Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Տոների եւ տոնական ամսաթվերի» օրենքի մեջ փոփոխությունների օրինագիծը` օգոստոսի 11-ը ճանաչել Ազգային ինքնության օր, Մատենադարանի հնագույն ձեռագրերի ինստիտուտի ավագ գիտաշխատող Վարդան Դեւրիկյանի մտահոգությունն է առաջացրել: Հիշեցնենք, որ նման օրենսդրական նախաձեռնությամբ հանդես է եկել Դաշնակցություն կուսակցությունը:
Երեկ «Հայելի» ակումբում Դեւրիկյանը փորձում էր պարզաբանել, թե ինչո՞ւ համաձայն չէ, որ օգոստոսի 11-ը Ազգային ինքնության տոն կոչվի` առաջարկելով այդ օրը կոչել հերոսական նախնիների տոն, ինչպես հին հույներինն է:
Ըստ նրա` Նավասարդյան տոները, որոնք շաղկապվում են մեր ազգային ինքնության հետ, հայ պատմիչներից որեւէ մեկի մոտ ավարտուն նկարագրություն չեն ունեցել. կցկտուր տեղեկություններ կան Մովսես Խորենացու, Փավստոս Բուզանդի, Գրիգոր Տաթեւացու աշխատություններում, ինչպես նաեւ տոմարագիտական երգերում: Իսկ այս ամբողջը մի քանի կետերով ներկայացրել է Ղեւոնդ Ալիշանը:
Բանախոսի մատուցմամբ` Նավասարդ նշանակում է նոր տարի, նավարկության ամիս, որը կապվում է ջրհեղեղի հիշատակի հետ եւ Հին Հայաստանում ուղեկցվում էր որոշակի ջրախաղերով: Դեւրիկյանը Նավասարդի որոշ հատկանիշներ էլ կապում է հիշատակի տոնի հետ եւ նշում, որ նույն Նավասարդյան խաղերը հիմնվել են Հին Հայաստանի մեծագույն քրմապետներից մեկի` Մացակ քրմապետի մահից հետո, երբ սահմանվել է հիշատակի հանդիսությունների օր:
«Հենց սրա հիմքում ընկած է հիշատակի գաղափարը` հերոսական նախնիների հիշատակի տոնը: Ալիշանն այս տոնը կապում է Հայկ Նահապետի տոնի հետ` նշելով, որ օգոստոսի 11-ը բնության առումով նշանակալի բան չունի: Նավասարդի հետ կապված բոլոր տոների հիմքում ընկած է հիշատակի ոգեկոչումը, եւ այստեղ ազգային ինքնության խնդիր չկա», ընդգծեց Դեւրիկյանը` հավելելով, որ հին հայկական օրացույցը շարժական է եղել. «Այն հարաբերվում էր ընդհանուր բնության օրացույցի հետ եւ Նավասարդն ընկնում էր հուլիսի 11-ից օգոստոսի 11-ը»:
Միեւնույն ժամանակ Մատենադարանի գիտաշխատողը առաջարկում է Ազգային ինքնության տոն ճանաչել Վարդավառի օրը: Ավելինՙ Ղեւոնդ Ալիշանի աշխատություններում ասվում է, որ պատմության որոշ ժամանակաշրջանում Նավասարդյան խաղերը տոնել են Վարդավառի հետ նույն օրըՙ հուլիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում:
«Ազգային ինքնության օրը պետք է շարժական լինի: Սա նույնն է, եթե Գիտելիքների տոնը նշեն Բանակի օրը: Այդ օրը պետք է շարժական լինի, ինչպես բնությունը», եզրափակեց Դեւրիկյանը:
ՀՅԴ պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը հակադիր կարծիքն է արտահայտում. «Ինչո՞ւ ենք մենք հակադրում Ազգային ինքնության օրն այդ տոներին: Սա մի շղթայի շարունակությունն է»: Ըստ վերջինիսՙ Ազգային ինքնության տոնն ամփոփում է բոլոր համամասնությունները:
«Մենք պարտավոր ենք ամեն օր ազգային ինքնության մասին մտածել, քանի որ համահարթեցում է տեղի ունենում ամբողջ աշխարհում: Նույնիսկ ԱՄՆ-ն իր սահմանադրության օրն է ազգային ինքնության օր համարում: Պատմության մեջ արձանագրված առաջին հաղթանակն է, ինչո՞ւ չհամարենք Ազգային ինքնության տոն, երբ Հայկը հաղթեց Բելին: Ի՞նչն է այստեղ հակացուցված, ի՞նչն է մեզ այստեղ խանգարում», նշում է ՀՅԴ ներկայացուցիչն ու հավելում, որ Դեւրիկյանը Ազգային ինքնության տոնի մասին խոսում է խիստ գիտական կատեգորիաներով. «Մենք երկուսս էլ նույն բանն ենք խոսում, բայց չենք կարողանում միացնել մի տանիքի տակ: Ես ազգային վերածնության գիտակցությունն եմ ուզում տեսնել»:
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ