«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#25, 2009-02-14 | #26, 2009-02-17 | #27, 2009-02-18


ԲԱԼԻԻ ՃԵՐՄԱԿԱՄՈՐՈՒՔ ԱՐՔԱՆ

Ինդոնեզիան մեզ համար Terra incognita է, այնինչ մահմեդական խոշորագույն երկրներից է, համաշխարհային նավթարդյունաբերության հսկաներից: 765 ազգ-ազգությունների 210 մլն ներկայացուցիչ ապրում է 13.700 կղզիներում, որոնցից մի քանի հազարը նույնիսկ անվանում չունի: Բնակչության մեծ մասը գտնվում է չորս հիմնական կղզիներումՙ Ճավա, Կալիմանտան, Սումատրա եւ Սուլավեսի: Բայց կա եւս մեկը, որին անվանում են «Աստվածների կղզի», «Դրախտային կղզի», «Սիրո կղզի». դա Բալին է:

Վերջերս մայրաքաղաք Ջակարտայում գլխատվեցին երեք ահաբեկիչներ: Նրանք մահապատժի արժանացան այն բանի համար, որ (խնդրում եմ ուշադրություն դարձնել թվերի տարօրինակ զուգադրմանը) 2002-ի հոկտեմբերի 12-ին պայթեցրին Բալիի Կուտա Բիչ զբոսաշրջային կենտրոնի պարասրահը. զոհվեց 202 մարդ, տուժեցին 21 երկրների քաղաքացիներ: Եվ այս փաստը ներսումս արթնացրեց այն վաղեմի մտածմունքը, որ կանվանեի «հայկական վերհուշ», երբ մենքՙ հայերս, էական դերակատարություն ունեինք այդ երկրի կյանքում:

17-րդ դարում Ինդոնեզիան «հայտնաբերեցին» հոլանդացիները, հաստատեցին իրենց դարատեւ իշխանությունը, երկիրն անվանեցին Նիդեռլանդական Հնդկաստան, իսկ մայրաքաղաքը կոչեցին իրենց հնամենի երկրի անվամբՙ Բաթավիա (ներկայիս Ջակարտան): 1656-ին հոլանդացիների հետ եկավ ու Սուլավեսի կղզու Գովա իշխանության մայրաքաղաք Մակասարում (ներկայիս Ուջունգպանդանգ) բնակություն հաստատեց խոջա Սոլիման . նա Ինդոնեզիայի առաջին հայն էր:

Նպատակ չունեմ շարադրելու մեր ժողովրդի պատմության ինդոնեզահայության տարեգրությունը, ստորեւ կանդրադառնամ ընդամենը մեկ մարդուՙ մի զարմանալի հայի:

1875-ին 14-ամյա Մինաս Հակոբի Պողոսյանը Նոր Ջուղայից հասավ Կալկաթա, եւ դա սովորական բան էրՙ նորջուղայեցի պատանիներն արդեն երկու դարից ավելի այս ճանապարհն անցնում էին, գալիս, ուսում էին առնում եւ ազգականների մոտ առեւտրով զբաղվում: Մինասը երեք տարի ուսանեց Մարդասիրական ճեմարանում, սովորեց հայերեն, անգլերեն, թվաբանություն, առեւտրի արվեստ, բայց գործի հարցում բախտը չբերեց: Ժամանակներն էին այդպիսին. անգլիացիները, որ Հնդկաստան մուտք գործելու հարցում շատ բանով պարտական էին հայերին, այլեւս կարիք չունեին բարեկամներիՙ ի դեմս վտանգավոր տնտեսական մրցակիցների, եւ վաղուց ձեռնամուխ էին եղել շուկայից նրանց դուրս մղելուն: Բազմաթիվ հայ վաճառականներ արտագաղթել էին Հնդկաչինի երկրներ. նրանց թվում էր եւ Մինասի մորեղբայրը, որը հաստատվել էր Բաթավիայում:

Մինասը մոտ մեկ տարի պարապ-սարապ թրեւ եկավ, մի օր էլ պատահաբար ձեռքն ընկավ Գալստանյանի «Ուսումնասեր» թերթը, որտեղ տպագրված էր ուշագրավ ծանուցում: Հայտնվում էր, որ կա Ավստրալիա անվամբ մայրցամաք-երկիր, որի կառավարությունը 31 տարով հող էր տրամադրում, իսկ ժամկետը լրանալուց հետո այն դառնում էր դրա վրա աշխատողի սեփականությունը:

Մինասն առանց երկար-բարակ մտածելու նավ նստեց, բայց ճամփին որոշեց այցելել մորեղբորը: Քեռին լսեց զարմիկին եւ ասաց.

- Լսիր, էդ Ավստրալիան անծանոթ բան է, մերոնցից ոչ ոք դրանից լուր չունի: Արի ես քեզ ուրիշ խորհուրդ տամ: Էստեղից ոչ հեռու մի կղզի կաՙ Բալի: Շատ սիրուն, առատ բերքերով հարուստ տեղ է: Տղամարդիկ արտաքինից հաղթանդամ են, բայց ամբողջ գործը կանայք են անում: Ուտում, քնում եւ միմյանց սիրում ենՙ երբ ուզում են: Գնա էդտեղ առեւտրով զբաղվիր, ես էլ կօգնեմ:

Մինասը նավակ նստեց, հատեց Լոմբոկի նեղուցը եւ ափ իջավ Բալիում: Դա հիրավի դրախտավայր էրՙ բուդդայական հնամենի տաճարներ, բուսական ու կենդանական աներեւակայելի աշխարհներ, իսկ մարդիկ այնքան պարզ, բարի ու ժպտերես էին, որ Մինասն իսկույն սիրահարվեց կղզուն:

Վաճառական ու պատմաբան Հորդանան Հորդանանյանըՙ նրա ժամանակակիցը, գրում է, որ 1880-1892 թթ. Մինասն ուներ խանութ, նա սուրճ, բրինձ, ափիոն եւ այլ ապրանքներ էր արտահանում Սինգապուր: Բալին մաքսազերծ, ազատ կղզի էր եւ առեւտրի համար իդեալական վայր:

Միայն մի խանգարիչ հանգամանք կարՙ ներկայությունը երկու հոլանդացի իշխանավորների, որոնք ի սկզբանե չսիրեցին Մինասին: Տեսնելով բալիցիների լիակատար կտրվածությունն աշխարհից, քաղաքակրթությունիցՙ Մինասը մի անգամ գնաց հոլանդացիների մոտ, թեՙ մի նավակ հատկացրեք, թող կղզեբնակները Ճավա գնան-գան: Հոլանդացիները հրաժարվեցին: Այդժամ Մինասը հիմնեց մի ֆիրմաՙ Minas Tourist Agency անվամբ, եւ սկսեց օրական մեկ անգամ մարդկանց տեղափոխել Ճավա, վարձը սահմանելով 2 գուլդեն: Դա տեսնելովՙ հոլանդացիներն իրենք սկսեցին նույն բանն անել, բայց 1,5 գուլդենով: Մինասը գինն իջեցրեց 1 գուլդենի, հոլանդացիներըՙ կես գուլդենի: Ի պատասխանՙ Մինասն սկսեց մարդկանց ձրի տեղափոխել, որովհետեւ կղզեբնակներին շատ էր սիրում, եւ այդ սերը փոխադարձ էր:

Սակայն Մինաս Պողոսյանի կյանքում տեղի ունեցավ մի իրադարձություն, որը նրա կյանքը շրջեց վաճառականի սովորական ուղուց եւ դրդեց անել մի բան, որով մնաց պատմության մեջ: 1920-ական թվականներին Բաթավիայում նա տեսավ... կինո: Դա այն աստիճանի ցնցեց Մինասին, այնպես տակնուվրա արեց նրա ներաշխարհը, որ բանուգործը գրեթե մոռացավ:

Ցանկանալով այդ զարմանահրաշ արվեստին հաղորդակից դարձնել նաեւ բալիցիներինՙ 200 գուլդեն ծախսելով նա հիմնեց կղզու առաջին կինոթատրոնը: Պարբերաբար ֆիլմեր էր բերում Բաթավիայից ու ցուցադրում: Բայց կղզեբնակները փողային հարաբերություններից հեռու մարդիկ էինՙ գալիս-նայում էին, սակայն ոչ ոքի մտքով չէր անցնում դրա համար վճարել...

Փույթ չէր: Մինասն այնքան էր սիրում բալիցիներին, որ վճարեց անգլիացի գրող Փաուելին, եւ սա գրեց կղզու մասին առաջին գրքերից մեկըՙ «Դրախտը երկրի վրա»: Հայկական աղբյուրները վկայում են, որ նրա պատվերով նկարահանվել է նաեւ Բալիի մասին առաջին փաստավավերագրական ֆիլմը. ստույգ հայտնի է, որ այդ կինոնկարըՙ «Արքայի դիակիզումը», 1926-ին նկարահանել է հոլանդացի ռեժիսոր Վ. Մյուլենսը:

1935-ին անգլիական «Մեգեզին սեքշըն» լրագիրը տպագրեց «Բալիի սպիտակամորուք արքան» վերնագրով հոդվածը: Մինաս Պողոսյանին այդպես էին անվանում բալիցիները...

ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4