«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#30, 2009-02-21 | #31, 2009-02-24 | #32, 2009-02-25


ԸՍՏ Դ. ԲԱՔՐԱՁԵԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԱՌԿԱ ԵՆ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ՉԿԱՐԳԱՎՈՐՎԱԾ ՀԱՐՑԵՐ

Երեկ Ազգային ժողովը երկարաձգեց 2008-ի մարտի 1-2-ին Երեւանում գրանցված իրադարձությունների ուսումնասիրությամբ զբաղվող խորհրդարանական հանձնաժողովի լիազորությունների ժամկետը մինչեւ 2009-ի սեպտեմբերի 15-ը:

Մինչ այդ ԱԺ-ում էր Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեն, որը ելույթով հանդես եկավ:

«Հայաստանն ու Վրաստանը պատմականորեն ու մինչեւ օրս հավատարիմ դաշնակիցներ ու եղբայրական երկրներ են, որոնց ժողովուրդներին համախմբում է ոչ միայն ընդհանուր անցյալը, այլեւ, վստահ եմ, ավելի հուսադրող ապագան», նշեց Դավիթ Բաքրաձեն, հավելելով, որ ինքը շատ ուրախ է, որ երկու երկրների կառավարությունները ոչ վաղ անցյալում կարողացել են պայմանավորվածության հասնել համատեղ ենթակառուցվածքային նախագծերի, ներառյալ ավտոմայրուղու կառուցման գործում: «Կարծում եմ, որ այդ նախագծերը կարեւոր կլինեն ոչ միայն տնտեսական զարգացման, այլեւ տարածաշրջանում կայունության ամրապնդման առումով», ասաց նա:

Դ. Բաքրաձեն ընդգծեց, որ 2 երկրների միջեւ մինչ օրս առկա են չկարգավորված հարցեր, ինչը սովորական երեւույթ է հարակից երկու պետությունների հարաբերություններում, ապա հավելեց. «Վստահ եմ, որ չնայած որոշակի ուժերի փորձերին` այդ բարդություններն օգտագործել մեր հարաբերություններում խառնաշփոթ մտցնելու համար, մենք հեշտությամբ կկարողանանք լուծել բոլոր խնդրահարույց հարցերը կառուցողական երկխոսությամբ եւ հետեւողական մոտեցմամբ»:

Նա անդրադարձավ նաեւ հարեւան եւ ոչ հարեւան երկրների հետ Հայաստանի ու Վրաստանի հարաբերություններին, նշելով, որ ինչպիսին էլ լինեն այդ հարաբերությունները, «պետական եւ տարածաշրջանային անվտանգության շահերը պահանջում են, որ Վրաստանն ու Հայաստանը հաշվի առնեն փոխադարձ շահերը եւ պահպանեն գործընկերային ու բարիդրացիական հարաբերությունները»:

Վրաստանի խորհրդարանի նախագահի ներկայացմամբ, ներկայումս Հայաստանի ու Վրաստանի կարեւորագույն խնդիրն է ստեղծել անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնք թույլ կտան պաշտպանել 2 երկրների անկախությունը: «Կարծում եմ, այն իրադարձությունները, որոնք վերջին ժամանակներս տեղի ունեցան Վրաստանում` մեր երկրի նկատմամբ իրագործած ագրեսիան, եւս մեկ անգամ ակնհայտորեն փաստեցին, թե որքանով է կարեւոր տարածաշրջանային համագործակցությունը», ընդգծեց Բաքրաձեն:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4