Դրանք որակվեցին որպես «կտրուկ շրջադարձ դեպի արտադրողը»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Կառավարության հակաճգնաժամային քայլերը, որոնք միտված են տեղական արտադրության զարգացմանն ու արտահանման խթանմանը, երեկ քննարկվեցին Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահության նիստում: Միության նախագահ Արսեն Ղազարյանը նշեց, որ այն քայլերը, որ կառավարությունը ձեռնարկեց, վերջին 7-8 տարիների ընթացքում քննարկում են գործարարները: Դրանցով կտրուկ շրջադարձ է կատարվում դեպի արտադրողը: Այնուհետեւ իրենց տեսակետները քննարկվող հարցի առնչությամբ հայտնեցին տնտեսության տարբեր ոլորտների ներկայացուցիչները:
Ոսկերչության եւ ադամանդագործության ոլորտի վերաբերյալ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի առաջարկությունների փաթեթը «Երեւանի ոսկերչական գործարան» ընկերության նախագահ Էմիլ Գրիգորյանը դրական համարեց: Նա հայտնեց, որ այդ առաջարկներն այժմ գտնվում են հաստատման փուլում: Ոլորտի ներկայացուցիչը այն նկատառումը հայտնեց, թե լավ կլինի, որ հետագայում արտադրության նկատմամբ վարչարարության անհարկի խստացումներ չլինեն: Էմիլ Գրիգորյանը ընդգծեց նաեւ, որ գործարարները նույնպես պետք է այնպես աշխատեն, որ օգտակար լինեն պետությանը:
Արսեն Ղազարյանը մատնանշեց այն 5 մեթոդները, որոնք կառավարությունը որոշեց կիրառել տնտեսությանն աջակցելու համար: Դրանք ենՙ վերազինվող արտադրությանը ավելացված արժեքի հարկի վճարումից ազատելը, պետական երաշխիքներ բիզնես ծրագրերում, որոնք ի վիճակի են մեծ ռեսուրսներ բերել մեր երկիր, պետական վարկավորում, ինչը տեղի ունեցավ Քաջարանի պղնձամոլիբդենայինի դեպքում, պետական սուբսիդավորում, ինչպես կատարվեց «Թամարա ֆրութի» համար, պետական մասնակցություն բիզնեսում:
Սարքաշինության ոլորտը ներկայացնող «Էլեկտրասարք» ընկերության ղեկավար Զավեն Հարությունյանը մտահոգություն հայտնեց դեպի Ռուսաստան արտահանման առնչությամբ, նշելով, որ ռուսական ռուբլու արժեզրկումն անմրցունակ է դարձնում մեր ապրանքներն այդ շուկայում: Նա այս հարցում ակնկալեց կառավարության աջակցությունը:
«Էլիտ գրուպ» ընկերության նախագահ Արմեն Մկոյանը , որ ներկայացնում է շինարարության ոլորտը, ներկայացրեց վարչապետի մոտ տեղի ունեցած ոլորտի խնդիրների քննարկումների արդյունքները: Նա նշեց, որ երեք մոտեցումներ են քննարկվել: Առաջինը պետությունը պետք է գնի վթարային շենքերի բնակիչների, փախստականների համար կառուցվող շենքերի բնակարաններ: Երկրորդՙ նպաստի հիպոթեկային շուկայի զարգացմանը: Երրորդՙ աղետի գոտում մեծածավալ շինարարություն իրականացնի, որը լուրջ խթան կլինի շուկայի համար եւ բազմաթիվ աշխատատեղեր կստեղծի: Գործարարն այն կարծիքը հայտնեց, որ «խուճապն ավելի շատ է, քան իրական խնդիրները»:
«Ակցեռն» ընկերության տնօրեն Հակոբ Բաղդասարյանը նշեց, որ անշարժ գույքի շուկայում այժմ հարաբերական անդորր է, բայց համոզմունք հայտնեց, որ դա երկար չի շարունակվի: Մարդիկ գիտեն, որ ցնցումներից կորուստ չունենալու ամենալավ տարբերակն անշարժ գույքն է: Նա ասաց, որ այս շուկայում ակտիվացում է ակնկալում:
«Ռուսալ-Արմենալ» ընկերության տնօրեն Գեորգի Ավետիքյանի կարծիքով, կառավարության քայլերնՙ ուղղված տեղական արտադրության զարգացմանը, դրական են, բայց դրական քայլեր պետք է անեն նաեւ արտադրողները, այլ ոչ թե օգտվեն ներմուծման նկատմամբ մաքսատուրքից եւ վատ արտադրանք տան:
Լուեն Պողոսյանը , որը ղեկավարում է բարձր տեխնոլոգիական սարքավորումներ արտադրող «Մշակ» ընկերությունը, ուրախալի համարեց, որ կառավարությունն աջակցում է կրթության, գիտության եւ բարձր տեխնոլոգիաների զարգացմանը: Նա միաժամանակ նշեց, որ ճգնաժամն ամենահարմար պահն է բարձր տեխնոլոգիաների զարգացման համար, քանի որ մրցակցությունը սրվում է եւ ընկերությունները ձգտում են նոր սարքավորումների միջոցով բարձրացնել իրենց մրցունակությունը: «Սինոփսիս Հայաստան» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանն ավելացրեց, որ սարքավորումներ ներմուծելիս ԱԱՀ վճարումը 3 տարով հետաձգելու կառավարության որոշումը թերի է, եւ եթե այդ սարքավորումները ներդրվում են ընկերության կարիքների համար, ապա հարկ է ընդհանրապես ազատել ԱԱՀ վճարելուց:
Ամփոփելով քննարկումը, ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը կառավարության վերոնշյալ քայլերը որակեց որպես «համարձակ, հեղափոխական եւ լավատեսական»: Նա նշեց, որ դրանք ուղղված են տեղական արտադրության զարգացմանը եւ արտահանման ավելացմանը: Միաժամանակ, ՀԱԳՄ նախագահը կարեւորեց մենեջմենտի որակի բարձրացման անհրաժեշտությունը, որը հնարավորություն կտա մեր տնտեսությանը ճգնաժամից դուրս գալու ավելի ուժեղացած: Ըստ նրա, 15 տոկոս մաքսատուրքն այն ապրանքների ներմուծման համար, որոնք արտադրվում են կամ հնարավորություն կա արտադրելու տեղում, փրկություն չէ, այլ տեղական արտադրողներին պետության աջակցության նշան: Արտադրողները իրենք պետք է ձգտեն մրցունակ դառնալ: Արսեն Ղազարյանի կարծիքով, մաքսատուրքի սահմանումը դրական կազդի սննդարդյունաբերության, մեքենաշինության, պլաստիկ իրերի արտադրության վրա: