Այսօր Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովը պիտի քննարկի եւ եզրակացություն տա քրեական օրենսգրքի 225-րդ եւ 300-րդ հոդվածներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի այն նախագծին, որը ներկայացնելու է ԱԺ նախագահի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը. հավանություն ստացած վերջնական տարբերակը երկուշաբթի օրը կբերվի լիագումար նիստ: Վաղը վերջապես կիմանանք, թե փոփոխությունների որ տեսքն է մտնելու քառօրյա, մինչ այդ հիշեցնենք, որ նախապես փոփոխությունների 2 փաթեթ էր բերվել աշխատանքային խումբ` Արծվիկ Մինասյանի (ԱԺ մարտի 1-ի դեպքերը քննող ժամանակավոր հանձնաժողովի) եւ Դավիթ Հարությունյանի (աշխատանքային խմբի ղեկավարի) նախագծերը: Արդյոք փոխզիջումներ եղա՞ն առաջարկների միջեւ. այս հարցին պատասխանելով` պետաիրավական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտյուշա Շահբազյանը նկատեց, թե միասին են աշխատել, իսկ տարաձայնությունները քննարկումների հետ կապված բաներ են` էլ ի՞նչ քննարկում, եթե կարծիքների տարբերություն չպետք է լինի:
Արդյոք այն հարցերը, որոնց շուրջը տարամետ մոտեցումներ կան, վերջնական տարբերակում լուծվո՞ւմ են: «Այո», կարծում էր Ա. Շահբազյանը:
Արծվիկ Մինասյանից տեղեկացանք, որ նրա առաջարկությունների մի մասն ընդունվել է. «Բայց չեմ համարում, որ դրանք հիմնականներն են: Հիմնականների մասին ես իմ մոտեցումները ներկայացրել եմ` վերջնական տարբերակը երբ դահլիճում քննարկվի` կիմանանք որքանո՞վ են ընդունվել, որքանով` ոչ»:
Չլուծված խնդիրների մեջ, Ա. Մինասյանի կարծիքով, «իշխանության յուրացում» հասկացությունը մնացել է նորից տարածական մեկնաբանության դաշտում, «իշխանության զավթում» եւ «իշխանությունը պահելը» հոդվածները նկարագրական մասում դեռեւս շատ լայն են, կարիք ունեն լուրջ փոփոխությունների: Բացի այդ` «իշխանություն» հասկացությունն ըստ էության սահմանափակված է ներկայացվում, մասնավորապես` սահմանադրությամբ օրենսդիր, գործադիր եւ դատական մարմինները (ՍԴ-ի մասին է խոսքը վերջին դեպքում) այդ հոդվածում ներառված են, մինչդեռ Երեւանի քաղաքապետը, որը իշխանություն (տեղական) է եւ որի վարքագիծը պակաս կարեւոր չէ, քան որեւէ նախարարինը, մնում է դուրս` նա այդ հոդվածով չի անցնում: Այսինքն` իշխանությունը զավթելուն ու պահելուն ուղղված գործողությունները, որոնք քրեական արարք են այլ պաշտոնյա անձանց, օրինակ` կառավարության անդամ նախարարի համար, չեն վերաբերում նաեւ քաղաքապետին: Ստացվում է, որ քաղաքապետը չի համարվում այդ հոդվածով անցնող սուբյեկտ. «Հանձնաժողովի առաջարկներում իմ ասած հարցերն իրենց լուծումները գտել էին», ասում է Ա. Մինասյանը` կարծելով, սակայն, որ տարաձայնությունների մի զգալի հատված նաեւ լուծում կգտնի լիագումար նիստի ժամանակ:
Բայց, օրինակ, ԱԺ մարտի 1-ի դեպքերը քննող ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը մի փոքր այլ հայացք ունի. «Կոմպրոմիսի գալու խնդիր չէ. աշխատանքային քննարկման ժամանակ, իհարկե, կար երկու տարբերակ, երկուսն էլ քննարկեցինք եւ դրանից հետո միշտ քննարկման էր դրվում 1 միասնական, ինչ-որ բաներ փոփոխված, ինչ-որ բաներ լրացված տարբերակ, եւ քննարկումը գնում էր մեկ տարբերակի շուրջը: Այնպես որ տեսակետների, տարբերակների մրցակցություն կամ բախում չի եղել: Ուղղակի խնդիրներ կան, որոնք դահլիճում քննարկումների ժամանակ կարող են արտահայտված լինել որպես մտահոգություններ»:
Ըստ Ս. Նիկոյանի` իշխանություն զավթելուն ուղղված գործողություններին քրեական հանցակազմ նշված չէ, նշված է միայն զավթել-վերջացնելը` որպես քրեական հանցակազմ. «Բայց, իմ տեսակետով, երբ որեւիցե դեպքում իշխանությունն արդեն զավթում են, էլ ո՞վ է դատում արդեն իշխանությունը զավթածին: Ես օրինակ եմ բերել` Չիլիում, երբ իշխանությունը զավթեցին, 40 տարի հետո դատեցին զավթողներին, հետո՞: Ստացվում է` եթե այդ արարքի գործողությունները չեն վերջացրել, հանցակազմ չկա, կամ դատապարտելի չէ, կամ այլ մոտեցում կա, իսկ որ վերջացնեն` նոր հանցակազմ կլինի: Իսկ որ տեղի ունեցավ իշխանության զավթումը` դրանից հետո ո՞վ է դատողը», ասում է Նիկոյանը:
Իսկ ընդհանրապես` ըստ Ս. Նիկոյանի, օրենսդրական փոփոխությունների փաթեթը բավականին նորմալ տեսքի է բերվել, մասնավորապես` 225 հոդվածից հանված է սպանություններով զուգորդման պահը, որպեսզի այնպես լինի, որ եթե կատարվել է սպանություն` սպանությունը որեւէ ձեւով չվերագրվի զանգվածային անկարգության կազմակերպչին, այլ անհատական պատասխանատվության մեխանիզմն է այդտեղ դրված, ուղղակի տեղափոխվել է 104 հոդված, բայց եթե դա տեղի է ունեցել զանգվածային անկարգությունների ժամանակ, արդեն փաստորեն օրենքի խստացում է առաջարկվում: Իսկ 300-րդ հոդվածի հետ կապված` իշխանության յուրացումը տարանջատվել է երկու մասի` «իշխանության զավթում» եւ «իշխանությունը պահելը», այնպես որ, ըստ Նիկոյանի, կարելի է ասել` այս գործողություններն ուղղված են զավթելո՞ւն, թե՞, ասենք, կոչ է արելՙ տարանջատված են եւ չկա շփոթելու խնդիր: Բայց վիճելի խնդիր էլ նշեց, որը վերաբերում է զանգվածային անկարգության պասսիվ մասնակցին, նրա գործողությունը քրեականացվում է նախագծումՙ այն անձը, որ ոչ թե կոնկրետ ջարդում է, հրկիզում է, դիմադրություն է ցույց տալիս, այլ այնտեղ ուղղակի կանգնած է: «Խստացնում եք փաստորեն, եւ դա ժողովրդավարության դիտանկյունից կարող է քննադատվել» մեր դիտարկմանն ի պատասխան Ս. Նիկոյանը հաստատեց` այո, խստացնում են, որը զուտ իրավական տեսակետից ճիշտ է. «Եթե հավաքված են 10-20 հազար մարդ եւ վանկարկումներով օժանդակում են, որ 20-40 հոգի կատարեն զանգվածային անկարգության այդ էլեմենտները, իրավական ձեւակերպումը ճիշտ է: Բայց մյուս կողմից մտահոգությունը հետեւյալն է. պատկերացրեքՙ միտինգ է, եւ նրա շուրջը ստեղծվում են զանգվածային անկարգության էլեմենտներ, առաջարկվող օրենքով բոլորն անմիջապես պետք է հեռանան այնտեղից, այլապես քրեորեն պատժելի է նրանց այնտեղ մնալը»:
Իսկ գլխավոր հարցը, որ միշտ բարձրացվում է` այդ փոփոխություններն ի վերջո անդրադարձ ունենալու են, ասենք, «7-ի գործի» դատական պրոցեսի վրա, Նիկոյանի անձնական կարծիքով այսպես է. «Կարող է որոշակի մեղմացման խնդիր լինել, բայց որ այս օրենքի փոփոխությունների արդյունքում պետք է ընդհանուր առմամբ քրեական հետապնդումը չլինի, կարծում եմՙ դա այդպես չէ, այս փոփոխություններն այդ հնարավորությունը չեն տալիս ոչ դատարանին, ոչ էլ նախաքննական մարմնին»:
Այսպես թե այնպես` այսօր ԱԺ քառօրյա ուղարկվող առաջարկների օրենսդրական փաթեթի ընդհանուր նկարագիրը վերջապես պարզ կլինի:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ