«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#30, 2009-02-21 | #31, 2009-02-24 | #32, 2009-02-25


ՍԻՄԵՈՆ ԵՐԵՎԱՆՑՈՒ «ՋԱՄԲՌ» ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸՙ ԱՆԳԼԵՐԵՆ

Փետրվարի 22-ին Միչըն Հիլզի (Կալիֆոռնիա) Արարատ-Էսքիճյան թանգարանի դահլիճում տեղի է ունեցել դասախոսություն եւ գրքի շնորհանդես, տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը: Դոկտ. Ջորջ Բուռնությանը ներկայացրել է իր նոր գիրքըՙ եկեղեցական-քաղաքական գործիչ, պատմագիր եւ մանկավարժ Սիմեոն Ա. Երեւանցու «Ջամբռ» (1873) աշխատության անգլերեն թարգմանությունը: Դասախոսություն-շնորհանդեսը միասնաբար կազմակերպել են Հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային «ՆԱԱՍՐ» ասոցիացիան եւ վերոնշյալ թանգարանի ղեկավարությունը:

Արխիվային հարուստ նյութերի հիման վրա 25 գլխից բաղկացած (Բուռնությանի թարգմանությամբ մոտ 500 էջ) աշխատությունըՙ գրված 18-րդ դարում, պատմում է Հայաստանի տնտեսական կյանքի, հողային հարաբերությունների, Հայոց եկեղեցու պատմության, կաթողիկոսների գահակալման տարիների, հակաթոռ կաթողիկոսությունների եւ պատրիարքությունների անջատողական գործունեության հասցրած վնասի մասին: Գիրքը, որը 1958-ին ռուսերեն է հրատարակվել Ս. Մալխասյանի թարգմանությամբ, հայ պատմագրության աչքի ընկնող հուշարձան է: Բուռնությանի թարգմանությունը, ըստ լրատվության, պարունակում է ընդարձակ ծանոթագրություններ, որոնք արժեքավոր են օտար ընթերցողների համար: Առավել մանրամասնությունները կարելի է գտնել «hq@naasr.org» կամ «aem@ararat-eskijian-museum.com» կայքերում:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4