Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Իգոր Լեբեդեւը մտահոգված է Մոսկվայի «Լոկոմոտիվի» փոխարինողների կազմի ռմբարկու Հովհաննես Գոհարյանի ճակատագրով, որը ներկայումս նոր թիմի փնտրտուքների մեջ է: Նա նամակով դիմել է «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Ռաշիդ Ռահիմովինՙ խնդրելով երիտասարդ ֆուտբոլիստին խաղալու հնարավորություն ընձեռել: Նամակում մասնավորապես ասվում է. «Որքան ինձ հայտնի է, «Լոկոմոտիվի» այդ երիտասարդ ֆուտբոլիստն անցյալ տարի հանդես գալով թիմի փոխարինողների կազմում, դարձել էր մրցաշարի լավագույն ռմբարկուՙ գոլի հեղինակ դառնալով գրեթե յուրաքանչյուր խաղում: Իսկ դուք մշտապես հայտարարում եք, որ թիմում հարձակվողների հարցում դժվարություններ կան: Ամբողջ աշխարհով հարձակվողներ եք փնտրում, երիտասարդ մի խումբ ֆուտբոլիստներ մշտապես հիմնական կազմի հետ ուսումնամարզական հավաքներ են անցկացնում, սակայն զարմանալիորեն Գոհարյանը նրանց թվում չէ: Որտե՞ղ է տրամաբանությունը: Ինչի՞ համար է փոխարինողների մրցաշարը, եթե դրա լավագույն ֆուտբոլիստը հիմնական կազմ չի հրավիրվում: Գոհարյանը ռուսական անձնագիր ունի, ինչը եւս առավելություն է: Բոլորի կողմից թախանձագին խնդրում եմ հնարավորություն տալ նրան հանդես գալու հիմնական կազմում: Եվ դուք կտեսնեք, որ մենք ճիշտ ենք»:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ