«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#21, 2009-02-10 | #22, 2009-02-11 | #23, 2009-02-12


ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԱՌԱՋԱՑՐԱԾ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ՀԱՄԱԽՄԲՎԵԼ

Համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքով առաջացած հոգեբանական խնդիրներն ու ցնցումները հաղթահարելու համար պետք է համախմբվել, համոզված է հոգեբանական գիտությունների թեկնածու Կարինե Նալչաջյանը : Ամեն երեւույթ ունի դրական ու բացասական կողմեր, այս առումով ճգնաժամը կարող է նպաստել հասարակության միավորմանը, քանի որ խնդիրը համընդհանուր է: «Տնտեսական ճգնաժամի հետեւանքները կրում են հասարակ մարդիկ: Նրանք հոգեբանական ծանր վիճակում են հայտնվում նաեւ այն պատճառով, որ չեն կարող կառավարել ճգնաժամի բերած խնդիրները: Կարեւոր է, որ մարդիկ հասկանանՙ ճգնաժամը չունի տեղական բնույթ, հզոր երկրները նույնպես տնտեսական ցնցումների են ենթարկվում: Շատ ավելի հեշտ է դիմակայել սթրեսային իրավիճակին, երբ մենակ չես ու խնդիրը համընդհանուր բնույթ ունի», երեկ Մամուլի ազգային ակումբում նշեց Կարինե Նալչաջյանը:

Տնտեսական ճգնաժամը կհարվածի միջին դասին, քանի որ Հայաստանի բնակչության մի մասը միշտ էլ ճգնաժամային վիճակում է եղել, նկատեց «Սոցիոմետր» կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանը : Հանցագործությունների թիվը 8-10 տոկոսով աճել է, սա կարեւոր նախանշաններից է, որ ճգնաժամը հասել է Հայաստան: Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ ճգնաժամի հետեւանքով հայրենիք կվերադառնա արտերկրում աշխատող մեր հայրենակիցների մի ստվար զանգված, որոնք այստեղ աշխատանք չեն գտնի: «Սոցիալական յուրաքանչյուր խումբ պետք է օգտագործի իր հնարավորությունները ճգնաժամը հաղթահարելու համար: Հիմնական գործոնը պետք է լինի պետությունը, որը աշխատատեղերը փակելու փոխարեն պետք է նորերով ապահովի: Հասարակ քաղաքացին էլ պետք է կարողանա ճիշտ բաշխել գումարը, որ բավականացնի ողջ տարին», ասաց Ահարոն Ադիբեկյանը:

«Սոցիոմետր» կենտրոնը շուտով կանցկացնի սոցհարցում, որը կբացահայտի, թե ինչպես են ընկալում սոցիալական խմբերը ճգնաժամը, որքանով են պատրաստ դիմակայելու դրա հետեւանքներին: Նախատեսվում է նաեւ ծրագիր մշակել ճգնաժամի հետեւանքները մեղմացնելու ուղղությամբ: «1989 թվականին մենք անցկացրինք տագնապի թեստ` որոշելու ազգի տագնապի մակարդակը: Պարզվեց, որ երկրաշարժի արհավիրքը տեսած, պատերազմական վիճակում գտնվող հայերը միջին տվյալներով մեկ բալով են զիջում բարեկեցիկ կյանքով ապրող ամերիկացիներին: Հայերը երկրորդ խմբի արյուն ունեն, ինչը ենթադրում է համբերատարության մեծ պաշար», հավելեց սոցիոլոգը:

Ասուլիսի հյուրերը անդրադարձան նաեւ մարտիմեկյան դեպքերին: Կարինե Նալչաջյանը նշեց, որ հասարակության շրջանում անորոշություն է նկատվում, քանի որ անպատասխան հարցերը շատ են: «Մնացել է կիսատության զգացողություն, քանի որ առաջնորդները ու նրանց հետեւից գնացողները չհասան իրենց հեղափոխական նպատակներին: Այս տարի եւս, կարծում եմ, որոշակի զանգված ոտքի կկանգնի, եթե հայտնվի ակտիվ առաջնորդ: Սակայն մարդիկ, անցած տարվա դեպքերը վերլուծելով, հանգել են որոշ եզրակացությունների, նախկին մասշտաբով հավաքներ չեն կրկնվի», ասաց Կարինե Նալչաջյանը: Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ եթե հանրությունը նախորդ տարվա դեպքերից դասեր չքաղի, ուրեմն ցմահ հիվանդ է: «Եթե մարդիկ բարեկիրթ ձեւով անցկացնեն հանրահավաքներ, ուրեմն դասեր քաղել են: Պայքարի այլ ձեւեր կան` ստորագրահավաք, հանրահավաք, բողոք, իսկ երբ մեքենա են այրում ու միմյանց գլուխ ջարդում, դա հոգեկան խանգարման նշան է», նկատեց նա:

ՌՈՒԶԱՆ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4