Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի երեկվա ասուլիսը նվիրված էր իր կողմից «Բջնի» հանքային ջրերի գործարանի գնմանը եւ դրա ապագային: «Ես ձեզ բոլորիդ խորհուրդ եմ տալիս տուն-տունիկ չխաղալ, սա պետություն է եւ պետության հետ տուն-տունիկ չեն խաղում: Ես դա գնել եմ պետությունից եւ, իմ կարծիքով, գնել եմ բավական բարձր գնով, եւ այն մարդիկ, որոնք խոսում են բարոյականությունից, թող հետ գնան եւ տեսնեն իրենց գնածները, որոնք ժամանակին խլել են», ասաց Հայրապետյանը եւ բոլորին խորհուրդ տվեց հետադարձ հայացք գցել 90-ականների սկիզբ ու պարզել, թե նույն «Սուքիասյաններն ինչ միջոցներով են գնել իրենց գույքը»:
«Շատ ճիշտ եմ արել, որ գնել եմ այդ գործարանը. բոլորդ էիք անհանգստացած, թե աշխատատեղեր են փակվում, մարդիկ այս ճգնաժամին գործազուրկ են դառնում: Կատարել եմ ձեր բոլորի ցանկությունը, որպեսզի գործազուրկ չդառնաք: Ինչո՞ւ են այդքան անհանգստացած, այդքան ցավագին տանում. մի տարի հետո բոլորիդ կհրավիրեմ «Բջնի» գործարան ու կտեսնենք, թե նախկինում ու հիմա ինչ է եղել»:
Ռ. Հայրապետյանը տեղեկացրեց լրագրողներին, որ «երկար տարիներ Սուքիասյան Խաչատուրի հետ շատ վատ հարաբերություններ» է ունեցել, սակայն երբ Հայրապետյանը ԱԺ պատգամավոր է դառնում, ինչպես բոլորի, այնպես էլ Խաչատուր Սուքիասյանի հետ ունենում է «նորմալ հարաբերություններ»:
Երկուշաբթի օրվանից կիրականացվի «Բջնի» գործարանի ընդունում-հանձնումը, հավանաբար մինչեւ հաջորդ ամսվա վերջ գործարանն արտադրանք կտա:
Հայրապետյանի խոսքերով` գործարանում աշխատողները իրենց աշխատանքից չեն հեռացվի, անկախ այն բանից, թե նրանք ինչ քաղաքական հայացքներ ունեն:
Ռուբեն Հայրապետյանին հատկապես վրդովեցրել են մամուլի այն հրապարակումները, թե ինքը «Բջնին» գնել է որոշակի սպառնալիքների ներքո եւ թե իրեն ստիպել են գնել գործարանը: «Ուրեմն ժողովուրդ ջան, ասեմ ձեզ, որ երբ իրենց սիրելի իշխանությունը, այսպես կոչված ՀՀՇ-ն, 9 տարի փորձել է ինձ վախեցնել, որպեսզի խոնարհվեմ իրենց առաջ, չեմ խոնարհվել, եթե նրանցից չեմ վախեցել, ուրեմն առավել եւս յուրայիններից չեմ վախենա: Հաստատ որեւէ մեկը չի կարող ինձ վախեցնել: Վախս մանկուց հանված է», մեկնաբանեց Հայրապետյանը:
Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, որ հորդորել էր Հայաստանի գործարարներին չգնել «Բջնին», Հայրապետյանն ասաց. «Բոլոր լրատվամիջոցների ջանքերը` իմ եւ Ծառուկյանի միջեւ կոնֆլիկտ ստեղծել, իզուր են: Նա իմ ընկերն է, մենք շարունակում ենք ընկերություն անել: Թե նա ինչ է հայտարարել, իր իրավունքն է»:
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ի՞նչ գումարներով է գնել ԱԺ պատգամավորը «Բջնին»: «Այդ ո՞նց կարող ա պատահել, որ ես գումարներ չունենամ:
Էդ ո՞նց էղավ «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիրը 2 միլիոնանոց տուն կունենա, Ռուբեն Հայրապետյանը սաղ կյանքը աշխատել ու բիզնեսի մեջա էղել անընդհատ` գումար չի ունենա «Բջնին» գնի: Մի հատ լրատվամիջոցով, չգիտեմ ինչ ձեւերով, պալատ է կառուցում, ես չե՞մ կարա ունենամ շքեղ տուն կամ գնեմ գործարան»:
Այն դիտարկմանը, թե ՀՀ սահմանադրությամբ պատգամավորին արգելվում է գործարարությամբ-բիզնեսով զբաղվել, Հայրապետյանը պատասխանեց. «Ես բիզնես եմ գնում, բիզնես չեմ անում»:
«Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ն այս պահին դատական տարբեր հայցեր ունի ներկայացված դատարաններ: Ընկերության տնօրեն Լ. Հարությունյանը հայտարարություն էր տարածել, որտեղ գնորդին նախազգուշացրել էր, թե «աճուրդը կարող է անվավեր ճանաչվել, եթե կազմակերպվել եւ անցկացվել է օրենքի պահանջների խախտմամբ»: Նշվել է, որ իրենք պատրաստ են դատական հայց ներկայացնել նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան: «Ես գույքը գնել եմ պետությունից, շահարկումների թեմա մի սարքեք: Ուր ուզում են, թող դիմեն, թեկուզ դիմեն այլ մոլորակի դատարան», նկատեց Ռուբեն Հայրապետյանը:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եղբորՙ պատգամավոր Սաշիկ Սարգսյանի հետ Ռուբեն Հայրապետյանի հարաբերությունների մասին հարցինՙ բանախոսը պատասխանեց. «Հայաստանում Սաշիկ Սարգսյանը ամենամտերիմ հարաբերություններն է ունեցել եւ ունի ինձ հետ»: Նա նաեւ երդվեց, որ իրենց միջեւ ընդհանրապես կոնֆլիկտ չի եղել:
Ռուբեն Հայրապետյանը հաստատեց տարածված տեղեկությունները, թե իր քրոջ որդին կալանավորվել է. «Իմ քրոջ որդին արել է արարք, որն իմ կողմից անընդունելի է եւ ես որեւէ միջամտություն չեմ փորձում անել, ոչ էլ երբեւիցե կանեմ, արել է արարք` պետք է պատասխան տա: Արել է արարք, թող պատժվի, եւ ես բոլորիդ առաջ ասում եմ, ոչ փորձել եմ միջամտել, ոչ էլ կփորձեմ միջամտել. եւ ասեմ` բարեկամին աստված է տալիս, եւ ես չեմ ընտրել. իրոք վատ երեխա է եւ անում է վատ արարքներ. թող գնա, պատասխան տա օրենքի առաջ»:
Ն. ՄՈՒՐԱԴՅԱՆ