«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#27, 2009-02-18 | #28, 2009-02-19 | #29, 2009-02-20


ՂԱՐԱԲԱՂԸ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՀԱՄԱՐՁԱԿ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆ ԷՐ

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ

Որոշ տեսաբաններ այսօր ընդգծում են այն կարծիքը, թե ղարաբաղյան շարժումը 1988-ին մրրկահավ էր, որը ուղենշեց ԽՍՀՄ փլուզումը:

Եթե ընդունենք այս տեսակետը, պիտի շեշտենք նաեւ, որ 1988-ի փետրվարի 20-ին, երբ տեղի ունեցավ ԼՂԻՄ մարզխորհրդի պատմական դարձած նիստը, ընդամենը սահմանադրական կարգով խնդիր էր դրված ինքնավար կազմավորումը միութենական մի հանրապետությունից մեկ այլ հանրապետության փոխանցել: Աղետալի ոչինչ չէր լինի Խորհրդային Միության համար, եթե հայաբնակ Ղարաբաղը վերամիավորվեր Հայաստանի հետ: Սակայն Մոսկվան չգնաց դրան, քանզի համոզված չէր, որ այդ վերամիավորմամբ գերտերության տարածքում մյուս էթնիկ հրաբուխները չեն արթնանա, չէ՞ որ այն ժամանակ էլ կային ե՛ւ Հարավային Օսիան, ե՛ւ Աբխազիան, ե՛ւ Մերձդնեստրը: Ակնհայտ խմորումներ կային նաեւ մերձբալթյան հանրապետություններում, ինչն արդեն ուղղակի սպառնալիք էր ԽՍՀՄ գոյությանը:

Գուցե թե, իրոք, Կրեմլի միջանցքներում թափառում էր ազգային քաղաքականության մեջ սրբագրումներ անելու մտադրությունը, որովհետեւ ինչպես հավատացնում են Շարժման առաջին բանագնացները` ԽՄԿԿ կենտկոմում նույնիսկ խրախուսում էին ղարաբաղյան նախաձեռնությունները: Բայց շատ շուտով ակնհայտ դարձավ, որ այդ ամենն ընդամենը կայսերապետական խուսանավում է բուն խնդիրներից, եւ կենտրոնը պատրաստ չէ արմատական քայլերի: Հենց որ գործի դրվեց Շարժման թափանիվը` միութենական իշխանությունները Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հետ տանդեմ կազմած, սկսեցին պատժիչ գործողությունները ղարաբաղցիների նկատմամբ:

Այս խորապատկերին վստահաբար կարելի է ասել, որ գերտերությունում ամենահամարձակ կազմավորումը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն էր, որի փոքրաթիվ ժողովուրդն առճակատ կանգնեց խորհրդային կարծրատիպի դեմ:

Իհարկե, հետագա իրադարձությունները ստիպեցին, որ Ղարաբաղը նույն սահմանադրականության շրջանակում հռչակեր իր անկախ պետականությունը: Դա եւս ժողովրդի կամքով էր, որովհետեւ գերնպատակը նույնն էր` անջատվել ապօրինի բռնակցած Ադրբեջանից:

Մենք քիչ դասեր չունենք քաղելու 88-ի փետրվարից, հատկապես միասնականության գաղափարի առումով: Հենց միասնականությունը դարձավ այն շարժիչ ուժը, որը պարտադրեց ու ոգեշնչեց ԼՂԻՄ մարզխորհրդի պատգամավորներին` հաջողությամբ կազմակերպելու հայտնի նիստը: Իսկ թե ինչ խոչընդոտներ էին կանգնած ժողովրդի ընտրյալների առաջ` նույնպես պատմական փաստեր են: Ստեփանակերտը օղակված էր օմոնականներով, փակ էին մարզկենտրոն տանող բոլոր ճանապարհները: Պատգամավորները ստիպված էին զարտուղի ճանապարհներով, ոտքով կտրելով տասնյակ կիլոմետրեր, հասնել Ստեփանակերտ: Առկա էր նաեւ նրանց նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարի վտանգը: Այնուամենայնիվ, նստաշրջանը տեղի ունեցավ, փաստվեց ժողովրդի կամարտահայտության իրավունքը:

Հատկանշական է, որ մարզխորհրդի արտահերթ նստաշրջանին առանց հրավերի մասնակցում էր ԱդրԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Քյամրան Բաղիրովը: Նա սկզբում փորձում էր սիրաշահել պատգամավորներին, այնուհետեւ սկսեց սպառնալիքներ տեղալ: Կարելի է պատկերացնել հոգեբանական ահռելի ճնշումը, որ կար ժողովրդական պատգամավորների վրա: Դա խորհրդային կարգասիրության պարտադրանքն էր, ըստ որի` չէր կարելի «հարազատ կուսակցությանը դեմ գնալ»: Ղարաբաղի օրենսդրական մարմինը ոչ միայն դեմ գնաց, այլեւ վտարեց անկոչ հյուրին: Բաղիրովի հեռանալը նման էր վիրավոր գազանի փախուստի, եւ դա մեծ տպավորություն թողեց այն ժամանակ Լենինի անունը կրող հրապարակում հավաքված միտինգավորների վրա:

Ղարաբաղը ջարդեց տասնամյակների տաբուն, հսկա տերության իշխանավորներին ապացուցեց, որ անկասելի է ժողովրդի միասնության ուժը: Այսօր նախկին խորհրդային հանրապետությունները հիշում եւ գնահատո՞ւմ են ղարաբաղյան հզոր ոգեկոչումը, որը նաեւ նրանց համար ուղի բացեց դեպի անկախություն. դա թերեւս կարեւոր չէ: Բայց շատ կարեւոր է մեզ համար լիարժեք գիտակցումը, որ համազգային խնդիրների լուծումը հնարավոր է միայն ժողովրդի կուռ միասնությամբ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4