Երեկոՙ ի պատիվ դոկտ. Արշավիր Գյոնճյանի
Օրհնությամբ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ.-ի, հովանավորությամբ կանադահայ թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի եւ նախագահությամբ ՀԲԸ միության նախագահ Պերճ Սեդրակյանի, նախատեսված է անցկացնել մեծարանքի երեկոՙ ի պատիվ կանադահայ համայնքի ակնառու առաջնորդ, 40 երկար տարիների վաստակ ունեցող մտավորական եւ Արմեն-Քեբեք ՀԲԸՄ-ի Ալեք Մանուկյան դպրոցի հիմնադիր եւ պատվավոր տնօրեն, դոկտ. Արշավիր Գյոնճյանի:
Միջոցառումն, ըստ խմբագրությանը հասցեագրված հաղորդագրության, համատեղ կազմակերպել են կանադահայոց առաջնորդության թեմական խորհուրդը, Ս. Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցու ծխական խորհուրդը, ՀԲԸՄ-ի Մոնրեալի վարչությունը, Արմեն-Քեբեք ՀԲԸՄ Ալեք Մանուկյան վարժարանը, ՌԱԿ եւ Թեքեյան մշակութային միության Մոնրեալի մասնաճյուղերը, մասնակցությամբ Կանադահայ կոնգրեսի:
Հանդիսությանը, որ տեղի է ունենալու մարտի 14-ին ՀԲԸՄ Ալեք Մանուկյան կենտրոնի «Ժիրայր եւ Էլիզ Դերվիշյան» դահլիճում, Դետրոյթից հատուկ հրավիրված է բանախոսելու հայտնի ազգային-հասարակական գործիչ Երվանդ Ազատյանը:
Երեկոյի ընթացքում նվիրատվություններից գոյացած գումարով հիմնվելու է վերոնշյալ վարժարանի «Դոկտ. Արշավիր Գյոնճյան կրթաթոշակի» ֆոնդը: