«Արարատ» մշակութային ալիքը եթերում հայտնվեց նախորդ տարվա սեպտեմբերի 21-ին: Հեռուստատեսության շնորհանդեսին թե՛ վարչապետ Տիգրան Սարգսյանը, թե՛ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը վստահեցրին ու հույս հայտնեցին, որ «Արարատը» կդառնա մշակութային լավագույն հեռուստաալիքը, որտեղ ոչ միայն կլուսաբանվի հանրապետության մշակութային կյանքը, այլեւ կհնչեն պրոֆեսիոնալ մեկնաբանություններ, քննադատություններ, դիտարկումներ: Ցավոք, խոստումները մնացին օդից կախված, «Արարատը» վերածվեց հեռուստաալիքի, որտեղ մշակութային կյանքը լուսաբանվում էր մակերեսորեն ու թերի: Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը խոստովանում է, որ «Արարատը» եթեր է հեռարձակվել ոչ այնքան լավ նախապատրաստված` որովհետեւ նախապատրաստական աշխատանքների համար տրամադրված ժամանակահատվածը կարճ էր:
Թեպետ ուշացումով, ՀՌԱԽ նախագահը որոշել է վերանայել հեռուստաընկերության խմբագրական կազմն ու տնօրեն է նշանակել Մերուժան Տեր-Գուլանյանին : Վերջինս փաստեց, որ վաղուց պետական աշխատանքի հետ կապված հույսեր չէր փայփայում ու այլ ծրագրեր, նպատակներ էր կազմել: Սակայն, իր խոսքերով, մշակութային հեռուստաալիք ստեղծելու առաջարկությունը շատ գայթակղիչ էր: «Այդ առաջարկությունը հոգիս տեղահան արեց: Հայտնվել եմ այս գործի մեջ: Շատ են հարց տալիս, թե ինչ փոփոխություններ են լինելու, սակայն ունեմ համոզմունք, որին երբեւէ չեմ դավաճանում: Հեռուստատեսության մասին ոչ թե պետք է խոսել, այլ ցուցադրել: Իսկ դրա համար ժամանակ է հարկավոր», նկատեց Մերուժան Տեր-Գուլանյանը: Դեռեւս հայտնի չէ, թե «Արարատը» նոր դեմքով, գույնով, երաժշտությամբ ու անգամ լոգոյով երբ կներկայանա հանրությանը` սեպտեմբերի 1-ին, թե՞ 21-ին: Մինչ այդ եթերում սպասվում են լուրջ բարեփոխումներ: Ալեքսան Հարությունյանը նշեց, որ «Արարատ»-ում դեռեւս աշխատակազմ չի ստեղծվել: Մերուժան Տեր-Գուլանյանն էլ փաստեց, որ նույնիսկ գործավարուհի չունի: Ինչ վերաբերում է վերջին մի քանի օրերին նախկին «Նոր ալիք», այսօրվա «Արարատ» հեռուստաընկերության մի շարք լրագրողների առանց պատճառաբանության աշխատանքից հեռացնելու խնդրին` Ալեքսան Հարությունյանը «Ազգ» -ին պատասխանեց, որ այդ լրագրողներն աշխատել են պայմանագրային հիմունքներով, ու ղեկավարությունը որոշել է պայմանագրերը չթարմացնել:
Մերուժան Տեր-Գուլանյանն էլ, անդրադառնալով սերիալների խնդրին, խոստովանեց, որ տանը ստեղծում է հնարավորություններ, որպեսզի սերիալներ չդիտեն: Սակայն դա չի նշանակում, թե «Արարատ» հեռուստաընկերությամբ սերիալներ չեն ցուցադրվելու: «Արարատն» էլ է սերիալներ նկարահանելու, բայց դրանք հիմնվելու են դասական եւ ժամանակակից գրականության հիմքի վրա: Ինչ վերաբերում է հեռուստաընկերությունները հեղեղած այդ տեղական «ջեբկիրային» սերիալներին` «սկզբունքորեն դեմ եմ դրանց գոյությանը: Այնտեղ կա միայն ապադաստիարակություն», ասաց Տեր-Գուլանյանը: Ալեքսան Հարությունյանն էլ ներկայացրեց համաշխարհային հեռուստաընկերությունների փորձը` նշելով, որ բոլոր հեռուստաընկերությունները սերիալներ նկարահանում են: Պարզապես խնդիրը որակի մեջ է: ՀՌԱՇ նախագահը համամիտ է, որ պետք է ստեղծվեն որոշակի չափորոշիչներ, որոնք էլ կմեկնաբանեն, թե տվյալ ֆիլմը, սերիալը, հաղորդումը որ ժամին պետք է ցուցադրել: Հանրային հեռուստաընկերությունն արդեն ավարտել է Նար-Դոսի «Սպանված աղավնի» վիպակի հենքի վրա համանուն սերիալի նկարահանման աշխատանքները: Շուտով կսկսվի Րաֆֆու «Խաչագողի հիշատակարան» վեպի էկրանավորումը: Որպես ձեռքբերում Ալեքսան Հարությունյանը մատնանշեց այն փաստը, որ Հ1-ն այլեւս չի ցուցադրում լատինամերիկյան էժանագին սերիալներ: Նաեւ դադարեցվել է մի շարք հայկական հեռուստասերիալների ցուցադրումը:
Հանրայինի այսօրվա ամենալուրջ մրցակիցները «Շանթ» ու «Արմենիա» հեռուստաընկերություններն են: Ալեքսան Հարությունյանը հավելեց, որ իրեն երջանիկ կհամարեր, երբ գար այն ժամանակ, որ իրեն հարցնեին, թե Հանրայինը ռուսական ո՞ր հեռուստաալիքին է մրցակից համարում: Հարությունյանը վստահեցրեց, որ այդ օրն էլ կգա, սակայն հանուն արդարության նշենք, որ այդ օրվա հեռանկարն անգամ մշուշոտ է: Ալեքսան Հարությունյանը նաեւ փաստեց, որ իրեն չեն պատրաստվում աշխատանքից հեռացնել, իշխանություններն էլ չեն պարտադրում հրաժարական ներկայացնել: Հարությունյանը հավելեց, որ այդպիսի խոսակցություններն ընթանում են միայն որոշ թերթերի մակարդակով: «Շատ հաճախ օդից են խոսում, եւ եթե օդից չխոսեին, ես 2004-ին պետք է գնայի Ֆրանսիա` դեսպան, 2005-ին պետք է դառնայի Երեւանի քաղաքապետ, 2006-ին ընդհանրապես պետք է հեռացնեին բոլոր պետական պաշտոններից: Նման խոսակցության համար որեւէ հիմք չկա», եզրափակեց Ալեքսան Հարությունյանը:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ