«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#26, 2009-02-17 | #27, 2009-02-18 | #28, 2009-02-19


ՔԱՂՎԱԾՔՆԵՐ ՀԱՅԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀՈԴՎԱԾՆԵՐԻՑ

«Վերջին շրջանում միջազգային մամուլում հայերի վերաբերյալ այնքան շատ հոդվածներ տպագրվեցին, որ անհնար է բոլորը կարդալ եւ մեկնաբանել», գրում է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը եւ բերում մի քանի օրինակներ, որոնք մենք ստորեւ ներկայացնում ենք թարգմանաբար:


Հրեա բարձրաստիճան մի զինվորական անցյալ շաբաթ փոխադարձ մեղադրանքներով ամբաստանեց Թուրքիայի վարչապետ Էրդողանին: Գեներալ մայոր Ավի Միզրահին հորդորեց Էրդողանին «նախ հայելու մեջ իրեն նայել» եւ վերհիշել հայերին բաժին ընկած ցեղասպանությունը, քրդերի հանդեպ գործադրված ճնշամիջոցները, Հյուսիսային Կիպրոսի բռնազավթումը եւ այլն: Ի պատասխանՙ Թուրքիայի արտգործնախարարությունն իր վրդովմունքն արտահայտեց, Թուրքիայում Իսրայելի դեսպանին հանձնելով բողոքի դիվանագիտական նոտա: Բացի դրանից, թուրք բարձրաստիճան մի զինվորական հայտնեց, որ խիստ վիրավորված էր հրեա գեներալի հայտարարությունից: Զարմանալի է, որ ոչ թե 1,5 մլն հայերի ցեղասպանության փաստն էր «վիրավորել» նրան, այլ այդ փաստի վերաբերյալ հայտարարությունը:

***

Ըստ թուրքական «Դողան հաբեր» լրատու գործակալության տվյալների, Կայսերիի (Կեսարիա) Ուսուցիչների ասոցիացիայի նախագահ Ալի Իհան Օզթուրքն իր մի քանի գործընկերների հետ քաղաքի գլխավոր հրապարակում հալվա է բաժանել անցորդներին «Հիտլերի հոգու համար»: Նա նշել է, որ այդ քայլին է դիմել ի պատասխան Թուրքիային ուղղված Իսրայելի քննադատությունների: Հետաքրքրական է տեսնել, թե Իսրայելի ղեկավարները կուլ տալո՞ւ են այս «դառը» հալվան, թե՞ համապատասխան քայլի են դիմելու:

***

Կարծես վարչապետ Էրդողանը բավականաչափ չէր զայրացրել Իսրայելին եւ Ամերիկայում ապրող հրեաներին, հիմա էլ թուրք մի դատախազ հայց է ներկայացրել, թե Գազայում կատարվածը «մարդկության դեմ գործադրված հանցագործություն է»: Եթե դատարանը հաստատի այս մեղադրանքը, ապա հրեա որոշ ղեկավարներ ձերբակալվելու են Թուրքիա ժամանելով: Անկախ ամեն ինչից, Թուրքիան աշխարհում վերջին երկիրը պետք է լինիՙ որեւէ մեկին մեղադրելու «մարդկության դեմ հանցագործություն գործադրելու» մեջ: Ի՜նչ հանդգնություն:

***

Իսրայելի խորհրդարանի անդամ Զեհ Էլկինը վերջերս հայտարարեց, որ Քնեսեթը շուտով կքննարկի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը: Տարիներ շարունակ պաշտոնապես հրաժարվելուց հետո ըստ երեւույթին քաղաքական նկատառումներով Իսրայելը վերջապես ճիշտ ուղի՞ է ընտրել:

***

Իսրայելական «Հաարեց» թերթը հայտարարեց, որ Իսրայելը դադարեցնում է իր օդային թռիչքները դեպի Անթալիա առողջարանային քաղաքը, վախենալով ահաբեկչական գործողություններից: Միաժամանակ «Ջերուսալեմ փոստը» հաղորդեց, որ հազարավոր հրեաներ բոյկոտի են ենթարկում Թուրքիայինՙ ելնելով իրենց «խոր եւ ակնհայտ» զայրույթից: Կարո՞ղ ենք ակնկալել, որ իսրայելական զենքերի վաճառքը Թուրքիային կկասեցվի:

***

Որոշ ամերիկահրեական կազմակերպություններ վերջապես արթնանում են իրենց բարոյական երկարատեւ թմբիրից: «Ամերիկահրեական կոմիտեն (ԱՀԿ) հունվարի 29-ին մամլո հաղորդագրություն հրապարակեցՙ դատապարտելով «Թուրքիայի վարչապետի ամոթալի «պոռթկումը» Դավոսում»: Փետրվարի 1-ին ԱՀԿ-ի գործադիր տնօրեն Դեյվիդ Հարիսը բաց նամակ հղեց Էրդողանինՙ մեղադրելով նրան Իսրայելի հասցեին «թունոտ» եւ «գրգռիչ» բառեր օգտագործելու մեջ: Նա հիշեցրեց Էրդողանին, որ «Թուրքիան 1993-ից ի վեր Հայաստանի հետ իր սահմանը փակ է պահում»:

***

Անկարայում ԱՄՆ-ի նախկին դեսպան եւ «Ամերիկաթուրքական խորհրդի» (ԱԹԽ) նախագահ Ջեյմս Հոլմսը «Հյուրիեթին» ասել է, որ «Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիային նեցուկ կանգնելու օրերն անցել են»: Չի՞ ամաչում Հոլմսը խոստովանել, որ մի բուռ դոլարների համար «նեցուկ էր կանգնում» թուրքական ժխտողականությանը:

***

«Ջերուսալեմ փոստում» ամերիկահրեական մի կազմակերպության ներկայացուցիչ հայտարարել է հայկական հարցի վերաբերյալ իր կազմակերպության եւ Թուրքիայի հարաբերությունների վատթարացման մասին: Իմ տպավորությունն այն է, որ զգալով Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւի հավանական ընդունման հեռանկարը, որոշ հրեական կազմակերպություններ լքում են ժխտողականության խորտակվող նավը եւ փորձում նախքան ապրիլի 24-ը տեղ զբաղեցնել հաղթական կողմի նավում:

***

«Ուոլ սթրիթ ջոռնըլ» թերթի տվյալներով, Բարաք Օբամայի նախագահական ընտրարշավի նախկին ղեկավար Դեյվիդ Պլուֆին 50 հազար դոլար է խոստացել նախագահ Իլհամ Ալիեւը, Բաքվում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության մասին դասախոսություն կարդալու համար: Միջազգային մամուլի քննադատություններից զգացված Պլուֆը որոշել է իր հոնորարը փոխանցել «Կասպից եւ Կովկասյան տարածքում ժողովրդավարության քարոզչությամբ զբաղվող խմբավորումներին»: Հետաքրքրական կլիներ տեսնել Ալիեւի դեմքի ծամածռությունները, երբ իմանար, թե այդ գումարն անցել է ազերի ընդդիմադիրների կամ էլ Արցախի հայերի ձեռքը:

***

Անցյալ ամիս «Ազերի պրես» (ԱՓՍ) լրատվական գործակալությունը հաղորդեց, թե իբր Եվրոմիությունը միլիոնավոր դոլարներ է տրամադրել մի քանի ակնառու թուրքերի, որպեսզի նրանք ներողություն խնդրեն հայերից ցեղասպանություն գործած լինելու համար: ԱՓՍ-ի պնդումներով, պրոֆեսորներ Ահմեդ Ինսալը, Հալիլ Բերքթայը, Մուրադ Բելգեն, լրագրող Մեհմեդ Ալի Բիրանդը եւ գրող Ադալեթ Աղաօղլուն ստացել են 137 հազարական դոլար, պրոֆ. Իբրահիմ Կաբօղլունՙ 250 հազար, լրագրող Մինե Կիրիխանաթըՙ 90 հազար, պրոֆ. Աթիլլա Յայլանՙ 575 հազար, Էրտուգրուլ Քուրքչունՙ 1 միլիոն, «Մազլումդար» խումբըՙ 100 հազար եւ Էթիեն Մահչուպյանը («Ակօսի» խմբագիր)ՙ 1,3 միլիոն դոլար:

Ազերի լրատվությունը շատ ավելի չարանենգ ապատեղեկատվություններ է տարածում, քան թուրքականը: Վերոնշյալ թուրքերն իրոք կարող են միլիոններ գրպանել, եթե դատի տան ԱՓՍ-ին եւ նման գործակալություններինՙ անվանարկության եւ զրպարտության համար:

Թարգմ. Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4