Վերջին օրերին մամուլում շրջանառվում էր, որ 2009-ի փետրվարի 9-ին ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության վարչական մասի դահլիճում կայացել է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատկանող տրանսպորտային միջոցներին հատկացվող` մեծ պահանջարկ ունեցող, այսպես կոչված, «գոլդ» համարանիշների աճուրդ, որի ընթացքում 99 սո 999 պետհամարանիշի հավանական գնորդ էին նշում «Գրանդ հոլդինգին» ու լոտի վաճառքի գինը` 35. 000.000 դրամ:
Իհարկե, շատ հաճախ նման լուրերը չեն համապատասխանում իրականությանը, մանավանդ որ անտրամաբանական էր ավտոմեքենայի գնի առնվազն 2 կամ 3 անգամ գերազանցող գին տալ համարանիշին: Ճշտելու համար «Ազգը» դիմեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանին: Պրն Շիրինյանը տեղեկացրեց, որ փետրվարի 9-ին իրոք կայացել է աճուրդը, սակայն նշյալ լոտը, չնայած առաջարկված գումարին, չի վաճառվել եւ, ըստ սահմանված կարգի, առաջիկայում կրկին կդրվի աճուրդի:
Քանի որ որպես տվյալ համարանիշի գնորդ մամուլի հիշյալ հրապարակումները մատնացույց էին անում «Գրանդ հոլդինգին», ուստի դեռեւս փետրվարի 16-ին հարկ համարեցինք ճշտել նաեւ հենց «Գրանդ հոլդինգի» գլխավոր իրավաբանից, թե արդյոք իրենք մասնակցե՞լ են աճուրդին: Իրավաբանը մեզ տեղեկացրեց, որ այո, մասնակցել են, սակայն այդ լոտը չեն գնել: Փաստորեն շրջանառվող լուրերը ապատեղեկատվություն էին, ինչը փաստում է նաեւ Հրանտ Վարդանյանը իր երեկվա ասուլիսում:
Մ. Մ.