընտրությունները կարող են տեղի ունենալ ապրիլի 1-ից ոչ շուտ եւ դեկտեմբերի 6-ից ոչ ուշ, սակայն կառավարությունը ընտրությունների օրը պետք է հայտարարի 75-90 օր առաջ: Ուրբաթ օրը մեր հարցին պատասխանելիս ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասել էր, որ համամասնական ցուցակ կազմելու հարցը դեռ չի քննարկվել կուսակցությունում, իրադարձություններից առաջ չեն ուզում ընկնել, իսկ թե ինչպիսի կադրեր կարող են ղեկավարել համամասնականը, ըստ այդմ էլ քաղաքապետի թեկնածու համարվել, Սահակյանը չանձնավորեց. «Ինձանից սկսած մինչեւ սահմանամերձ շրջանի հանրապետական, որը Երեւանում գրանցում ունի, կարող է քաղաքապետի թեկնածու դառնալ», ասաց նա: Դաշնակցությունն իր կառույցներում արդեն քննարկում է քաղաքապետի եւ քաղաքային ավագանու ընտրությանն իր մասնակցության խնդիրը, իսկ մասնակցության տարբերակներն էլ, ըստ ԱԺ փոխխոսնակ Հրայր Կարապետյանի, երկուսը կարող են լինել` առանձին կամ կոալիցիոն ցուցակներով: Բոլոր դեպքերում, ըստ Հ. Կարապետյանի, դա նաեւ կոալիցիայում պետք է քննարկվի: ԲՀԿ-ում էլ դեռ հարցը չեն քննարկել եւ կոալիցիոն քննարկումներից ու նախ եւ առաջ` Հայաստանի նախագահի հետ քննարկումներից առաջ չեն ուզում ընկնել:
Սակայն երեկ կենացները քաղցրացան, եւ տարբեր ասուլիսներ տվող մեր քաղաքականներն այդ մասին արտահայտվեցին: Մասնավորապես Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն ասել է. «Այսօր խոսում են քաղաքապետի ընտրության մասին, արդեն անուններ են տալիս: Ախր սա էթիկայի սահմաններից դուրս է, ինչպե՞ս կարող են անուններ տալ, եթե ժողովուրդը պետք է ընտրի, եւ դա պետք է լինի անակնկալ: Իսկ մեզ մոտ բոլորն ամեն ինչ գիտեն ու եթե ինձ էլ հարցնեն, ես էլ կասեմ` դաբրոն տվել են...Մասնակցելու ենք քաղաքապետի ընտրություններին եւ հաղթելու ենք: Միշտ չէ, որ նույնն է լինում: Տատս միշտ փլավ չի ուտում»: Իհարկե, լավ է, որ Տ. Կարապետյանը ուզում է քաղաքապետ դառնալ, բայց քաղաքապետի ընտրություններն ուղղակի չեն, եւ նրա կուսակցությունը պետք է քաղաքային ավագանու ընտրություններում 51 տոկոս հավաքի, որ քաղաքապետի թեկնածու առաջադրի:
Իսկ ընդհանրապես` քաղաքապետ դառնալու ախորժակ ունեցողների պակաս չկա: Ու, որ Տ. Կարապետյանն ասում է` ժողովուրդը պետք է ընտրի, դա գուցե ճիշտ է, սակայն եթե քառակողմ կոալիցիան համաձայնության գա, որ, ասենք, իր միասնական ցուցակը ղեկավարի Արթուր Բաղդասարյանը կամ հենց թեկուզ Երվանդ Զախարյանը, կամ մյուս շրջանառվող անունները` Գագիկ Բեգլարյան, Տարոն Մարգարյան, կամ ես ինչ իմանամ` լրիվ թարմ մի հանրապետական կամ դաշնակցական, ապա մնացածը տեխնիկայի հարց է, իշխանական թեկնածուն շատ-շատ մրցակցի ինչ-որ այլընտրանքային` կիսաընդդիմադիր կամ ընդդիմադիր թեկնածուի հետ, իսկ մեր դեպքում, բոլորս գիտենք, ընտրությունների «շա՜տ թափանցիկ» մեխանիզմը իշխանական թեկնածուին դարձնելու է քաղաքապետ: Է, իսկ անակնկալն այն կլինի, որ ինչ-որ մի ուժ վերցնի ու իշխանական մեկ կամ մի քանի ցուցակների ջգրու, բոլորից շատ ձայն հավաքի, այս դեպքում, իրոք, կարող է անակնկալ լինել, բայց անցյալ ընտրությունների դառը փորձը ցույց է տալիս, որ մերոնք կարող են հոխորտալ ու սրան-նրան քննադատել, բայց թաղային-ընկերական-ընտանեկան-պաշտոնեական նպատակահարմարությունից ելնելով` գնալ ու ձայն տալ նրան, ում համար ցուցում կտրվի:
Բոլոր դեպքերումՙ Երեւանի քաղաքապետն այն պաշտոնյան է, որ Հայաստանի նախագահից հետո, վարչապետին հավասար, կարող է եղանակ ստեղծել, մանավանդ հիմա, երբ քվազիուղղակի ընտրություններով նրա թիկունքում քաղաքական ուժ կամ ուժեր են լինելու, այնպես որ այս պաշտոնի համար դեմ չեն լինի պայքարել, անուններ ենք ասում` չբարկանաք, ասենքՙ Վահան Հովհաննիսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, անգամ անհավանական չթվա` Ռոբերտ Քոչարյանը եւ այլք: Հնաբնակ հանրապետականների հետ մեր զրույցներում շեշտվում էր այն տեսակետը (կամ գուցե ցանկությունը), որ ընտրությունների ժամանակ ով լինի գործող քաղաքապետը, նա էլ շանս ունի քաղաքապետ ընտրվելու, քանի որ վարչական ռեսուրսը նրա օգտին է աշխատելու, եւ ակնարկում էին հենց Երվանդ Զախարյանին: Գուցե հենց այդ պատճառով էլ որոշ ժամանակ առաջ լուրեր կային, թե քաղաքապետին փոխելու են, սակայն այդ փոփոխությունից հետո ժամանակավոր քաղաքապետի պաշտոնին հավակնողի` շրջանառվող անվանատերերը եւ հատկապես Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանը, ըստ որոշ տեղեկությունների, վերեւներից մերժում են ստացել: Ամենայն հավանականությամբ` երկրի նախագահն ու նրան հարող շրջանակը դեռ չեն կողմնորոշվել քաղաքապետի հարցում, սակայն որ այդ պաշտոնով կարելի է քաղաքական հարց լուծել նաեւ, այդ թվում հասարակության մեջ համաձայնության մթնոլորտի ստեղծման, դրանում ոչ մեկին համոզել պետք չէ:
Քաղաքական խնդի՞ր է դրվելու, թե, այնուամենայնիվ, միայն քաղաքի լավ կառավարիչ ունենալու հարցն է դրվելու, տեսանելի կլինի արդեն գործընթացը սկիզբ առնելուց առաջ, սակայն արդեն նոր, համամասնական ցուցակներով քաղաքային ավագանու եւ նրա կազմից քաղաքապետի ընտրության նոր կարգն արդեն նշանակում է, որ հարցին մասամբ քաղաքական ենթատեքստ է տրվել: