«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#26, 2009-02-17 | #27, 2009-02-18 | #28, 2009-02-19


«Է»` ՄԵՐ ԼԵԶՎԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ

...Եվ մի քիչ դադար տալով` արտասանեց. «Մարդ կա` հելել ա շալակն աշխարհի, մարդ էլ կա` աշխարհն ա շալակած տանում»...

Ժամանակակից հայ գրող

Ամիսներ առաջ, երբ «Ազգ» -ի էջերում մտահոգություն էինք արտահայտել վերջին տարիներին «ա»ախոսության աննախադեպ, համընդհանուր ծավալման մասին, դրությունը կարծես այսքան աղետալի չէր: Համենայն դեպս, փոքրիկ հույս կար, որ «ա»ախոսության ալիքը շահագրգիռ պատասխանատուների ու մեր իշխանավորների կամքով խփվելու է ողջախոհության պատին եւ մարելու է: Գոնե` պաշտոնական խոսքում, հեռուստաեթերում, տպագիր մամուլում: Սակայն օր օրի ակնհայտ է դառնում, որ ողջախոհության պատը ոչ միայն չի կառուցվում, այլեւ սկսում է անհետանալ այն հիմքը, որի երկու կողմերում մեր մայրենիի անվտանգության առումով էական նշանակություն ունեցող լեզվական մի իրողության ճիշտ ու սխալ դրսեւորումներն են` «է»-ի փոխարեն «ա» օժանդակ բառի գործածությունը: Արդարեւ, մեր լեզվի «է»ականությունն այսօր վտանգված է, եւ վիճակը երբեք ավելի աղետալի չի եղել: Աղետալի` որովհետեւ ամեն օր ու ամեն ժամ ականջալուր ենք լինում, թե ինչպես են «ա»ախոսում պետական այրերը` նախագահը, վարչապետը, նախարարը (թարմ օրինակ` «Հայլուր» լրատվականի անցած շաբաթվա հաղորդումները, մասնավորապես` փետրվարի 14-ի), մտավորականը` նկարիչը, գրողը, լեզվաբանը: Ընդ որում` «ա»ախոսում են ոչ թե ընտանիքում կամ ընկերական միջավայրում (որ միանգամայն հասկանալի է, մայրենի բարբառը պահպանելու առումով` ողջունելի). «ա»ախոսում են զանազան պաշտոնական հանդիպումներում, նիստերում, ասուլիսներում, հեռուստաեթերում, ամբիոններից` ամենուր եւ ի լուր բոլորի:

Օրերս «Հայելի» ակումբում հայոց ինքնության տոն սահմանելու խնդրով Մատենադարանի գիտաշխատող Վարդան Դեւրիկյանի հետ բանավիճում էր գրող, պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը: Եվ զարմանալի էր լսել, որ հայի ինքնության պահպանմամբ մտահոգ հայ գրողն «ա»ախոսության հեղեղին ինքն էլ իր կաթիլն է ավելացնում: Եվ եթե «ա»ախոսությունը սպրդում է նույնիսկ Ալվարդ Պետրոսյանի մաքուր հայերենի մեջ, ի՛նչ կարելի է սպասել նրա գործընկեր պատգամավորներից, որոնց բացարձակ մեծամասնությունը «ա»ախոս է: Իսկ օգոստոսի 11-ը (Հայկի ձեռքով Բելի սպանվելու օրը) հայոց ինքնության տոն հռչակելու մեր պատգամավորների հայրենասիրական պոռթկման առիթով թերեւս կարելի է պատգամել նրանց` ամեն օր ձեր իսկ բերանով մի՛ սպանեք հայոց լեզվի ինքնության վկա «է»-ն, եւ ամեն մի այդպիսի օրը երախտագետ ընտրողի կողմից կընկալվի իբրեւ յուրօրինակ օգոստոսի 11:

«Ա»ախոսում են, բնականաբար, հայաստանյան եթերը գրոհած տեղական բոլոր սերիալները` իրենց տաղանդավոր ու անտաղանդ դերասաններով: Եվ զարմանալին այն է, որ հայկական սերիալների հերոսների մեջ եթե պատահում էլ է «է»ախոս մեկը, ուրեմն անկասկած ծիծաղելի կերպար է` «խփնված» արվեստագետ («Վերվարածներն ընտանիքում»` ջութակահար Միսակ), խեղճուկրակ ուսուցիչ («Այսպես էլ ապրում ենք»` ընկեր Սերոբյան եւ այլն): «Է»ախոս դարձնելով հերոսների, ովքեր իբր թե ծիծաղելի են կամ խղճահարույց, մեր սցենարիստների ու կինոբեմադրիչների «նվիրական» ջանքով ծիծաղելի ու խղճուկ է դառնում նաեւ հայոց լեզվի հիմնաբառ «է»-ն: Վերադառնալով հայկական սերիալներում մեր դերասանների (նրանց կերպավորած հերոսների) լեզվին` հավելենք, որ այդ սերիալներում իրենց վարպետ խաղով ամենավտանգավոր դերակատարությունն ունեն հե՛նց տաղանդավոր դերասանները, որովհետեւ նրանց տաղանդը դառնում է «ա»ախոսության օրինականության մի վտանգավոր հավաստում:

Բավական ժամանակ է, որ հանրային հեռուստաընկերությունը ցուցադրում է «Որբերը» սերիալը, որի մասին արդեն շատ գրվել-խոսվել է: Գրվել է մասնավորապես սերիալի հոգեբանական ու դաստիարակչական հնարավոր բացասական ազդեցությունների մասին ոչ միայն մանուկ հեռուստալսարանի, այլեւ հենց իրենց` մանուկ ու պատանի դերասանների վրա: Բոլոր այսօրինակ մտահոգությունների թվում, սակայն, կա մեկը, որի մասին քիչ է խոսվում. մեր մանուկ դերասանները խոսում են մի լեզվով, որ հեռու է գրականից, նրանք բոլորը «ա»ախոս են` մեծերի հրահանգով ու թույլտվությամբ: Նրանց ուղեղներում արդեն կարծրանում է այն գիտակցությունը, թե կինոյի լեզուն, ուրեմն նաեւ հայոց լեզուն հենց «բերում ա», «տենում ա», «քցում ա»-ն է:

«Ա»ախոս բազմաթիվ նոր հերոսներ է շարունակում ասպարեզ բերել հայ ժամանակակից գրականությունը: Արմեն Շեկոյանը մամուլում «Հայկական ժամանակ» վեպի 7-րդ գրքի 22-րդ գլուխն է արդեն տպագրել, եւ միայն պատկերացնել կարելի է, թե հիմա «ա»ագրության ի՛նչ պատկառելի հավաքածուի տեր են նա եւ իր ընթերցողը: «Ա»ագիր իր հրապարակագրությունն է անխոնջ շարունակում Մարինե Պետրոսյանը: Այս մեկն ավելի առաջ է գնացել` նա միայն «ա» օժանդակ բառից է օգտվում նաեւ հեղինակային խոսքում. տիկինը երդվյալ «ա»ագիր է: «Ա»ախոսությունն այսպես գրավոր կերպ է առնում` աննկատելիորեն սովորական ու կամաց-կամաց հարազատ դառնալով նաեւ աչքի համար:

Աչքի համար` սովորական դարձող, ականջի համար` սովորական դարձած «ա» օժանդակ բառն այսպես բռնում է նաեւ կանոնական դառնալու ճանապարհը, եւ շատ շուտով հետդարձի արահետ էլ չենք ունենալու:

Ցավոք, «ա»ախոսության օրինականացման ճանապարհին իր նպաստն է բերում հայ լրագրողը: Օրերս (15 փետրվարի) Հ1 պետական հեռուստաընկերության եթերում Արմեն Դուլյանի «Ասպարեզ» հաղորդումն էր, եւ իսկապես ցավալի էր հետեւել ու լսել, թե ինչպես էին ամբողջ հաղորդման ընթացքում «ա»ախոսում հյուրընկալված լրագրողները, եւ նրանցից` հատկապես «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության պաշտոնյա Գեղամ Մանուկյանը, «Կենտրոն» հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանը: Վերջինիս խոսքը նաեւ չափազանց յուրօրինակ էր. ամբողջ հաղորդման ընթացքում բացառիկ խոսքաշատ այդ մասնակիցը հաջողեց «է» օժանդակ բառի օժանդակությունից չօգտվել... եւ ոչ մի անգամ:

Հայ լրագրողը «ա»ախոսության օրինականացման մեջ իր «ավանդն» է բերում նաեւ այն ժամանակ, երբ փորձում է դուրս չգալ անկողմնակալ լրատուի շրջանակներից եւ իր լրագրային նյութի հերոսի (քաղաքացի, քաղաքական գործիչ, պաշտոնյա) խոսքը ներկայացնում է առանց խմբագրման` բանավոր անխաթար կերպի մեջ` «իմն ա», «խառնվում ա», «զգում ա»...

Վերադառնամ խորհրդանշական պատկերին ողջախոհության այդպես էլ չկառուցված պատի, որի մի կողմում մեր ոսկեղենիկ հայերենն է` Մաշտոցի, Եղիշեի, Նարեկացու, Չարենցի, Տերյանի լեզուն, իսկ մյուս կողմում` լեզվական այն աղտեղությունը, որ թափվում է մեր գլխին ամեն օր` հեռուստաեթերից, մամուլից, սերիալներից: Վերադառնամ ու հորդորեմ` Աստծու սիրուն, եկեք կառուցենք այդ պատը, այլապես վաղը ուշ կլինի:

Կկամենայի նաեւ մի առաջարկով դիմել լեզվի պետական տեսչությանը, որը Ազգային ժողով «Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծ է ներկայացրել: Կարծում եմ` տեղին կլիներ, եթե նշված օրենքում առանձին կետով (կամ այլ կերպ) ամրագրվեր «է» օժանդակ բառի կիրառության համապարտադիրությունը պաշտոնական խոսքում, հեռուստալեզվում, ընդհանրապես` տեղեկատվության ոլորտում: Գուցե դա՞ օգնի:

Եթե չօգնի էլ, ապա գոնե կդառնա մի քար ողջախոհության այն պատի հիմքում, որ բոլորս ենք պարտավոր կառուցել:

ԼԵՎՈՆ ՍԱՐԳՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4