ԵԽԽՎ Հայաստանի վերաբերյալ համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլոմբիեն իրենց մտահոգությունն են հայտնել մարտի 1-ին Երեւանի կենտրոնում ՀԱԿ-ի խաղաղ հանրահավաք չթույլատրելու իշխանությունների որոշման կապակցությամբ: Այս մասին հաղորդում է «Նոյյան տապանը»: Ջ. Պրեսկոտը եւ Ժ. Կոլոմբիեն նշել են, որ վեհաժողովը տարբեր առիթներով կոչ է արել իշխանություններին ամբողջովին հարգել հավաքների ազատության սկզբունքը Հայաստանում եւ անհարկի սահմանափակումներ չդնել ընդդիմության խաղաղ հավաքների վրա` հատկապես հավաքների համար հայցվող վայրերի հարցում: Համազեկուցողների կարծիքով, խաղաղ հանրահավաքներ կազմակերպելու բոլոր քաղաքական ուժերի հնարավորությունը ժողովրդավարության էական բաղադրիչներից է: Նրանք կոչ են անում Հայաստանի իշխանություններինՙ թույլատրել, որ նման խաղաղ հանրահավաքները կայանան առանց խոչընդոտների` հայցվող վայրերում: