Երեկ` փետրվարի 19-ին, ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացավ հայ մշակույթին ողջ էությամբ զինվորագրված, եզակի նվիրյալ, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ, ճարտարապետության դոկտոր Արմեն Հովհաննեսի Հախնազարյանը:
Ծնվել է 1941 թ. մայիսի 5-ին Թեհրանում: Տարրական եւ միջնակարգ կրթությունը ստացել է Քուշեշ Դավթյանի անվան դպրոցում եւ ավարտել 1959 թ.: Գերմանիայի Աախեն քաղաքի համալսարանում (T.H. Aachen) ուսանել է ճարտարապետություն եւ քաղաքաշինություն:
1968 թ. շուրջ 6 ամիս զբաղվել է Պարսկաստանի Ատրպատական նահանգում (պատմական Արտազ գավառ) գտնվող հայկական վանքերի ու եկեղեցիների, մասնավորապես Սբ. Թադեոս առաքյալի, Ծործորի Սբ. Աստվածածին եւ Դարաշամբի Սբ. Ստեփանոս նախավկա վանքերի ուսումնասիրությամբ եւ չափագրությամբ, ընդ որում, Սբ. Թադեոս առաքյալի վանքի ուսումնասիրությունը հիմք է ծառայել ճարտարապետության դոկտորական թեզի համար:
1972-1978 թվականների ընթացքում Գերմանիայից կազմակերպել է Արեւմտյան Հայաստան եւ Կիլիկիա իրականացված գիտարշավներ, որոնց արդյունքը հիմք է ծառայել «Հայկական ճարտարապետության» 7 հատորանոց միկրոֆիլմերի հրատարակությանը պրոֆ. Վազգեն Բարսեղյանի (ԱՄՆ) մեկենասությամբ:
Շարունակական աշխատանքը, որի նպատակն էր գիտարշավների միջոցով պատմական Հայաստանի տարածքում (ներառյալ Փոքր Հայքն ու Կիլիկիան, նաեւ սփյուռքը) գտնել, ուսումնասիրել եւ հանրությանը ներկայացնել հայկական պատմամշակութային արժեքները, հիմնաքարն է դարձել «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» (Research on Armenian Architecture RAA) հասարակական կազմակերպության ստեղծման համար (1978 թ.):
1982-1985 թվականներին ղեկավարել է Թեհրանի Սբ. Գեւորգ, Սբ. Գրիգոր եւ Վանաքի եկեղեցիների վերականգնման աշխատանքները:
1996-1997 թվականներին մասնակցել է Սիրիայի Քեսաբ քաղաքի երկու եկեղեցիների եւ բնակելի երկու շենքերի վերականգնմանը:
1998 թ. «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» կազմակերպությունը պաշտոնականացել է Երեւանում, եւ 2000 թ. փետրվարից գրասենյակը գործում է Բաղրամյան 24գ հասցեում: Ունի նաեւ իր մասնաճյուղերն Աախենում, Լոս Անջելեսում եւ գործակիցներ տարբեր երկրներում:
Շուրջ 25 տարի եղել է «Երկիր եւ մշակույթ» հասարակական կազմակերպության վարչության կազմում:
Հայաստանում մասնակցել է մի քանի վանքերի եւ եկեղեցիների` Տաթեւ գյուղի Սբ. Մինաս եկեղեցու, Ապարանի Սբ. Խաչ եկեղեցու, Սաղմոսավանքի, Ուշի գյուղի Սբ. Սարգիս վանքում դամբարան-մատուռի, Արցախի Քարինտակ գյուղի եկեղեցու եւ նշանավոր Դադիվանքի վերականգնման աշխատանքներին եւ ղեկավարել դրանք:
Հեղինակել է հայկական ճարտարապետությանը նվիրված աշխատություններ` Nor Djulfa. Documents of Armenian Architecture եւ St. Thaddaeus Monastery. Documents of Armenian Architecture: Հեղինակել է նաեւ մի շարք հոդվածներ, մասնակցել բազմաթիվ գիտաժողովների եւ բազմաթիվ երկրներում զեկույցներով ու ցուցահանդեսներով ներկայացրել հայկական ճարտարապետությունը: