Փետրվարի 19-ին Վիեննայում մեկնարկող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի նախօրեին` փետրվարի 18-ին, Վիեննայի «Մարիոթ» հյուրանոցում նախատեսված է Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ ԽՎ նախագահի հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի հանդիպումը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի պատվիրակությունների հետ: Ինչպես «Արմենպրեսին» ասաց ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանը , սպասվում է, որ հանդիպման ժամանակ Գ. Լենմարկերը կներկայացնի հարավկովկասյան երկրներ կատարած իր վերջին այցելության տպավորություններն ու արդյունքները եւ այն հաշվետվությունը, որը որպես զեկուցող փետրվարի 19-ին պետք է ներկայացնի ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանի մշտական կոմիտեում: