«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#30, 2009-02-21 | #31, 2009-02-24 | #32, 2009-02-25


ՀԱԿԱՍԱԿԱՆ ԿԱՐԾԻՔՆԵՐ «ԽՂՃԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ազգային ժողովի պատգամավորներ Ա. Աշոտյանի, Ն. Զոհրաբյանի, Վ. Դալլաքյանի, Հ. Բիշարյանի, Լ. Գալստյանի առաջարկով «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» 1991 թ. ընդունված օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու ներկայացված օրինագիծը հետաձգվեց առաջին ընթերցման քվեարկությունից: Պատգամավոր Ա. Աշոտյանը տեղեկացրեց, որ դեռ անհրաժեշտ է որոշ փաստաթղթեր ուսումնասիրել ու լրացումներ անելուց հետո նոր ներկայացնել քվեարկության:

Հենց այդ օրենքի շուրջը երեկ բանավիճում էին «Հայելի» ակումբի հյուրերը` Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի պետական եւ հասարակական կառույցների հետ հարաբերությունների գրասենյակի պատասխանատու Մեսրոպ աբեղա Պարսամյանը եւ «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնից Ստեփան Դանիելյանը : Վերջինիս կարծիքով` «ԱԺ-ում շրջանառվող օրենքի նախագիծը շատ վատն է, որի մեջ կան հակասահմանադրական դրույթներ, որոնք հակասում են միջազգային իրավունքին: Հեղինակները շատ անփույթ եւ ոչ պրոֆեսիոնալ աշխատանք են կատարել ու Հայաստանի իշխանություններին դրել են շատ անհարմար վիճակի մեջ, այդ թվում նաեւ Մայր աթոռին»:

Հայր սուրբը հակադրվելով հնչեցրած կարծիքին նշեց, որ «Հայ առաքելական եկեղեցին անվերապահորեն չի ընդունել օրենքի նախագիծը, մենք էլ ենք ունեցել առաջարկներ, դիտողություններ, որոնք ներկայացրել ենք Ազգային ժողովին ու մշտական քննարկումների մեջ ենք իրենց հետ: Համաձայն չեմ այն արտահայտությանը, որ հակասահմանադրական դրույթներ կան նախագծում: Օրենքին բավական մանրակրկիտ ծանոթացել եմ ու հստակ կարող եմ ասել` պրն Դանիելյան, ձեր տեսակետները հիմնավորված չեն»: Հիմնականում անդրադառնալով հոգեորսության խնդրին` «ՀՀ քրեական օրենսգրքի 162 հոդվածի 2 կետով առաջարկվում է` հոգեորսությամբ զբաղվելը պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով` առավելագույնը մեկ տարի ժամկետով: Հայր սուրբը օրինակներ բերեց Հունաստանի սահմանադրությունից, որտեղ նշված է, որ արգելվում է պրոզելիթիզմը, ու նշեց, որ եվրոպական դատարանում կա երկու քննված գործ` Կոկինասի եւ Լարիսիսի դեպքերը: Առաջինը Եհովայի վկա էր, մյուսը` հոգեգալստական, որոնց դատապարտեցին 5 տարի ազատազրկման, հիմք ընդունելով Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հրապարակած փաստաթուղթը: Հենց այդ փաստաթղթից էլ օգտվել են պատգամավորները, հոգեորսության, քարոզչության, կրոնական ազատության դրույթները ներառելով առաջարկվող օրենքի փոփոխությունների նախագծում:

Բանավեճը բուռն քննարկումներ ու կարծիքների բախման փոխվեց, որին ակտիվ մասնակցեցին նաեւ լրագրողները: Պրն Դանիելյանը նշում էր, որ «օրենքով եկեղեցին ստանձնում է պետական ֆունկցիաներ` դառնալով պետական եկեղեցի, որ շատ վտանգավոր է»: Հայր սուրբը հակադրվեց. «Մեր իրականության մեջ բնավ չկան կրոնապետության երեւույթներ եւ առիթ էլ չկա: Եկեղեցու առաքելությունը պետության գործերին խառնվելը չէ, այլ Քրիստոսի արքայության քարոզչությունն է: Իսկ պետության հետ համագործակցաբար գործելը` իբրեւ խիղճը պետության, ժողովրդի բարոյական արժեքների ձեւավորման համար է»: Առաջարկվող օրենսդրական փոփոխությունը միայն օգուտ կբերի հոգեորսներից ազատվելու, երկրում կրոնական դաշտը կարգավորելու, որ ազգի պառակտումը իրականություն չդառնա, ինչպես եղել է առաջներում: Հուսանք, որ օրենքը ընդունելուց հետո այլեւս մեր դռները չեն թակի կամ փողոցում իրենց քարոզը չեն անի այլակրոնները ու հոգեորսները:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4