«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#26, 2009-02-17 | #27, 2009-02-18 | #28, 2009-02-19


ԳՐՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ` ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՇՈՒՔԻ ՆԵՐՔՈ

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը` փետրվարի 19-ը այսուհետեւ տոնացույցում կնշվի նաեւ որպես գիրք նվիրելու օր: ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանի հավաստմամբ, նոյեմբերին` թումանյանական օրերի ժամանակ, երբ գրողները Դսեղում կարդացել են Թումանյանի ստեղծագործությունները` հավաքված պատանիները դժգոհել են, որ գրքեր չունեն, եղածն էլ պատառոտված է: Հենց այդ փաստն էլ պատճառ էր, որպեսզի ՀԳՄ-ն մշակույթի նախարարության, Ազգային գրադարանի ու հասարակական կազմակերպությունների աջակցությամբ նախաձեռնի ամենամյա միջոցառում` գիրք նվիրելու տոն: Միջոցառման նպատակն է հանրության ուշադրությունը սեւեռել դեպի գիրքն ու հերթական անգամ կարեւորել նրա նշանակությունն ու դերը:

Գրողների միությունում կայացած հանդիպումը սկսվեց գրքի նվիրատվությամբ: Հանդիպման մասնակիցներին նվիրեցին արդի հայ քնարերգության վերջերս լույս տեսած հատորը, որտեղ տպագրված են Հայաստանի եւ Արցախի ժամանակակից գրողների լավագույն ստեղծագործությունները:

Այսօր ավելի քան 10.000 կտոր գիրք կնվիրաբերվի Երեւանի ու մարզերի գրադարաններին: Ազգային բանակի գրադարանն էլ կհարստացվի 2.000 կտոր գրքով: Գրքի նվիրատվության խորհուրդը կընկալեն նաեւ Լեւոն Անանյանի հայրենի գյուղի` Կողբի թիվ 1 դպրոցի աշակերտները: Անանյանը դպրոցի գրադարանին կնվիրաբերի 3.000 կտոր գիրք: Այսօր առավոտյան մայրաքաղաքի միջնակարգ կրթական հաստատություններում կհայտարարվի թումանյանական բաց դաս, որի ժամանակ դպրոցներին կնվիրաբերվեն գրքեր, իսկ ժամանակակից գրողները պատանիներին կներկայացնեն Թումանյանի ֆենոմենը: Լեւոն Անանյանը մտադրվել է մրցույթ հայտարարել «Լավագույն ընթերցող» խորագրով, որին կմասնակցեն հանրապետության միջնակարգ դպրոցների աշակերտները:

Լեզվի տեսչության աշխատակիցները նույնպես մասնակցելու են թումանյանական բաց դասերին: Լեզվի տեսչության պետ Լավրենտի Միրզոյանը նշեց, որ թումանյանական միջոցառումներից հետո` փետրվարի 24-26-ին այցելելու են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որտեղ նույնպես մեկնարկելու է գիրք նվիրելու տոնը: Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանն էլ կարեւորեց Արցախում գիրք նվիրելու ավանդույթի վերականգնումը` մատնանշելով ղարաբաղյան գրադարանների գրեթե փլված վիճակն ու գրքերի հնամաշությունը:

Թումանյանական միջոցառումների շրջանակներում ԱԳ-ի աշխատակիցները կայցելեն Դսեղ: «Դսեղի գրադարանին կնվիրաբերվի 154 անուն գրականություն: Հիմնականում կնվիրենք հայ ժամանակակից գրականություն, որպեսզի մարզերի բնակիչները ծանոթանան ժամանակակից հայ մտածողների գրականությանն ու գաղափարներին», ասաց Դավիթ Սարգսյանը` փաստելով, որ գիրքը լավագույն նվերն է:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4