Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի Հունաստան կատարած այցը ուղեկցվել է ՀՅԴ Հունաստանի Երիտասարդական միության կազմակերպած բողոքի ցույցով: Հաղորդվում է, որ Ադրբեջանի նախագահի անդորրը խախտվեց, երբ Հունաստանի Առեւտրային պալատ մուտք գործելու պահին ցույցի մասնակիցները բարձրաձայնեցին` «Ղարաբաղը մերն է»: Հանդիպումից մեկ ժամ առաջ Առեւտրային պալատի առջեւ հավաքված երիտասարդ դաշնակցականները պարզել են Հայաստանի, Հունաստանի եւ Արցախի պետական դրոշները, ինչպես նաեւ մի պաստառ` «Ալիեւ, վերջ տուր ագրեսիային, Լեռնային Ղարաբաղը արդեն իսկ անկախ է» գրությամբ: Ինչպես նշում է «Ազատ օր»-ը, Ադրբեջանի նախագահի ժպիտը սառեց դեմքին, երբ զրահապատ մեքենայից դուրս գալով հայացքն ուղղեց դիմացի մայթին խմբված բազմությանը եւ լսեց հայության արդար բողոքի ու պահանջի ձայնը: Հույն գործարարների հետ հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահը մեկ անգամ եւս առիթն օգտագործել է հակահայ հայտարարություններ հնչեցնելու համար, հաղորդում է «Նոյյան տապանը»: