«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#26, 2009-02-17 | #27, 2009-02-18 | #28, 2009-02-19


ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՍԿՍԵՑԻՆ ՄՐՑԱՎԵՃԸ

Մոսկվայում տրվեց «Աերոֆլոտի» հովանու ներքո անցկացվող շախմատային փառատոնի մեկնարկը, որն իր մեջ ներառում է չորս մրցաշարեր: Շվեյցարական մրցակարգով, 9 տուրից բաղկացած մրցաշարերում շախմատիստները կվիճարկեն խաղարկվող մրցանակային պարգեւավճարները:

Ուժեղագույն շախմատիստների մասնակցությամբ անցկացվող A1 մրցաշարում հայ շախմատիստներից միայն Ռաֆայել Վահանյանը մեկնարկեց հաղթանակով: Նա սեւերով պարտության մատնեց ԱՄՆ-ն ներկայացնող միջազգային վարպետ Ռայ Ռոբսոնին: Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի ավարտեց մրցավեճը ռուսաստանցի գրոսմայստեր Եվգենի Ռոմանովի հետ: Վիճակահանության քմահաճույքով Հայաստանի չեմպիոն Արման Փաշիկյանը մրցում էր իր հայրենակից, գրոսմայստեր Հրանտ Մելքումյանի հետ: Այստեղ եւս մրցակիցները խաղաղ դաշն կնքեցին: Ոչ-ոքի ավարտվեցին նաեւ Ռոդշտեյն-Գրիգորյանց, Անդրեասյան-Ամոնատով, Արտաշես Մինասյան-Կազգալեեւ, Պետրոսյան-Ռաջեր, Յանգ-Վարուժան Հակոբյան պարտիաները: Տիգրան Քոթանջյանը պարտվեց Ալեքսանդր Օնիշչուկին, Ավետիք Գրիգորյանն էլ զիջեց Իգոր Լիսիին: Անհաջող մեկնարկեց նաեւ Ուկրաինան ներկայացնող Յուրի Հայրապետյանըՙ պարտվելով Էշան Ղաեմին:

A2 մրցաշարում հայաստանցի 4 շախմատիստներից միայն Լեւոն Բաբուջյանին ուղեկցեց հաջողությունը: Նա սպիտակներով առավելության հասավ Կոնստանտին Սեկի նկատմամբ: Դավիթ Քալաշյանը ոչ-ոքի խաղաց Եվգենի Վասյուկովի հետ, իսկ գյումրեցի գրոսմայստեր Արա Մինասյանը պարտվեց Արսեն Կարգինին: Մրցաշարը պարտությամբ սկսեց Դավիթ Պետրոսյանըՙ զիջելով Յիպինգին:

B մրցաշարում հայ շախմատիստներից միայն Դմիտրի Հարությունյանն ու Վահե Բաղդասարյանը հաղթեցինՙ առավելության հասնելով համապատասխանաբար Անդրանիկ Ղարաբաղցյանի ու Կամբեզ Նուրիի նկատմամբ: Իսկ ահա Սուրեն Պողոսյանը, որ վերջերս գերազանց էր խաղացել Մոսկվայում անցկացված շախմատի մրցաշարումՙ ճանաչվելով B խմբի հաղթող, առաջին տուրում պարտվեց: Նա սպիտակներով զիջեց Իրինա Վասիլեւիչին: C խմբում հանդես եկող Հայաստանի 6 պատվիրակներից հաղթանակով մեկնարկեցին Աղասի Ինանցն ու Սարգիս Սարգսյանը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4