Անցած տարի այս օրը նախագահական ընտրություններ էին: Դեռ ամեն ինչ ելման կետում էր: Ոչ ոք դեռ չէր ասել` վերահաշվարկ: Դեռ օդում էին «Առաջ, Հայաստանի» եւ «Հաղթելու ենք»-ի ելեւէջները: Մարտի 1-ը չէր էլ ենթադրվում. 2003-ի ապրիլի 12-ի նման մի բան` գուցե, բայց մարտի 1` երբեք: Ջինը շշից դեռ բաց չէր թողնվել: Դեռ ոչ ոք չէր ասել` կեղծել են: Դեռ ոչ ոք «Ազատության» հրապարակում չէր պարում եւ անհամբեր չէր գոռում` «Հիմա՛, հիմա՛»:
Ոչ ոք չի կարող ժամանակը կանգնեցնել: Բայց այնպես անել, որ մարտի 1 չլիներ` կարող էր: Հիմա երիցս էլ ուզենանք վերադառնալ այդ օրվա մեջ ու նորից ճամփա ընկնել, սկսել մաքուր էջից, որ չլինեին զոհերը, չլինեին նրանց հարազատների չներող հայացքները, չլինեին երկրին ամոթ բերող բանաձեւեր ու զանազան «իմպրտնի» ապսպրանքներ, ու երկրի նոր ընտրված նախագահը հանգիստ խղճով ձեռնամուխ լիներ այս փոքրիկ երկրի մեծ պրոբլեմները լուծելու` չենք կարող: Չենք կարող քաղաքակիրթ հանրույթների նման հանգիստ փակել նախագահական ընտրությունների օրվա վարագույրը, գնալ տուն` քաղաքացիական պարտքը կատարած, վաստակած ու գոհ մարդու նման եւ սպասել, որ գցածդ քվեաթերթիկը խաղաղություն ու հանգստություն է բերելու երկրին: Դրան խանգարող հազար ու մի հանգամանք աչքն ի տես է, ու նախ եւ առաջ` հայերիս մաքսիմալիզմն ու ղեկավար չհավանելու մշտական հավակնոտությունը, ու նաեւ` դժգոհների, անիրավվածների, երկրի «արդարադատության» դրբի տակ ընկածների, անոթիների ու գործազուրկների մշտական առկայությունը, ում օգտագործող միշտ էլ գտնվելու է.... Ժամանակի մեքենան դեռ կինոնկարների նյութ է, այնպես որ, իսկապես, ելման կետ վերադառնալու հնարավորություն` չիք: Բայց ... երազել մեզ ոչ ոք չի կարող արգելել:
2018 թվական, փետրվարի 9, նախագահական ընտրություններ: Ոչ մի ցույց, ոչ մի բան: Ազգային համաձայնության այնպիսի՜ մթնոլորտ, որ Ուգո Չավեսը կնախանձեր: Մարդիկ ընտրության են գնում որպես տոնահանդես: Ոչ ոք հանրահավաքի չի կանչում: Մեր տնտեսությունն իսկապես վագրային թռիչքներ է կատարել, մարդկանց աշխատավարձը օր-ապրուստին հերիքում է ուղիղ 32 օր, աղբամանները ոչ ոք չի քրքրում, աղբաման էլ չկա, որովհետեւ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն աղբը սրբում- տանում է ճապոնացիների կառուցած աղբի վերամշակման գործարան, Ալրաղացի Լյովը շրջում է փողոցներում առանց թիկնապահների, ծաղիկներ է բաժանում ու ժողովրդին աջուձախ գլուխ է տալիս, Րաֆֆի Հովհաննիսյանն էլի Վերնիսաժում սեղմում է բոլոր առեւտրականների ձեռքերը` բոլորը հաշտ ու համերաշխ են, պայքարի ճակատ էլ չկա, արդեն նախկին նախագահ Սերժ Սարգսյանն Անգլիական այգում նարդի է խաղում էլի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ` անընդհատ ամոթանք տալով, թե վեր կաց, գնանք, մեր աճեցրած Աշոտյանին նախագահ ընտրենք: «Կաց մի քեզ կրեմ, հետո», ասում է Քոչարյանը:
Ժողովուրդն էլ երգ ու պարով, առանց փողի, առանց տաքսիներով ու երթուղայիններով բերման ենթարկվելու, ուրախ-զվարթ գնում է իր սիրելի Աշոտյանին նախագահ ընտրելու` ջահել, սիրուն, մազով (մինչեւ 2018 թիվը Աշոտյանը մի ողջ մազածածկույթ կրակած կլինի գլխին, ու ժողովուրդը կընտրի անմրցակից, բոյով, սիրուն, խելոք, ու ոչ մի «այիբ» չունեցող նախագահ):
Ու մինչ նվագախումբը «Մեր հայրենիքն» է նվագում` ջիփերից ու համերներից այդ օրն ազատ փողոցներով ժողովուրդը փուչիկներով, ծաղիկներով ու հոգեորսությունն արգելող գրքույկների գունավոր նկարները նայելով, Նժդեհի նկար-պաստառները ճոճելով` գնում է ազգային համաձայնության թեկնածու Աշոտյանին նախագահ դարձնելու: Հաջորդ օրը նույնքան անամպ է լինելու, որքան ընտրությունների օրը, ոչ մեկը երկիրն «ավազակապետություն» չի կոչելու եւ իշխանական բուրգը քանդել չի ցանկանալու, քանի որ բոլոր երիտասարդ ընտանիքներն այդ պահին իրենց բնակարաններում են ապրելու, գործազրկությունը 0,01 տոկոս է, երկիրը դարձած է լինելու զբոսաշրջության ու ֆինանսական կենտրոն, թոշակառուները իրենց թոշակներով մի բան էլ թոռների համար «Գրանդ քենդի» շոկոլադ են առնելու, ամեն օր, օրը երկու հատ, շոկոլադ...
Մեկը բոթում է կողքս` ինձ վերադարձնելով իրականություն:
Չե, սա Ռիո դե Ժանեյրոն չէ, այստեղ մարդիկ շարունակում են են խոսել 225 եւ 300 հոդվածները վերաձեւելուց. ընդդիմությունն ասում է` այդ հոդվածները դիտմամբ այնպես են վերափոխում, որ մեր քաղբանտարկյալներին լավ դատեն ու նստեցնեն, իշխանական կողմից էլ ասում են, թե` չէ, փոխում ենք, իսկ դատավորներն իրենք պետք է գլխի ընկնեն ու բաց թողնեն քաղ... չէ, բանտարկյալներին, իսկ նախագահական ընտրությունների 1 տարին էլ նշում ենք շատ ձեռքբերումներով` երկիրը կայուն ենք պահել, դոլարը նույնպես, Ղարաբաղն էլ չենք տվել:
Երազելու իրավունքով`
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ