«Բջնի» հանքային ջրերի գործարանն այս տարի հունվարի 23-ից աճուրդի էր դրվել: 10-օրյա ժամկետում գնորդ չլինելու պատճառով գինը 10 տոկոսով նվազեցվել էր եւ կրկին դրվել աճուրդի: Հիշեցնենք, որ աճուրդով վաճառքի են հանված ընկերության «Բջնի» գյուղում գտնվող արտադրամասը, Չարենցավանի արտադրամասն իր հոսքագծերով, նաեւՙ «Բջնի» եւ «Նոյ» ապրանքանիշների իրավունքը:
Փետրվարի 16-ին կայացած կրկնաճուրդի ժամանակ Սուքիասյաններին պատկանող ընկերությունը, «Բջնի» հանքային ջրերի գործարանի գույքն ու գույքային իրավունքները գնահատվել են 4.441.358.000 դրամ մեկնարկային գումար:
«Ազգը» փորձեց դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունից պարզել, թե 4.441.500.000 դրամ առաջարկողի անունը, սակայն եղավ պատասխան, որ «աճուրդի մասնակիցների վերաբերյալ բոլոր տեղեկատվությունը, համաձայն սակարկությունների օրենքի, գաղտնի է»:
Այսպիսով, կրկնաճուրդը կայացել է եւ մեկնարկային գնից 142.000 դրամ ավելի առաջարկված գումարով աճուրդն ավարտվել է: Հիշեցնենք, որ «Բջնիի» սկզբնական աճուրդի մեկնարկային գին էր սահմանվել 4 միլիարդ 934 միլիոն 843 հազար 264 դրամ:
Համենայնդեպս, ըստ շրջանառվող լուրերի, «Բջնիի» գնորդը Ռուբեն Հայրապետյանն է (Նեմեց Ռուբո): Մյուս կողմից, երեկ «Ազգ»-ը ստացավ «Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Լ. Հարությունյանի հայտարարությունը, որը գործարանի գնորդին հիշեցնում է ՀՀ վարչական դատարանում գտնվողՙ իրենց հայցով հարուցված դատական գործերը եւ հորդորում նախատեսված 10-օրյա ժամկետում չվճարել որոշված գումարը:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ