Պատճենըՙ ՀՀ նախագահին
Այս նամակը գրվել է 2008-ի դեկտեմբերի 3-ին: Հեղինակը դեռ պատասխան չի ստացել եւ որոշել է այն հրապարակել «Ազգում»:
Մեծարգո՛ պարոն վարչապետ
Դիմում ենք Ձեզ աշխարհի առաջատար բուհերում սովորող ՀՀ քաղաքացի եւ սփյուռքահայ ուսանողներին օժանդակության ծրագրի կապակցությամբ: Մեր գոհունակությունն ենք հայտնում, որ այս ծրագիրն առնված է Ձեր բարձր հովանու ներքո եւ դրա իրականացմանն այժմ մեկնարկ է տրվում: Շնորհակալությո՛ւն Ձեզ ծրագրի առաջխաղացմանն ամեն կերպ աջակցելու համար:
Այնուհանդերձ կա մի մտահոգություն: Խնդիրն այն է, որ առ այսօր չկա կառավարության որոշում, որով ծրագիրը պետական հոգածության տակ է առնվում: Իսկ սա խիստ էական հարց է, եւ մենք դիմում ենք քննարկելու համար դա:
Ուզում ենք նախ հայտնել, որ ծրագիրը 2007-ի սեպտեմբերին քննարկել են գիտության, մշակույթի, արվեստի, պետական, հասարակական ու քաղաքական կազմակերպությունների մի ստվար խումբ ներկայացուցիչներ: Քննարկումները եղել են մանրամասն, համակողմանի, եւ դրանց արդյունքում 05.10.2007 մենք ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին եւ ԿԳ նախարարին հղել ենք ծրագրին մեր աջակցությունը հայտնող մի նամակ (200 ստորագրությամբ), որտեղ ներկայացրել ենք այս բոլոր քննարկումների արդյունքում ձեւավորված հիմնական պատկերացումները ծրագրի վերաբերյալ:
Մեր հիմնական եզրահանգումն այն էր, որ ծրագիրը պետք է առնվի պետական հոգածության տակ (տե՛ս «Ազգ» օրաթերթում 31.10.2007 հրապարակված նամակի տեքստըՙ http://www.archive.azg.am/AR/2007103106): Նամակում այս թեզը ձեւակերպված է հետեւյալ կերպ. «...արտասահմանյան ամենաբարձր վարկանիշ ունեցող համալսարաններում բարձրակարգ կադրերի պատրաստումը պիտի դիտել որպես մեր կրթական ռազմավարության կարեւոր բաղադրիչ: Ըստ ամենայնի` արժե սույն դրույթն այս կամ այն կերպ արտացոլել համապատասխան պաշտոնական հայեցակարգային փաստաթղթերում»: Պետական հոգածության անհրաժեշտությունը մշտապես շեշտվել է նաեւ առանձին նամակներում, որոնք ավելի ուշ հղվել են կառավարությանը շատ կազմակերպությունների կողմից:
Քանի որ հետագայում մենք մշտապես հետեւել ենք ծրագրի առաջխաղացմանը, մասնակցել դրա քննարկումներին, այդ թվում նաեւ պետական ատյաններում, ապա տեղյակ ենք, որ այդպիսի պետական ծրագրի հայեցակարգ մշակվել է, քննարկվել, անցել շահագրգիռ նախարարությունների փորձաքննությունը եւ ԿԳ նախարարության կողմից ներկայացվել կառավարության հաստատմանը (նախագիծը 2008-ի օգոստոսի 7-ից զետեղված է ԿԳ նախարարության կայքումՙ http://edu.am/index.php?id=-1621&topMen ... =13&arch=0): Սա մտածված եւ մշակված փաստաթուղթ է, եւ մենք ցավով ենք արձանագրում, որ այն առ այսօր հաստատված չէ ու այսպիսով առ այսօր պետությունը պաշտոնապես չի հայտարարել, որ ծրագիրն առնում է իր հոգածության ներքո: Սա է մեր մտահոգության առարկան:
Հարգելի՛ պարոն վարչապետ: Մենք տեղյակ ենք հանրապետության նախագահի եւ Ձեր բարձր հովանո ներքո «Լույս» հիմնադրամի հիմնման մասին: Պիտի փաստենք, որ նմանօրինակ ոչ պետական կառույցի ստեղծումը լիովին համահունչ է մեր պատկերացումներին, այն էՙ վերոհիշյալ աջակցական նամակում շարադրված մեր երկրորդ թեզինՙ «Ինչ վերաբերում է օժանդակության հնարավոր մեխանիզմներին եւ ֆինանսավորման աղբյուրներին, կարծում ենք, ներկա պահին կարելի է ... ստեղծել առանձին հիմնադրամ (պետական հովանավորությամբ, սա կարեւոր է)»: Մենք համոզված ենք, որ, ինչպես ցույց է տալիս համաշխարհային փորձը, պետական պատվեր իրականացնող նմանօրինակ ոչ պետական կառույցները կարող են լինել խիստ արդյունավետ: Ուստի մաղթում ենք «Լույս» հիմնադրամին բարի եւ արդյունավետ գործունեություն ապագայում:
Այնուհանդերձ, կրկնենք մեր գլխավոր աղերսը. հայցում ենք Ձեր անձնական միջամտությունը, որպեսզի մեր քննարկումների հիմնական թեզըՙ կառավարական հայեցակարգի ընդունումն իրականություն դառնա հնարավորինս արագ, եւ սույնով իրերը վերադառնան տրամաբանական հուն:
Հարգանքովՙ ԱՐԹՈՒՐ ԻՇԽԱՆՅԱՆ