«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#24, 2009-02-13 | #25, 2009-02-14 | #26, 2009-02-17


ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ՕԲԱՄԱՆ, ԸՍՏ «ՄԻԼԼԻԵԹԻ», ԿԱՏԱՐԵԼՈՒ Է ՀԱՅԵՐԻՆ ՏՎԱԾ ԽՈՍՏՈՒՄԸ

Սակայն դեմ է դուրս գալու Հայկական բանաձեւին

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Օր չի լինում, որ թուրքական կենտրոնական թերթերը չանդրադառնան պաշտոնական Անկարայիՙ Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնություններից բխող մտավախություններին: Ճանաչման պարագայում խոսքը նախ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա եւՙ Իսրայելին: Միաժամանակ ընդգծվում է նախաձեռնության հարցում ԱՄՆ-ի հրեական կազմակերպությունների Թուրքիայի համար ոչ բարենպաստ դիրքորոշումը:

Թուրքական թերթերի մոտեցումները տարաբնույթ են, բայց եւ այնպես դրանք, նկատի առնելով Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի նոր նախաձեռնությունն ու նախորդների ընթացքը, միանգամայն տրամաբանական են համարում Անկարայի մտավախությունը: Անդրադառնալ այդ թերթերի ցեղասպանության ճանաչման նախաձեռնություններին վերաբերող բոլոր հրապարակումներինՙ անհնար է, թերեւս դրա կարիքն էլ չկա, սակայն ամենեւին էլ ավելորդ չէր լինի Անկարայի մտավախությունների, առավել եւս նախատեսվող հակաքայլերի մասին պատկերացում կազմելը: Դա ենթադրում է թերթերի հրապարակումներից բնորոշ հոդվածների առանձնացումը: Որպես այդպիսին մեր ուշադրությունն է գրավել հայտնի լրագրող Սեմի Իդիզի «Միլլիեթի» փետրվարի 16-ի համարում հրապարակած հոդվածը:

Իդիզը գրում է. «Որքան մոտենում է ապրիլը, այնքան Վաշինգտոնում մեծանում է թուրքամետ շրջանակների Հայոց ցեղասպանության բանաձեւից բխող մտավախությունը: Այդ մասին անցյալ շաբաթ արտահայտվել էր Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան, «Բրուքինգս» ինստիտուտում «Թուրքիայի ծրագրի» ղեկավար Մարկ Փերիսը»:

Հոդվածագիրն անդրադառնում է նաեւ Անկարայի մտավախություններին եւ դրանք պայմանավորում հետեւյալ գործոններով.

- Կոնգրեսում բանաձեւին աջակցություն ցուցաբերած դեմոկրատների մեծամասնությունը,

- որպես Ներկայացուցիչների պալատի նախագահ բանաձեւն աջակցող այնպիսի գործչի հանդես գալը, ինչպիսին է Նենսի Փելոսին,

- պետքարտուղարի պաշտոնում Հիլարի Քլինթոնի նշանակումը, որն աջակցել է բանաձեւին,

- ԱՄՆ փոխնախագահի պաշտոնի հանձնումը բանաձեւի ամենամոլի պաշտպաններից Ջո Բայդենին,

- ամենագլխավորըՙ ԱՄՆ նախագահի պաշտոնում հայկական լոբբիին հավաստի խոստումներ տված Բարաք Օբամայի ընտրությունը:

Այնուամենայնիվ, Իդիզը կարծում էր, որ Օբամայի վարչակարգը, ելնելով Իրաքին, Միջին Արեւելքին եւ Կովկասին առնչվող ամերիկյան ծրագրերից, չի կարող Թուրքիայի հարցում ռիսկի դիմել, որովհետեւ այդ ծրագրերը ռուս-վրացական պատերազմի հետեւանքով ավելի կարեւոր նշանակություն են ձեռք բերել Վաշինգտոնի համար: Դա, ըստ հոդվածագրի, նշանակում է, որ Օբաման «հայերի հոնքը սարքելիս պետք է մտածի նաեւ թուրքերի աչքը չհանելու» մասին:

Իդիզը շարունակում է. «Մեր համոզմամբ, Օբաման հնարավորինս կաշխատի կատարել հայերին տված խոստումն ապրիլի 24-ի ուղերձում: Սակայն Կոնգրեսում դեմ դուրս կգա Հայկական բանաձեւին: Ի՞նչ պետք է անել: Մինչեւ ապրիլի 24-ը նշանակալի քայլ պետք է կատարել: Հարցին իրազեկ ամերիկյան աղբյուրների կարծիքով, եթե Թուրքիան մինչեւ ապրիլի 24-ը Երեւանի հետ հարաբերություններում միջազգային հնչեղություն ունեցող քայլ կատարի, ապա դրանով կկարողանա ազդել ԱՄՆ-ի վարչակարգի եւ Կոնգրեսի վրա: Ամերիկյան աղբյուրներն ակնարկում են, որ Թուրքիան այս ժամանակահատվածում դիվանագիտական հարաբերություններ հաստատի Հայաստանի հետ եւ բացի սահմանները: Ինչ խոսք, Անկարայի համանման քայլը չի գոհացնի Ադրբեջանին: Սակայն յուրաքանչյուր երկիր հետամուտ է ազգային սեփական շահերին: Թերեւս դա է պատճառը, որ Ադրբեջանը համառորեն հրաժարվում է ճանաչել «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը»: Էլ չենք խոսում դիվանագիտության մեջ զգացմունքայնության պատճառած վնասների մասին, որոնց ականատեսը դարձանք դավոսյան «հերոսապատումին» հաջորդած զարգացումներով: Բոլոր դեպքերում էլ թուրք-հայկական հարաբերությունները հղի են նոր զարգացումներով»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4