«2001 թվի սեպտեմբերի 11-ին իրադարձություններից հետո մարդիկ տարբեր ձեւով էին վերաբերում ինձ, երբ իմանում էին, որ Սիրիայից եմ: Անմիջապես պիտակավորում էին, եւ դա սարսափելի էր: Մտածեցի, որ փոխանակ տարբերություններ նկատելու իրար մեջ, մենք պարզապես կարող էինք ընդհանրություններ բացահայտել եւ այդ հարցում ինձ մեծապես օգնեց մ. թ. ա. 3-րդ հազարամյակում ստեղծված ասորա-բաբելոնական «Գիլգամեշ» դյուցազնավեպը, որտեղ մեկ երրորդով մարդ, երկու երրորդով աստված-հերոսը եղբայրանալով վայրենի Էնկիդուի հետ ձգտում է թեթեւացնել մարդկանց տառապանքները եւ վերացնել չարությունն ու ատելությունը», նշել է սիրիացի կլարինետ նվագող Քինան Ազմեն:
Ազմեն սիրիահայ նկարիչ Գեւորգ Մուրադի ընկերակցությամբ հունվարի 23-ին եւ 24-ին Միչիգանի համալսարանի կենսաբանական գիտությունների ուսումնասիրությունների կենտրոնում ներկայացրել են «Գիլգամեշի» իրենց տարբերակը, հովանավորությամբ համալսարանի երաժշտական ընկերակցության:
«Դրանում շատ այլաբանություններ կան, որոնցով մենք փորձեցինք ամերիկացիների համար բացահայտել իսկական Իրաքը, որը նրանց համար սոսկ ռազմական թատերաբեմ է, մինչդեռ իրականում հարուստ անցյալ ու անգնահատելի մշակույթ ունեցող երկիր է», բացատրել են նրանք լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ:
Ազմեն ծնվել է եւ մեծացել Սիրիայում, բայց մագիստրոսի աստիճան է ստացել Նյու Յորքի «Ջուիլյարդ» երաժշտական հաստատությունում: Մինչ նա նվագախմբի ընկերակցությամբ կլարինետ է նվագում ներկայացման մեջ, Գեւորգ Մուրադը դյուցազներգության թեմաներով նկարում է պաստառների վրա:
Հանդիսատեսը բարձր է գնահատել երիտասարդ արվեստագետների ջանքերը, նշում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» թերթը:
Հ. Ծ.