Հայաստանի եվրոպական շարժումն արդեն երեք տարի որոշակի գործունեություն է ծավալում: Կազմակերպիչները հյուրընկալել են Ֆրանիսայի դեսպան Սերժ Սմեսովին, Լեհաստանի դեսպան Թոմաս Քնոհթեին` զրուցելով Հայաստանի եւ ԵՄ-ի փոխհարաբերությունների ու առաջիկա զարգացումների մասին: Կառույցի գլխավոր նպատակն է որդեգրել եվրոպական արժեքներն ու բրյուսելյան կյանքը տեղափոխել Երեւան: Հայաստանի եվրոպական շարժման հիմնադիր Վիկտոր Ենգիբարյանի խոսքերովՙ կառույցում անդրադառնալու են համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին ու փորձելու են կոնֆերանսների` զրույցների, գիտաժողովների ու բանավեճերի ընթացքում լուծել ծագած խնդիրները: Այս կերպ շարժման կազմակերպիչները ցանկանում են եւս մեկ քայլով մոտենալ եվրոպական արժեքներին, որովհետեւՙ իրենց վստահեցմամբ, այժմ եվրոպական քաղաքակիրթ երկրներում հարցերը լուծվում են հենց փիլիսոփաների, հոգեբանների օգնությամբ:
Եվրոպական շարժումը նախատեսել է Երեւանում բացել գերմանական համալսարան` նպատակ հետապնդելով իրականացնել բազմաթիվ գիտահետազոտական ծրագրեր, թրեյնինգներ, որոնք էական նշանակություն կունենան ոչ միայն համալսարանում սովորող ուսանողների, այլեւ հասարակության լայն շերտերի համար: Կրթական ծրագրերից բացի կիրականացվեն մի շարք մշակութային նախագծեր, հետազոտություններ: Հայ ուսանողները կսովորեն եվրոպագիտություն, միջազգային հարաբերություններ, տնտեսություն, կուսանեն ձեռնարկությունների կառավարման հոգեբանություն: Նմանատիպ կենտրոններ արդեն գործում են Գերմանիայի մի շարք քաղաքներում: Այլ կրթական հաստատություններից վերոնշյալ համալսարանը կառանձնանա ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ: Հեռուստաէկրանների միջոցով ուսանողները դասախոսություն կլսեն հենց Գերմանիայից: Կազմակերպիչների վստահեցմամբՙ հավաքվել է դասախոսական լուրջ կազմ: Համալսարանի հիմնադիր եւ պատվավոր նախագահ պրոֆեսոր Պաուլ Իմհոֆը Գերմանիայում ունի մինի ստուդիա ու նկարահանում է գիտահետազոտական ֆիլմեր: Նրա խոսքերովՙ քաղաքակրթության օրրան համարվող Եվրոպան նպատակ է հետապնդում կամուրջ ստեղծել Հայաստանի հետ, փոխանակել հոգեւոր արժեքներ:
Համալսարանի գործունեությունը կսկսվի սեպտեմբերից: Կրթական հաստատությունում կծավալվի միայն մագիստրոսական գործունեություն` կենտրոնանալով որակական կրթության վրա:
«Հայկական ավանդական կրթական համակարգում կան բազմաթիվ թերացումներ եւ «թույլ կետեր»: Ուսանողները ստանում են հիմնական կրթություն, սակայն միայն տեսականացված: Պրակտիկ գործողությունները ուսուցման ընթացքում գրեթե բացակայում են: Այնուհետեւ, երբ նրանք ավարտում են համալսարանը` առաջանում են աշխատանքի տեղավորման հետ կապված հարցեր, որովհետեւ տեսականորեն նրանք նյութին տեղյակ են, սակայն անհրաժեշտ է որոշակի ժամանակահատված, որպեսզի կարողանան իմացածը կիրառել նաեւ առօրյայում: Սա Գերմանիայի կրթական համակարգում վաղուց լուծված պրոբլեմ է համարվում: Ուսանողները պատրաստ կլինեն գործելու աշխատաշուկայում, իսկ ուսուցումը լիովին կհամապատասխանի եվրոպական համակարգին», ասաց համալսարանի տնօրենների խորհրդի նախագահ Էդուարդ Սադոյանը:
Դեռեւս որոշված չէ, թե որքան է կազմելու ուսման վարձը, սակայն Սադոյանը վստահեցրեց, որ գումարը չի գերազանցի Հայաստանում գործող լավագույն ու առաջատար բուհերի տարեկան վարձը: Այժմ համալսարանում տարվում են վերջին աշխատանքներն ու լուծվում են տեխնիկական խնդիրները: Ընդունվելու համար գերմաներենի իմացությունը կարեւոր նախապայման չէ, սակայն անգլերենին կատարյալ տիրապետումը պարտադիր է: Համալսարանը դեռեւս չի գրանցվել կրթության ու գիտության նախարարությունում եւ չի համարվում պետական բուհ:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ