Կառավարության 2008-ի դեկտեմբերի 25-ի որոշմամբ ստեղծվել է ՀՀ սփյուռքի նախարարությանը կից ատյան (կոլեգիա), որի անդրանիկ նիստը կայացավ երեկ:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բացելով նիստը նշեց, որ ատյանի կազմում ընդգրկված են հեղինակավոր եւ ճանաչված 28 անհատներ Հայաստանից եւ 8-ըՙ սփյուռքից, որոնց էլ նախապես ուղարկվել է նախարարության գործունեության 2009-ի ծրագիր-ժամանակացույցը: Նախարարը նշեց, որ սփյուռքահայերին ընդգրկելովՙ հնարավորություն է ընձեռվում աշխարհի բոլոր անկյուններում գտնվող հայերի խնդիրներն ու հոգսերը համատեղ քննարկելու եւ լուծումներ գտնելու: Արդեն իսկ ստեղծված նախարարության համացանցի միջոցով քննարկվող հարցերի վերաբերյալ կարծիքները, առաջարկություններն ու դիտողությունները կստացվեն ու հաշվի կառնվեն:
Կոլեգիայի օրակարգում ընդգրկված էր 8 հարց: Նախարարության այս տարվա ծրագիր-ժամանակացույցը ներկայացրեց աշխատակազմի ղեկավար Արտակ Զաքարյանը , ծավալվեցին օգտակար քննարկումներ, Լատինական Ամերիկայի երկրների հայ համայնքների կրթամշակութային խնդիրների լուծմանն ու Վրաստանի հայ համայնքի գործունեության զարգացմանն աջակցելու ծրագրեր: Նախարար Հրանուշ Հակոբյանը տեղեկացրեց, որ «մեր սփյուռքի գործընկերներից, որոնք արդեն ուղարկել են մեզ պատասխան, որեւէ առաջարկ չունեն այսօր քննարկվող հարցերի կապակցությամբ, նրանք ենՙ պարոններ Մկրտիչ Մկրտչյանը, Հարութ Սասունյանը, Վահե Կարապետյանը, Սամվել Կարապետյանը եւ Արա Աբրահամյանը»:
Կոլեգիայի նիստում քննարկվեցին մի շարք հայեցակարգերի մշակումների կիրառման հարցեր: Նիստի նպատակն էՙ օժանդակել նախարարության գործունեության ռազմավարական պլանավորման, քաղաքական որոշումների ընդունման, համահայկական ծրագրերի մշակման գործընթացներին, ինչպես նաեւ մշակել եւ ներկայացնել նախարարության կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություններ:
Անդրանիկ կոլեգիայի նիստում որոշվեց ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը հավաքվել եւ քննարկել առաջադրված ու ընթացիկ ծրագրերը:
Երեկոյան Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին հանձնվեց Ֆրանսիայի Հանրապետության «Արժանիքի համար» ազգային շքանշանը, դեսպան Սերժ Սմեսովի ձեռամբ:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ