Մոսկվայում ընթացող շախմատի «Աերոֆլոտի» մրցաշարում ուժեղագույնների մրցավեճին մասնակցող հայաստանցի շախմատիստներից առայժմ ամենահաջողը Ռաֆայել Վահանյանի մեկնարկն է: 2-րդ տուրում ոչ-ոքի խաղալով բելառուսցի Ալեքսեյ Ալեքսանդրովի հետ, Վահանյանը վաստակեց 1,5 միավոր եւ ընթանում է 21-րդ տեղում: Աղյուսակը 2-ական միավորով գլխավորում են ռուսաստանցիներ Իգոր Կուռնոսովը, Պավել Սմիռնովն ու Պավել Պոնկրատովը:
Երկրորդ տուրում A1 մրցաշարում հանդես եկող Հայաստանի շախմատիստներից եւ ոչ մեկին չհաջողվեց հաղթանակ տանել: Ոչ-ոքի ավարտ ունեցան Սարգսյան-Զիգալկո, Սմիրին-Անդրեասյան, Նեպոմնյաչնի-Արտաշես Մինասյան, Կոսինցեւա-Տիգրան Պետրոսյան, Փաշիկյան-Մասլակ, Մելքումյան-Վարուժան Հակոբյան, Սալեմ-Քոթանջյան պարտիաները: Երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց Ավետիք Գրիգորյանըՙ զիջելով Սեբաստիան Մազեին: Երկրորդ տուրը հաջող էր Ռուսաստանը ներկայացնող հայազգի գրոսմայստեր Սերգեյ Գրիգորյանցի համար: Նա հաղթեց ռուսաստանցի Դմիտրի Բոչարովին: Գրիգորյանցն էլ Վահանյանի պես ունի 1,5 միավոր: Առաջին կես միավորը վաստակեց Ուկրաինայում բնակվող Յուրի Հայրապետյանըՙ ոչ-ոքի խաղալով ռուսաստանցի Դմիտրի Չուպրովի հետ:
A2 մրցաշարում իր երկրորդ հաղթանակը տոնեց Լեւոն Բաբուջյանըՙ պարտության մատնելով ուկրաինացի Սերգեյ Պավլովին: Հաջող է հանդես գալիս նաեւ ԱՄՆ-ում բնակվող Մելիքսեթ Խաչիյանը, որը եւս երկու միավորով առաջատարների թվում է: Նա հաղթեց լիտվացի Էմիլ Պիլեսկիսին: Ընդհանուր առմամբ 10 շախմատիստներ 100 տոկոսանոց արդյունք ունեն: Հայ շախմատիստներից մեկական միավոր են վաստակել Դավիթ Պետրոսյանն ու Դավիթ Քալաշյանը, իսկ Արա Մինասյանի հաշվին գրանցված է կես միավոր:
B մրցաշարի մասնակիցներն արդեն անցկացրել են 3 տուր: Այստեղ հայ շախմատիստներից լավագույն արդյունքի է հասել Վահե Բաղդասարյանը, որն ունի 2,5 միավոր: 3-րդ տուրում Վահեն պարտության մատնեց Նիկոլայ Օգլոբլինին: Երկու միավոր ունեն Դմիտրի Հարությունյանը, Դավիթ Գեւորգյանը եւ Սուրեն Պողոսյանը: Առաջատարներն են 3-ական միավոր վաստակած Մուհամմադ Հուսեյնկոզդաեւը եւ Համբին Լին:
C խմբի մրցաշարում Աղասի Ինանցն ու Սարգիս Սարգսյանը երկրորդ հաղթանակները տոնելովՙ 13 շախմատիստների հետ երկուական միավորներով առաջատարների խմբում են:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ