Նախորդ տարվա հոկտեմբերի 8-ին հայ-ադրբեջանական սահմանը խախտած եւ հայկական կողմին գերի հանձնված ադրբեջանցի զինծառայող, շարքային Ռաֆիկ Ռահման Օղլի Հասանովը դեռ չի նշել այն երրորդ երկիրը, որտեղ կցանկանար տեղափոխվել: Զինծառայողը հայկական զինված ուժերին հանձնվելուց հետո նշել էր, որ չի ցանկանում վերադառնալ Ադրբեջան` սահմանը խախտելու պատճառը համարելով այն, որ իրեն ստորացնում էին ադրբեջանական զինված ուժերի 707 բրիգադի 5-րդ գումարտակում, որը տեղակայված է Ղազախում եւ որտեղ ծառայել է երեք ամիս: Ինչպես «Արմենպրեսի» հետ զրույցում նշեց գերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավարը, Ռ. Հասանովը չի դիմել նաեւ Հայաստանում կացության կարգավիճակ ստանալու համար: Հանձնաժողովը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ մի քանի հանդիպումներ է ունեցել Ռ. Հասանովի խնդրով, կոմիտեի աշխատակիցները բազմիցս այցելել են հայկական կողմում գտնվող զինծառայողին: