«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#25, 2009-02-14 | #26, 2009-02-17 | #27, 2009-02-18


ԼԵՎՈՆ-ԶԱՎԵՆ ՍՅՈՒՐՄԵԼՅԱՆԻ «ԱՐՁԱԿԻ ՏԵԽՆԻԿԱ. ՉԱՓ ԵՎ ԽԵՆԹՈՒԹՅՈՒՆ» ԳՐՔԻ ՀԱՅԵՐԵՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ

«Ես կորսնցուցի հայ լեզվին կորիզը, որպեսզի իմ եւ ժողովուրդիս բարիքներու համար շահիմ կռիվը հայ Հոգիին, որ ավելի կարեւոր է:

... Չկա մեկը, որ հայ լեզուն սիրե ինձմե ավելի խորապես: Ես կրնամ որպես ամերիկացի գրող ավելի՜ մեծ չափով ծառայել իմ ժողովուրդին ու անգլերեն գրելովՙ չեմ դադրիր հայ գրող մ՛ըլլալե», այս խոսքերն անգլիագիր գրող Լեւոն-Զավեն Սյուրմելյանն իր գրականությամբ հաստատել է:

«Լույս զվարթ» բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել է 1924-ին, Վահան Թեքեյանի շնորհիվ: Նա հոգեկան մտերմությամբ իր կրտսեր գրչակցի հանդեպ, Սյուրմելյանին համարել է հոգեզավակ եւ գրական անդրանիկ քայլերի քաջալերողն է եղել Հակոբ Օշականի հետ: «Լույս զվարթը» Սյուրմելյանի առաջին եւ միակ հայերեն ժողովածուն է: 1945-ին անգլերենով գրել է «Ձեզ եմ դիմում, տիկնայք եւ պարոնայք» վեպը, որ Վ. Սարոյանի առաջաբանով Երեւանում լույս տեսավ 1980-ին: Ինքնակենսագրական պատումի եւ փաստագրության միջոցով դարասկզբի հայ իրականության այնպիսի մի վավերագրություն է ստեղծել, որի մասին ինքըՙ հեղինակը գրել է. «Եթե ոչ մի հետք չմնար Արեւմտյան Հայաստանից, իմ գիրքը հնարավորություն կտար պատմաբաններին ու ազգագրագետներին վերականգնելու այդ անհետացած կյանքը»:

Սյուրմելյանն անգլերեն է թարգմանել «Սասնա ծռեր» էպոսը, հրատարակել է «Անմահական խնձորը» հայկական ժողովրդական հեքիաթներըՙ ԱՄՆ-ում եւ Անգլիայում:

Մասնագիտությամբ Սյուրմելյանը երկրագործ է, սովորել է Պոլսի եւ ԱՄՆ-ի վարժարաններում, նախնական կրթությունը Վենետիկի Մխիթարյան վարժարանում է ստացել: Երկար տարիներ դասախոսել է Կալիֆոռնիայի համալսարանում: Բացի գեղարվեստական գործերից, Սյուրմելյանի գրական ժառանգության մեջ կարեւոր տեղ ունի «Արձակի տեխնիկա. Չափ եւ խենթություն» գիրքը, որն ամերիկյան մի շարք քոլեջներում ու բուհերում տարիներ շարունակ որպես ուսումնական ձեռնարկ է օգտագործվում:

Աբեղյանի անվ. գրականության ինստիտուտի «Գիտություն» հրատարակչությունը «Գրականագիտություն XX դար» մատենաշարով ՀԲԸՄ «Լեւոն Սյուրմելյան» հիմնադրամի աջակցությամբ տպագրել է գրողի վերոնշյալ ձեռնարկըՙ Արամ Արսենյանի բնագրային թարգմանությամբ: Երեկ ՀԲԸՄ-ի Հայաստանի ներկայացուցչությունում տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը: Հանդիսավարըՙ Հովիկ Յորդեքյանը ներկաներին խնդրեց հոտընկայս հարգել օրերս վախճանված բեյրութահայ գրականագետ, հրաշալի մտավորական, մշակույթի գործիչ Գրիգոր Շահինյանի հիշատակը:

ՀԲԸՄ-ի Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանը նշեց, որ Բարեգործականի մշակութային ծրագրերի մեջ կարեւոր է օտարագիր հայ գրողներին Հայաստանում ներկայացնելը, ինչպես Պիտեր Բալաքյանի «Ճակատագրի սեւ շունը» գիրքը եւ ահա երկրորդ արժեքավոր հրատարակությունը:

Մատենաշարը մտահղացող, գրքի խմբագիր Ազատ Եղիազարյանը ներկայացրեց ծրագրի առաջինՙ Դեժի դը Ռուժմոնի «Սերը Արեւմուտքում» գիրքը, իսկ Լեւոն-Զավեն Սյուրմելյանի «Արձակի տեխնիկան» գրքով մատենաշարը փորձում է կայանալ: Գիրքը հանգամանորեն ներկայացրեց բանասիրության դոկտոր Սուրեն Դանիելյանը: «Կարծես շտապում ենք Լեւոն-Զավեն Սյուրմելյանին մեր ճանաչողական տուրքը տալ» կիսահեգնական ասաց նա: Գրքի 10 ենթաբաժիններում հեղինակն անդրադառնում է գրականագիտական կարեւոր խնդիրների (գեղարվեստական բնագիր, պատումի սահմաններ, տեսարան, նկարագրություն, կերպար, սյուժե, ապրում, հույզ, ռիթմ, ոճի տարատեսակներ) եւ դրանով իսկ հրաշալի դասագիրք է համարվում երիտասարդ գրողների, գրականագետների համար: Սուրեն Դանիելյանը հատուկ ուշադրություն դարձրեց թարգմանության վրաՙ կատարված խնամքով եւ բծախնդրորեն: Գրքի որակյալ թարգմանության մասին խոսեց նաեւ Լեւոն Անանյանը , հիշելով Արամ Արսենյանի նախորդՙ բնագրային համարժեքությամբ գործերը (Ջեյմ Ջոյս, Ֆիցջերալդ, Նենսի Գրիգորյան, Սյուրմելյան «98,6»): Գրողի քրոջորդին իր հպարտությունը կիսեց ներկաների հետ առ այն, որ Սյուրմելյանի գիրքը որպես ուսումնական ձեռնարկ գործածվում է ԱՄՆ-ում եւ ակնարկեց իր մոտ գտնվող Թեքեյանի եւ Սյուրմելյանի նամականու հրատարակության մասին:

Գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի անկեղծ խոսքի անմիջական տպավորությունը գեղեցիկ վերջաբանն էր օրվա: Պատմեց Մելգոնյան վարժարանում ուսանելիս «Լույս զվարթի» ընթերցանության սքանչելի տպավորության մասին: ««Լույս զվարթը» գլուխգործոց մըն է հայ գրականության: Հայ մարդու հոգեկան աշխարհի ամեն ելեւէջ այդ բանաստեղծություններու մեջն է, ամբողջ Եղեռնը մեջն է»: Վ. Թեքեյանի հետ Սյուրմելյանի ընկերակցությունը համարեց հոգեւոր կյանքի գլուխգործոց, ԱՄՆ-ում Սյուրմելյանի հետ հեռախոսազրույցըՙ իր կյանքի ամենագեղեցիկ հիշատակներից: Տեսաբանության դերը մտածողության զարգացման համար կարեւորելովՙ նա թարգմանությունն արժեւորեց, քանի որ միջավայրից կտրված օտար մի բան չէ, «հայկական հոգիի շարունակությունը կա հոն»:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4