Փետրվարի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ՀՀ եւ ԱՊՀ զինված ուժերի ներկայացուցիչների, ինչպես նաեւ ՀՀ բարձրաստիճան սպայակազմի ուղեկցությամբ, այցելեց «Հաղթանակ» զբոսայգի եւ «Աֆղանստանից խորհրդային զորքերի դուրսբերման 20-ամյակի» կապակցությամբ ծաղկեպսակ դրեց աֆղանական պատերազմում զոհվածների հուշարձանին:
Արարողությանը ներկա էին աֆղանական 10-ամյա պատերազմի հայ եւ այլազգի վետերաններ, պատերազմում զոհվածների հարազատներ, պաշտոնատար անձինք:
Շնորհավորական խոսքով հանդես եկան աֆղանական պատերազմի վետերան, ՀՀ ԶՈւ թիկունքի վարչության պետ, գեներալ-մայոր Տիգրան Գասպարյանը , աֆղանական պատերազմի վետերանների միության նախագահ, պահեստազորի գնդապետ Արմեն Մխիթարյանը :
Շուրջ 600 հազար մարդ մասնակցեց այդ պատերազմին, 15 հազարը տուն չվերադարձավ: Տասնյակ հազարավոր մարտիկներ հաշմանդամ դարձան, հազարավոր ընտանիքներ ուղղակիորեն զգացին պատերազմի կործանարար հետեւանքները:
Աֆղանական պատերազմին մասնակցած շուրջ 4000 հայորդիներից 86-ը տուն չվերադարձավ: Այդ նույն մարտիկներն անմասն չմնացին նաեւ արցախյան գոյապայքարում. ազատամարտին մասնակցած մարտիկներից 160-ը զոհվեց մարտի դաշտում, շատերն այսօր էլ կանգնած են բանակաշինության ակունքներում` շարունակելով իրենց անձնվեր ծառայությունը հայրենիքին»:
Այնուհետեւ ելույթներին հաջորդեց աֆղանական պատերազմի մասնակիցների` ՀՀ պետական եւ գերատեսչական պարգեւներով պարգեւատրման արարողությունը, որի ընթացքում Ռ. Աուշեւի հրամանով ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովը եւ ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպայակազմի այլ ներկայացուցիչներ պարգեւատրվեցին «Աֆղանական պատերազմի մասնակից» մեդալով:
Միջոցառման ավարտին եզրափակիչ ելույթով հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը ` իր խոսքում մասնավորապես ասելով.
«Յուրաքանչյուր սերունդ իր ճակատագիրն ու պատմական առաքելությունն ունի, հայրենիքի հանդեպ իր պարտքը կատարելու պատասխանատվության բաժինը:
Այսօր Աֆղանստանից խորհրդային զորքերի դուրս բերման 20-րդ տարեդարձն է: Մեկ տասնամյակ տեւած այդ պատերազմին, ի թիվս Խորհրդային Միության մյուս ժողովուրդների, մասնակցեցին նաեւ հայ ժողովրդի զավակները, ովքեր ազնվորեն կատարեցին իրենց զինվորական պարտքը:
Արցախյան ազատամարտի ամենադժվարին օրերին կազմավորվեց «Աֆղանցիներ» ջոկատը, շատերն այլ ջոկատների կազմում մարտնչեցին պատերազմի ամենաթեժ կետերում` ցուցաբերելով խիզախության եւ անձնազոհության օրինակներ: Ավաղ, նրանցից շատերը կյանքի եւ արյան գնով հաստատեցին հայրենիքի հավերժ հավատարիմ զինվորը լինելու իրավունքը: Այսօր էլ երկու պատերազմների շատ մասնակիցներ թե՛ զինվորական եւ թե՛ քաղաքացիական գործունեությամբ շարունակում են իրենց փորձն ու գիտելիքներն ի սպաս դնել հայոց նորաստեղծ պետականության ամրապնդման, բանակի հզորացման գործին»:
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ