«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#27, 2009-02-18 | #28, 2009-02-19 | #29, 2009-02-20


ԵՐԲ ԵՐԿԻՐԴ ՆԵՐԿԱՅԱՆՈՒՄ Է ԻՐ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ

«Հայաստանի հրաշալիքները»

Հովհ. Թումանյանի ծննդյան օրըՙ փետրվարի 19-ը գրքի նվիրատվության օր հռչակելու գաղափարը վերջին շրջանի մեր իրականության իրապես լավագույն մտահղացում-ծրագրերից է: Փորձ է արվում գիրք նվիրելու իմաստավոր ավանդույթը վերստին կյանքի կոչել:

Սովորաբար մամուլի որեւէ ակումբում կամ որեւէ դահլիճում կազմակերպվող գրքի շնորհանդեսների տարբերությամբ ուսանելի օրինակ էր տեղի ճիշտ ընտրությամբ «Արեգ» հրատարակչության «Հայաստանի հրաշալիքները» հանրագիտարանիՙ «Գրքերի աշխարհ» գրախանութի երեկվա ներկայացումը:

Մայրաքաղաքի գրավաճառ ցանցում իր կայուն տեղը գրաված «Գրքերի աշխարհը» (նախկին Բուկինիստականը) արդիական մոտեցում ունի գիրք երեւույթինՙ որպես ինտելեկտուալ ապրանքի եւ ժամանակի պահանջին համահունչ պահանջարկ-ընթերցող մշակված փոխհարաբերություններով, Հայաստանի եւ արտերկրի տարբեր հրատարակչությունների հետ ճիշտ համագործակցությամբ կարողացել է աստիճանաբար զարգանալ եւ ընդլայնել իր շառավիղները: Տնօրեն Խաչիկ Վարդանյանը ասպարեզի փորձառու այն սակավ գործիչներից էՙ դեռեւս խորհրդային տարիներից, որ գրքի մշակույթի նահանջի այս տարիներին պահպանեց գրքի հանդեպ նվիրումը: Գրքի նվիրատվության օրվա առիթով տնօրենը տեղեկացրեց, որ ՀԳՄ-ի հետ գրախանութը Հայաստանի 11 մարզերի գրադարաններին 10-ական գիրք է ուղարկել:

«Հայաստանի հրաշալիքները» մանկական հանրագիտարանի առաջին հրատարակությունը 2000-ին հայերենով եւ 2004-ին ռուսերենով հրաշալի հաջողություն է արձանագրել: Առաջինի 5000 օրինակը հետխորհրդային շրջանի համար աննախադեպ արագությամբ սպառվել է, նմանապես ռուսերենով 1000 օրինակը: 2-րդ լրամշակված հրատարակությունըՙ նոր բառահոդվածների եւ ձեւավորման առավելությամբ, գերազանցեց հրատարակչի սպասելիքները. գրքի ամբողջ 2200 տպաքանակի 1000-ը գիտության եւ կրթության նախարարությունը եւ մնացածը «Գրքերի աշխարհ» գրախանութն արդեն գնել է. իր տեսակի մեջ սակավադեպ երեւույթ մեր իրականության համար: Միայն հունվար ամսին, ֆինանսատնտեսական ճգնաժամի այս օրերին գրքի 150 օրինակ սպառվել է: Ուշագրավ է, որ հանրագիտարանի պահանջարկի ծանրակշիռ մասը սփյուռքահայ համայնքներին է պատկանում: «Եղիշեի, Խորենացու աշխատությունների կողքին անվանապես պահանջված գիրք է «Հայաստանի հրաշալիքները», տեղեկացրեց Խաչիկ Վարդանյանը: Նրա խոսքերով «Արեգ» հրատարակչության գլխավոր առավելությունը իր գրքերի պահանջարկն է գրավաճառ ցանցում: Հրատարակչության հիմնադիր-տնօրեն Սամվել Գասպարյանը գրքի աշխարհի մարդ է, ոլորտի վաղեմի նվիրյալ, դեռեւս 70-ականներից «Գրքերի աշխարհ» թերթում, ապա «Լույս», «Արեւիկ» հրատարակչություններում իր աշխատանքային բազմամյա փորձով, հմուտ գրահրատարակչի հարգանք է վայելում: «Մարդ-նվագախումբ. ինքը ե՛ւ նախաձեռնող է, ե՛ւ մտահղացող, ե՛ւ խմբագիր-սրբագրիչ, ե՛ւ տարածող, ե՛ւ պրոդյուսեր»:

Սամվել Գասպարյանը տեղեկացրեց, որ հրատարակության է պատրաստվում հանրագիտարանի անգլերեն, ֆրանսերեն եւ ռուսերեն տարբերակները, առաջինըՙ լույս կտեսնի 2 ամսից, ֆրանսերենի տպագրության ակնկալիք կա Ֆրանսիայում:

Պետական, հարկային հովանավորություն-արտոնություններից զրկված հրատարակչությունները, նաեւ «Արեգը» ֆինանսներ հայթայթում է սեփական միջոցներով, դժվարություններով: Գրքի հաջողության գաղտնիքը, աշխատանքին ստեղծագործական մոտեցումն ու սերն է: Սերը դեպի հայրենիքը: Եվ սա վավերական է, որովհետեւ այս գիրքը ներկայացնում է Հայաստանի լավագույն արժեքներն ամենատարբեր ասպեկտներովՙ պատմա-մշակութայինից բնաշխարհային, ազգագրական-կենցաղային: Հայաստանի ավելի քան 80 «հրաշալիքները» ամփոփված են չորս բաժիններումՙ «Հնագույն շրջան» (ժայռապատկերներՙ Վիշապ, Զորաքարեր, Մեծամոր, Գառնի, Շամիրամի առու, Կարմիր բլուր եւ այլն), «Միջնադար եւ քրիստոնեություն» (Այբուբեն, Սուրբ Էջմիածին, Տաթեւի վանք, Անիի մայր տաճար, Գեղարդ եւ այլն), «Բնություն եւ կենցաղ» (Մասիս-Արարատ, Արաքս, հայկական բուսատեսակներ, կենդանիներՙ սոսի, փշատ, ծիրան, տարազներ, գորգեր եւ այլն), «Նորագույն շրջան» («Սասունցի Դավթի» արձան, օպերայի թատրոնի շենք, Հանրապետության հրապարակ, Մատենադարան):

Գիրքը բարձրորակ տպագրությամբ (ՍՏԱՄՊԱ տպարան), գունավոր լուսանկարների առատությամբ օգտակար եւ ցանկալի է ընթերցողի սեղանինՙ նրան հնարավորություն է տալիս սեփական երկիրը ճանաչել լավագույն կողմերով: Այս առումով շատ ավելի է կարեւորվում արժեքավոր այս գրքի օտարալեզու հրատարակությունները, երբ ճանաչողության այդ նույն հնարավորությունը ընձեռվում է նաեւ օտար ընթերցողին: Սա գրահրատարակչական քաղաքականության լավագույն օրինակներից էՙ հայրենիքի հանդեպ ունեցած սիրո մտավորական դրսեւորում: Գրքի հաջողությունը հրատարակչի պարկեշտությամբ Սամվել Գասպարյանը վերագրեց հատկապես ստեղծագործական թիմինՙ հեղինակներին (Պավել Ավետիսյան, Ռուբեն Բադալյան, Խաչատուր Դադայան, Սամվել Դիլանյան, Էմմա Խանզադյան, Հարություն Մարության, Սամվել Շահինյան, Մարտին Միքայելյան եւ ուրիշներ):

«Գրքերի աշխարհ» գրախանութում շնորհանդեսային արարողության հաճելին նաեւ Հայաստանի մի քանի «հրաշալիքների» հյուրասիրության անկյունն էրՙ փշատը, խաղողը, կոնյակը, հանքային ջուրը, մածունըՙ կավե ամանով:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4