«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#21, 2009-02-10 | #22, 2009-02-11 | #23, 2009-02-12


ԻՆՉԻ՞Ց ԵՆ ԴԺԳՈՀՈՒՄ ՏՈՆԱՎԱՃԱՌՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԱԿԱՆՆԵՐԸ

Տոնավաճառներում առեւտրով զբաղվողների խնդիրները միայն հսկիչ-դրամարկղային մեքենաներով չեն պայմանավորված: Նրանցից ողջամիտները «ՀԴՄ-ներ չենք ուզում» բղավելու փոխարեն բարձրացնում են հարցադրումներ, որոնք օբյեկտիվ պահանջներ են եւ պետք է արժանանան կառավարության համապատասխան արձագանքին: Իրենց խնդիրներն ու դժգոհությունները Մալաթիայի փողոցի երկայնքով ձգվող 2 ոչ մեծ տոնավաճառներից մեկիՙ «Ռիմուլիկ» տոնավաճառի առեւտրականները խնդրեցին բարձրաձայնել մեր թերթի էջերում:

Հագուստ վաճառող Ազատը (անունները փոխված են-Ա. Մ.) ցույց է տալիս իր մոտ տեղադրված ՀԴՄ-ն եւ ասում, որ ինքը պատրաստ է եւ տրամադրում է կտրոններ: Սակայն տարակուսում է, թե ինչո՞ւ կտրոն կամ հաշիվ-ապրանքագիր տրամադրելու պահանջը նույն խստությամբ չի դրվում «Հրազդան» մարզադաշտի մեծածախ առեւտրականների առջեւ, որոնցից շաբաթ եւ կիրակի օրերին նա ապրանք է ձեռք բերում: Երբ նրան խորհուրդ տվեցինք պահանջել այդ կտրոնը կամ հաշիվ-ապրանքագիրը մեծածախ վաճառողից, Ազատն ասաց, որ փորձել է եւ ստացել «չես ուզում, մի առ» պատասխանը: «Պետությունը թող պարտադրի նրան, որ ինձ փաստաթուղթ տրամադրի: Ինչո՞ւ պետք է ես այդ մարդու փոխարեն տուգանք վճարեմ», հարցնում է նա:

Մեր զրուցակիցը դժգոհում էր նաեւ տեղեկատվության պակասից: Նա առեւտուր է իրականացնում 7 քմ տարածքի վրա, բայց չգիտի` միայն հաստատագրված վճար պետք է վճարի, թե՞ նաեւ շրջանառության 2 տոկոսը: Ժամանակին, երբ այս հարցը տվել էինք պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Արմեն Ալավերդյանին, վերջինս պատասխանել էր, որ եթե մինչեւ 7 քմ տարածքի վրա առեւտուր իրականացնողի առեւտրաշրջանառությունը չի գերազանցում եռամսյակի ընթացքում 2,1 մլն դրամը, ապա նա վճարում է հաստատագրված վճար, իսկ եթե գերազանցում է այդ գումարը, ապաՙ առեւտրաշրջանառության 2 տոկոսը: Հարկ ենք համարում նշել, որ 2 տոկոսը վճարվում է, եթե ծախսը հիմնավորված է փաստաթղթերով, իսկ եթե ձեռք բերված եւ վաճառված ապրանքը փաստաթուղթ չի ունենում, ապա որպես հարկ պետք է վճարվի դրա արժեքի 10 տոկոսի չափը: Այսինքն, ի հայտ է գալիս նույնՙ մեծածախ վաճառողի փոխարեն հարկ վճարելու խնդիրը:

Դժգոհություններ կային հարկային ծառայության աշխատանքից: «Փորձում ենք զանգել «թեժ գծով»` իմանալու համար, թե ինչ տեսակի հարկ ենք վճարելու, ասում են` պետք է զանգեք ձեր տարածքային տեսչություն: Տարածքային ենք զանգումՙ ժամանակ չունեն մեզանով զբաղվելու: Նորից ենք զանգում «թեժ գիծ», ասում են` նրանք (տարածքային ստորաբաժանումը) պարտավոր են ձեզ պատասխանել: Մի խոսքով, մեկը մյուսի վրա են գցում»:

Մեկ այլ առեւտրականՙ Կարենը խոսում է, այսպես կոչված, «տեղի փողի» մասին, որ իրենք տալիս են տոնավաճառի տիրոջը: Նա դա համարում է իր կատարած ծախս եւ հարցնում, թե արդյոք տոնավաճառի սեփականատերը դրա դիմաց իրեն փաստաթուղթ (կտրոն կամ տեղեկանք) չպե՞տք է տրամադրի: «Ես դա կարող եմ, չէ՞, որպես ծախս ներկայացնել եւ այդ չափով ազատվել հարկ վճարելուց: Կամ իմ վճարած տեղի փողից պետությանը հարկ վճարվո՞ւմ է, չգիտեմ», ասում է նա: «Տեղի փող եմ տալիս, ինչո՞ւ պայմաններ չի ապահովում: Ապրանքներս դիմացի սեփական տներին եմ հանձնում եւ դրա համար էլ եմ վճարում: Դրա դիմաց ոչ մի փաստաթուղթ չեմ ստանում: Առաջարկեցինք, որ տաղավարներում ապրանքների համար պահարաններ սարքեն: Չցանկացան: Կամ նայեք այս քանդված ասֆալտին: Այսքան տարի տեղի փող ենք տալիս, գոնե ասֆալտապատեն, որ հաճախորդներն էլ ցանկանան առեւտուր անել մեր մոտից»:

«Ռիմուլիկ» տոնավաճառի տաղավարներն ամբողջությամբ բացօթյա են: Նրա շարունակությամբ արդեն մյուսՙ «Սեդրակ Զատիկյան» տոնավաճառն է: Վերջին տարիներին այս տոնավաճառի բացօթյա տաղավարների տեղում կառուցվել են փոքր խանութներ եւ առեւտուր իրականացնողներն այս առումով համեմատաբար բարվոք վիճակում են, քան «Ռիմուլիկ» տոնավաճառինը: Այս երկու տոնավաճառներում տեղադրված են ՀԴՄ-ներ, բայց կտրոնները տրամադրվում են ըստ վաճառողների հայեցողության եւ գնորդների պահանջկոտության: Օրինակՙ ձեռքբերած ապրանքի դիմաց «Սեդրակ Զատիկյան» տոնավաճառում կտրոն տրամադրեցին միայն մեր հիշեցնելուց հետո: Ավելի ուշ նկատեցինք, որ 1500 դրամանոց ապրանքի դիմաց տրվել էր 1000 դրամ նշումով կտրոն:

Եթե «Ռիմուլիկ» եւ «Սեդրակ Զատիկյան» տոնավաճառներում ՀԴՄ-ներ տեղադրված են եւ գոնե պահանջելու դեպքում կտրոններ տրամադրում են, ապա այլ է վիճակը դրանց հարեւանությամբ գտնվող Երեւանի խոշորագույնՙ «Ռաֆայել-Տաթեւ» կամ բոլորին հայտնի Մալաթիայի տոնավաճառում: Չնայած այստեղ աշխատանքային պայմաններն անհամեմատ լավ են, գոյություն ունեն բուժկետ, սանհանգույց, մաքրությունը պահպանվում է, ապրանքները պահեստավորված են տեղերում, բայց ոչ մի տեղ չի երեւում որեւէ հսկիչ-դրամարկղային մեքենա: Իսկ երբ փորձեցինք գնած ապրանքի դիմաց կտրոն պահանջել, ստացանք «մենք կտրոն չենք տալիս» պատասխանը: Հետագա բանավեճը նույնպես անօգուտ եղավ, ստացանք միայն «այստեղ չկան ՀԴՄ-ներ», «շուտով դրանք հանելու են մեր մոտից», «հավատո՞ւմ եք վիճակախաղին» եւ նման այլ պատասխաններ:

Եվ իսկապես անհայտ մնաց, թե «Ռաֆայել-Տաթեւ» տոնավաճառում ՀԴՄ-ներ տեղադրված են, թե՞ ոչ: Որքան շրջեցինք, փորձեցինք տեսնել գոնե մեկ ՀԴՄ, չստացվեց: Հետաքրքրական է, տոնավաճառի սեփականատերը կամ պետեկամուտների կոմիտեում տեղյա՞կ են այս փաստից, թե դրա համար հարկ է, որ վարչապետը ժամանի տոնավաճառ: Եթե այս կամ այն խանութը պատժվում է կտրոններ չտրամադրելու համար, ապա ինչո՞ւ նույն մոտեցումը չի կիրառվում նաեւ տոնավաճառների առեւտրականների նկատմամբ:

Մի խոսքով, տոնավաճառային առեւտրի ոլորտում դեռ բազմաթիվ խնդրահարույց հարցեր կան ե՛ւ առեւտրականների, ե՛ւ սպառողների համար: Դրանք կարգավորելիս կառավարությունը պարտավոր է քայլեր ձեռնարկել առեւտրականների օբյեկտիվ պահանջները բավարարելու ուղղությամբ, ապահովել գործունեության բարենպաստ պայմաներ եւ մասնավորապես բոլորին հասկանալի հարկային դաշտ, իրազեկել դրա մասին, իսկ առեւտրականներն էլ պետք է հրաժարվեն հարկային դաշտից ամեն գնով խուսափելու իրենց պահանջներից, գիտակցելով, որ ՀԴՄ-ների կիրառումն առեւտրի ոլորտում այլընտրանք չունի: Դրանք վաղուց արդեն կիրառվում են ամբողջ աշխարհում, կիրառվել են անգամ նախկին ԽՍՀՄ-ում եւ ենթադրում են ավելի արդար հարկում, քան թե հաստատագրված վճարների դեպքում է:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4