2009թ. փետրվարի 20-21-ին Հայաստանում երկօրյա պաշտոնական այցով է գտնվելու Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն: Վրաց բարձրաստիճան պաշտոնյայի այցի կապակցությամբ «Ջավախք» հայրենակցական-բարեգործական կազմակերպությունը, «Միտք» վերլուծական կենտրոնը եւ Հայրենադարձության եւ հիմնավորման «Երկիր» հասարակական կազմակերպությունների միությունը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
Ստորեւ ներկայացնում ենք հայտարարության ամբողջական տեքստը.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2008թ. հուլիսից առ այսօր Վրաստանի հայաբնակ Սամցխե-Ջավախք-Ծալկա նահանգում ծայր առած հակահայկական հալածանքների, եւ մասնավորապես`
- ջավախքահայ քաղաքական ակտիվիստներ եւ հասարակական գործիչներ` Վահագն Չախալյանի, Գրիգոր Մինասյանի, Սարգիս Հակոբջանյանի եւ Գրիշա Ավագյանի ձերբակալության,
- վրաց ոստիկանության կողմից ջավախքահայ այլ քաղաքական ակտիվիստների շարունակական ահաբեկումների,
- Վահագն Չախալյանի եւ նրա ընտանիքի անդամների նկատմամբ ներկայումս ընթացող դատավարության ընթացքում վրաց իշխանությունների կողմից թույլ տրվող աղաղակող խախտումների,
- հայ-վրացական սահմանի Բավրա անցակետում վրացական կողմից հարուցվող արհեստական խոչընդոտների
արդյունքում վրացահայության եւ ջավախքահայության շրջանում օր օրի ավելանում է վախի եւ հիասթափության մթնոլորտը, ինչը հանգեցնում է երկրամասից հայերի արտագաղթի տեմպերի ավելացմանը:
Նշված երեւույթները կարելի է բնութագրել որպես վրաց իշխանությունների կողմից իրականացվող «ժողովրդագրական ահաբեկչության» քաղաքականություն, որի հիմնական նպատակն է վրացահայության եւ ջավախքահայության հասարակական-քաղաքական կառույցների ոչնչացման եւ հասարակական-քաղաքական գործիչների չեզոքացման միջոցով հասնել վրացահայության եւ ջավախքահայության լռեցմանը ու «ինտեգրման» անվան տակ` նրանց ձուլմանը եւ դրանով` հայաբնակ այս տարածքի ամբողջական ու լիակատար յուրացմանը:
2009թ. փետրվարի 20-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն: Նրա այցի ընթացքում, անկասկած, քննարկվելու են Սամցխե-Ջավախք-Ծալկայում վերջին շրջանում տեղի ունեցած դեպքերը:
Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին հայ-վրացական միջպետական հարաբերությունների օրակարգում զետեղել եւ առաջնահերթ կերպով հետապնդել հետեւյալ չորս խնդիրների լուծումը.
- Ջավախքում ծայր առած հալածանքների անհապաղ դադարեցում եւ 2008թ. հուլիսից առ այսօր ձերբակալված ջավախքահայ գործիչներ` Վահագն Չախալյանի, ինչպես նաեւ` Գրիգոր Մինասյանի, Սարգիս Հակոբջանյանի եւ Գրիշա Ավագյանի դատական եւ քրեական հետապնդման դադարեցում եւ նրանց ազատ արձակում.
- Վրաստանում հայերի համախումբ բնակության տարածաշրջաններում (Սամցխե-Ջավախք եւ Ծալկա) հանրային կյանքի բոլոր ոլորտներում եւ մասնավորապես` վարչարարության մեջ հայերենի օգտագործման օրենսդրական արտոնում.
- Ջավախքահայ երիտասարդության արտագաղթի նվազեցման նպատակով` Ախալքալաքում հայ-վրացական պետական համալսարանի հիմնադրում.
- Վրաստանում Հայ Առաքելական Եկեղեցու իրավաբանական գրանցում եւ բռնագրավված հայկական եկեղեցիների վերադարձ:
Հայ-վրացական հարաբերությունների երկարաժամկետ բնականոն զարգացման միակ երաշխիքը դա վրացահայության եւ, մասնավորապես, ջավախքահայության իրավունքների հարգումն է:
Վրաստանի իշխանությունների առջեւ չկա որեւէ առարկայական արգելք վրացահայության եւ ջավախքահայության խնդիրների օրինական լուծման ուղղությամբ, նամանավանդ, որ դրանց լուծումն ուղղակիորեն բխում է Վրաստանի կողմից ազգային փոքրամասնությունների պաշտպանության գծով ստանձնած միջազգային պարտավորություններից: Վրաստանի իշխանություններին միմիայն քաղաքական կամք է պակասում:
Վրացահայության եւ ջավախքահայության արդարացի պահանջների արհամարհման եւ լռեցման գործելավոճն այլեւս սպառել է իրեն:
«Ջավախք» հայրենակցական-բարեգործական կազմակերպություն
«Միտք» վերլուծական կենտրոն
Հայրենադարձության եւ հիմնավորման «Երկիր» հասարակական կազմակերպությունների միություն
Երեւան, 19 փետրվար 2009թ.