Հայաստանի ոստիկանապետը, պատասխանելով մարտի 1-ի դեպքերը քննող ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի նամակին, տեղեկացրել է, որ «Չերյոմուխա-7» տեսակի գազային փամփուշտներ վերջին անգամ Հայաստանը ստացել է մինչեւ 1990 թվականը, որոնց վերջին փորձարկումը տեղի է ունեցել 2007 թվականին ոստիկանության զորքերի ամենամյա զորավարժությունների ընթացքում: Իսկ Ռուսաստանից ստացված փորձագիտության պատասխանում հիշեցվում է, որ դրանց օգտագործման ժամկետը 5 տարի է: Ժամկետանց փամփուշտները մարտի 1-ին օգտագործելուց առաջ հարկավոր էր լրացուցիչ փորձաքննության ենթարկել, ինչը չի արվել: Երեկ այս մասին խոսում էին ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում:
Իսկ «Չերյոմուխա-7»-ի գազային փամփուշտների եւ KC-23 կարաբինների նույնականացման վերաբերյալ ՌԴ-ում կատարված փորձաքննության արդյունքները, ավելի շուտ` փորձաքննության եզրակացությունը երեկ հանձնաժողովականներին ներկայացրեց հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Վահագն Հարությունյանը , որը հայտնեց, որ մինչեւ ՌԴ փորձաքննության ուղարկելը եւս երկու փորձաքննություն էր եղել: Վերջին` ՌԴ փորձագիտության արդյունքում ռուս մասնագետները, որոնք պետք է պատասխանեին «Չերյոմուխա-7» գազային փամփուշտները նույնակա՞ն են կրակող զենքերի հետ» եւ «արդյոք առկա՞ են հետքեր մահացածների եւ տուժողների մարմնից հանված «Չերյոմուխա-7» փամփուշտի նույնացման համար» հարցերին, եզրակացրել են, որ հետքերը պիտանի չեն նույնականացման համար, ասել է թե` հնարավոր չէ պարզել, թե մարտի 1-ին զենք գործադրած 4 ոստիկաններից ո՞ր 3-ի կրակոցներից են մահացել հնացած հատուկ միջոցներից մահացած երեք անձինք: Ըստ Վ. Հարությունյանի, այս պահին չկան փաստեր կամ ականատեսների վկայություններ` պարզելու, թե 4-ից ո՞ր երեքն են մահ պատճառել, ի դեպ` 4-ի անունն էլ դեռ գաղտնի են պահվում: Նաեւ պարզ չէ` սպանվածները դիմահար կրակոցից են մահացել, թե՞ ռեկոշետից: Հատուկ գործերով ավագ քննիչը նկատեց, թե քանի դեռ ապացուցված չէ, հնարավոր չէ հաստատապես ասել օրինաչափ գործողությա՞ն, կանոնների խախտմա՞ն, թե՞ այլ պատճառով են մարդիկ սպանվել, դրանք ամենատարբեր որակումներ ունեն, կախված զենքի գործադրման հանգամանքից` դիտավորյալ սպանություն, օրինաչափ գործողությունների արդյունքում հանցագործությունը կանխելու համար վրա հասած մահ: Իսկ ապացույցներ, փաստորեն չկան, ականատեսներ` սպանությունը վկայող, նույնպես: Գոնե այս պահին: Բայց դեռ քննությունն ավարտված չէ, քննչական եւ օպերատիվ աշխատանքներ կան: Հանձնաժողովականներից մեկի հարցին, թե արդյոք սպառվա՞ծ են ռեսուրսները սպանություն իրականացնողների հայտնաբերելու համար, Վ. Հարությունյանը նկատեց, թե քննությունը շարունակվում է, եւ եթե մի որեւէ փորձագիտական կենտրոն կարողանա նույնականացնել գազային փամփուշտներն ու զենքը, ապա նոր ելակետային տվյալների վրա հնարավոր կլինի քննությունը շարունակել:
Հանձնաժողովականները լսածի վերաբերյալ տեսակետ հայտնելիս խտրություն չդրեցին որակումների մեջ: Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն ասաց, թե իր մեջ համոզմունք է` չի վստահում ներքին փորձաքննություններին. «Պետք է դիմել մեր իրավապահներին, որ «Չերյոմուխա» չօգտագործեն, որովհետեւ վաղն էլ 6 հոգի կօգտագործեն, 4 մարդ կսպանվի ու էլի չի պարզվի` ո՞վ է մեղավոր: Թող հանվի օգտագործումից»:
Գուրգեն Արսենյանը ապտակ համարեց պետությանն այն հանգամանքը, որ նախաքննական մարմինը չի կարողանում նույնականացնել, թե 4-ից ո՞ր 3-ն է կրակել:
Արծվիկ Մինասյանն առաջարկեց հանձնաժողովում մոբիլ խումբ ստեղծել` օժանդակելու նախաքննական մարմնին, քանի որ հնչածը հիասթափություն առաջացրեց. «11 ամիս քննություն է գնում, պետք է էս հասարակությանը հուսադրող բան ասել», նկատեց նա:
Մ. Խ.