«Փետրվարի 4-ին «Ազգ» օրաթերթում տպագրվել է Լեւոն Սարգսյանի հեղինակած հոդվածըՙ «Աղետին սպասելիս» վերնագրով: Ելնելով հասարակայնության շահերիցՙ «Արմենտել» ՓԲԸ-ն պաշտոնապես հայտնում է, որ այդ հոդվածում տեղ գտած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
Մասնավորապես, հոդվածում նշվում է, որ «Կապի հայաստանյան օպերատորներից «Բիլայնը» («Արմենտել») օրերս հայտարարեց, որ համաշխարհային ճգնաժամի հետ կապվածՙ ընկերությունը ոլորտի զարգացման ուղղությամբ որեւէ ներդրում չի անելու»:
Ցանկանում ենք Ձեզ տեղեկացնել, որ ոչ «Արմենտել» ընկերության կողմից եւ ոչ էլ ընկերության սեփականատերՙ ռուսաստանյան «Վիմպելկոմի» կողմից երբեւիցե նման հայտարարություն չի արվել: Հակառակը, ընկերության ղեկավարությունը ի դեմս «Արմենտելի» գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովի բազմիցս հայտարարել է, որ չնայած միջազգային ճգնաժամինՙ «Վիմպելկոմի» վիճակը կայուն է, եւ Հայաստանում սկսված ներդրումային ծրագիրը շարունակվում է ըստ նախագծված ժամանակացույցի: Ավելին, նախատեսվում է, որ 2009-ին այն ամբողջությամբ կկատարվի»:
Խմբ. կողմից. - Վերոհիշյալը «Արմենտել» ՓԲԸ-ից ստացված պաշտոնական նամակից է: Մենք ուրախ ենք, որ «Արմենտելը» շարունակելու է ներդրումային իր ծրագրերն ըստ նախագծված ժամանակացույցի: Ցավ ենք արտահայտում հոդվածագրի պնդումների համար եւ խոստանում ենք այսուհետեւ առավել ուշադիր լինել: