Հայերը Հնդկաստանի Արեւմտյան Բենգալիայի տարածք են ժամանել դեռեւս 1600 թվի սկզբներին, բրիտանացի առեւտրականների այնտեղ հաստատվելուց մոտ 60 տարի առաջ: Եվ սկզբնական շրջանում թեեւ քիչ են եղել, բարեկեցիկ կյանք են վարել եւ հետագա դարերում արդեն կազմավորել են բարգավաճ մի համայնք, որի ներկայացուցիչները եղել են, բացի առեւտրականներից, նաեւ արհեստավորներ (հիմնականում ոսկերիչներ), ճարտարապետներ, իրավաբաններ, բժիշկներ եւ նավահանգստի աշխատողներ:
Հարուստ, բայց համեմատաբար քիչ ուսումնասիրված համայնքի դեկտեմբերին կայացած 300-ամյակի տոնակատարությունների շրջանակներում վերջերս լույս է տեսել Տիգրան սարկավագ Բաղումյանի «Արեւմտյան Բենգալիայում թաղված հայ հոգեւորականները» գիրքը: Հեղինակը երկար տարիներ ուսումնասիրել է հնդկահայերի պատմությունը: 2005 թվին, ըստ գրքի հրատարակման առթիվ ստացված մամլո հաղորդագրության, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կարգադրությամբ Բաղումյանը նշանակվել է Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի (հիմնված 1821-ին) վարչական տնօրեն ու Հնդկաստանում գործող բոլոր հայկական եկեղեցիների պատասխանատու: Իր վարչական պաշտոնին առընթեր Բաղումյանը երեք տարի շրջել է Հնդկաստանի հայկական եկեղեցիների գերեզմանատները եւ լուսանկարել ու տապանաքարերի գրությունները փորձել վերծանել` խորամուխ լինելով նրանցից յուրաքանչյուրի պատմության մեջ:
«Ցավով նկատեցի, որ ո՛չ հնդկահայերը, ո՛չ էլ ճեմարանի ուսանողները, որոնք այդ գերեզմանների կողքով են անցնում ամեն օր, մանրամասնություններ չգիտեին այնտեղ թաղված հոգեւորականների մասին: Պարտքս համարեցի մոռացությունից փրկել այդ մարդկանց անունները», նշել է Տիգրան Բաղումյանը: Նա չի սահմանափակվել միայն հոգեւորականների պատմությամբ, այլ հայտնաբերել է, օրինակ, 1630 թվի Ռեզաբիբե անունով մի հայ կնոջ գերեզմանը, որը համարվում է ամենահին քրիստոնեական գերեզմանը Արեւմտյան Բենգալիայում:
«Երբ անցյալ դարի երեսունական թվերին հայտնի հասարակական գործիչ եւ գիտնական Մեսրովբ Հակոբ Սեթը գրում էր իր հոյակապ աշխատությունը Հնդկաստանի հայերի մասին («Հայերը Հնդկաստանում» գիրքը հրատարակվել է Կալկաթայում 1937-ին), մարդիկ ծիծաղում էին նրա վրա, բայց այժմ անհնար է պատկերացնել հնդկահայերի պատմությունը առանց այդ գրքի», ասել է Բաղումյանը, հույս ունենալով, որ իր գիրքը եւս կգնահատվի ըստ արժանվույն:
Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ