«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#27, 2009-02-18 | #28, 2009-02-19 | #29, 2009-02-20


ԹՈՒՐՔԵՐՆ ՈՒԺԵՂԱՑՆՈ՞ՒՄ ԵՆ «ԱՐԵՎԵԼՅԱՆ» ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի Ռուսաստան կատարած պաշտոնական այցը դիտվեց որպես միջազգային կարեւոր իրադարձություն եւ լայնորեն մեկնաբանվեց ռուսաստանյան ԶԼՄ-ներում: Առաջին հերթին ուշադրություն էին գրավում... թվերը. անցյալ տարի ռուս-թուրքական ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 34 միլիարդ դոլար (վերջին տասը տարում ցուցանիշն աճել է 35 անգամ): Ռուսաստանը հույս ունի Թուրքիայի հետ կնքել էներգետիկ պայմանագիր 60 միլիարդ դոլարի չափով, Անթալիայից 200 կիլոմետրի վրա կկառուցվի ատոմակայան, որը կունենա յուրաքանչյուրը 1200 մեգավատ հզորությամբ չորս էներգաբլոկ, Մոսկվան դարձել է Անկարայի ամենախոշոր առեւտրական գործընկերը եւ այլն:

Ոչ մի խոսք, որ տնտեսական բաղկացուցիչը առաջնայինն է երկու երկրների փոխհարաբերություններում: Ըստ երեւույթին Թուրքիային այնքան էլ չի մտահոգում նույնիսկ այն պարագան, որ նա հայտնվել է Ռուսաստանից էներգետիկ հսկայական կախվածության մեջ: Ռուս մեկնաբանները փոխշահավետ «փոխըմբռնողական» առնչությունները բացատրում են ոչ միայն Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ «արեւելյան» մոտիվների ուժեղացմամբ, այլեւ երկու երկրների համաշխարհային կայսրությունների պատմական անցյալով եւ դրա որոշ ավանդույթների ներկայիս դրսեւորումներով:

Երկար տարիներ Թուրքիան «ընդհանուր արժեքներ» էր փնտրում Եվրոպայում եւ Ամերիկայում: Սակայն իշխանության գլուխ եկած «Արդարություն եւ բարգավաճում» իսլամիստական կուսակցության վարած արտաքին քաղաքականության մեջ սկսում են հարաճուն ազդեցություն ձեռք բերել երկու գործոնՙ կրոնը եւ փողը: Համենայն դեպս նախագահ Գյուլի վերջին երկու այցըՙ Սաուդյան Արաբիա եւ Ռուսաստան, ռուսները սոսկ խորհրդանշական չեն համարում: Թեեւ հազիվ թե իմաստ ունի խոսել ինչ-որ պատմական շրջադարձի մասին: Թուրքերը պարզապես հաշվեկշռում են իրենց հարաբերությունները Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ: «Տնտեսական բուռն զարգացումը նահանգներում ե՛ւ տնտեսապես դինամիկ, ե՛ւ կուլտուրապես պահպանողականՙ նոր ընտրախավերի երեւան գալը, գրում է թերթերից մեկը, հասարակության դեմոկրատացումը եւ դրա հետ կապված ազգային ինքնության փոփոխությունները, մասնավորապես կրոնական զարթոնքը, պատմական խոր գործընթացներ են առաջացնում Թուրքիայի հասարակական-քաղաքական կյանքում: Այդ գործոնների ազդեցությունն ավելի է ամրապնդում նացիոնալիստական տրամադրությունները եւ «թուրքի բացառիկության» պատկերացումները: Նման փոփոխությունները Անկարայի միջազգային ռազմավարության մեջ համեմատաբար թուլացնում են արեւմտյան ուղենիշները եւ նկատելիորեն ուժեղացնում կապերը Ռուսաստանի հետ»:

Հատուկ նշվում է եւս մի հանգամանք: Կայսերապետական անցյալը Ռուսաստանի եւ Թուրքիայի վերնախավերին թույլ է տալիս ընդհանուր լեզու գտնել իրար հետ, գլխավորապես ուժերի հաշվեկշռման ու ազդեցության ոլորտների բաժանման ասպարեզում: Ռուսներին չի կարող չհրապուրել երկու աշխարհաշրջանային խոշորագույն տերությունների ջանքերով (առանց միջնորդների) Կովկասում ռուս-թուրքական քաղաքական կոնդոմինիում հաստատելու առաջարկությունը:

Բնականաբար, Գյուլը թուրք չէր լինի, եթե չտարածվեր Ղարաբաղի խնդրում: Սկզբում նա նշում է, որ Թուրքիան ձգտում է սերտ հարաբերություններ հաստատել իր բոլոր հարեւանների հետ, նույնիսկ Հունաստանի: Ցավոք, ասում է նա, Հայաստանի հետ քաղաքական հարաբերությունները զարգացած չեն այն աստիճան, ինչքան որ մենք կցանկանայինք: Չնայած դրան, Հայաստանի քաղաքացիները գալիս են Թուրքիա աշխատելու, նրանց թիվը հասնում է 70 հազարի: Այնուհետեւ Գյուլը իր տեսակետն է հայտնում Ղարաբաղի մասին. «Ցավոք, այդ խնդիրը միանգամայն սառեցված է: Ղարաբաղը օկուպացված է, միլիոնավոր մարդիկ գաղթական են դարձել, ապրում են ծանր պայմաններում: Մենք ուզում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը այդ խնդիրը լուծեն երկխոսության, փոխըմբռնման միջոցով: Կիպրոսով, օրինակ, բոլորն են զբաղվում, հետաքրքրվում, իսկ Ղարաբաղի նկատմամբ, որն օկուպացված է, չգիտես ինչու նման հետաքրքրություն չի դրսեւորում: Դա մեզ դառնացնում է»:

Եվ վերջում թուրք մի մեկնաբանի կարծիքըՙ Թուրքիայի եւ Ռուսաստանի բազմապլան գործընկերությունը ենթադրում է ոչ միայն համագործակցություն, այլեւ մրցակցություն, նաեւ չի բացառում սուր պայքարը ազդեցության ոլորտների համար:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4